Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերհիշում է այդ սարսափելի օրն ու ներկայացնում իր դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ:
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին հայտարարում էր, որ գործն անպայման բացահայտվելու է, որ դա անգամ գյուղական «ուչաստկովին» ի զորու կլինի անել, սակայն մինչ օրս էլ չկա այդ հանցագործության ամբողջական պատկերը, եւ հանրությունը շարունակում է վստահ լինել, որ հանցագործության բուն կատարողներից զատ՝ կան կազմակերպիչներ, որոնց այդպես էլ ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի «ուչաստկովիները» չբացահայտեցին։ Ըստ Ձեզ՝ որն է պատճառը։
– Ես հույս չունեմ, գուցե ինչ-որ իրադարձություններից հետո, գուցե պատահական, գուցե մի օր բացահայտվի, բայց ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ սա շատ նրբորեն, խորամանկորեն, հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված գործ էր: Ու ես հավատում եմ, որ այդ տականքներին էլ թվում է, թե իրենք են արել, իրենք չգիտեն, որ իրենց օգտագործել են, միշտ էլ գտնում են դժգոհ տարրերի, այդպիսի տականքների, որոնք միջնորդված ձեւով անում են ու իրենք էլ չգիտեն, թե ովքեր են դա արել, բայց քանի որ այս ամենը, այնուամենայնիվ, կարծիք է, տարբերակ է, ես չեմ կարող պնդել։ Դա իմ կարծիքն է, ես իմի եմ բերում անցած ուղին, իմի եմ բերում այն, որ նրանով շատ ավելի շուտ էին հետաքրքրվում, մինչեւ դա։ 1996 թվականից առաջ էլ ուշադրության կենտրոնում է եղել։ Ես առաջ համոզմունք ունեի, որ միայն Արեւմուտքի կողմից է, հիմա այնքան էլ համոզված չեմ։ Այդպիսի լուրջ բանը, սակայն, կասկածներով չեն ասում, ես ապացույցներ չունեմ, եթե ունենամ, որեւէ բանի առաջ չեմ կանգնի։ Բայց հիմա չունեմ։
– Ոճրագործության մեջ մեղադրվողների հարազատները, նրանք, ովքեր ինչ-որ տեղեկություն ունեն այդ հանցագործության մասին, առեղծվածային ձեւով մահանում են։ Իսկ բանտում իրենց ցմահ պատժաչափը կրող Հունանյան եղբայրներն էլ, ըստ տեղեկությունների, հոգեկան խնդիրներ ունեն։ Ձեզ համար հասկանալի՞ է այս իրավիճակը։
Կարդացեք նաև
– Ես մահացածների վերաբերյալ մանրամասնություններ չգիտեմ, ես չգիտեմ դրանք, բայց, իհարկե, պատահականորեն այդքան մարդ չէր կարող զոհվել։ Դա վկայությունն է այն բանի, որ մարդիկ են կանգնած հետեւներից, թույլերին վերացնում են… Ես չեմ կարող բան ասել, մի կողմից՝ դժվար իրենք կարողանային ինչ-որ ստույգ բաներ իմանալ, մյուս կողմից՝ չի բացառվում, որ քիչ-քիչ գլուխները վերացնում են։ Բայց չէ որ այդտեղ կարեւորը եղբայրներն են, այդ տականքները… բայց դա իրենք որպես հոգեկան հիվանդներ չեն արել։ Շատ վերսիաներ են եղել, թե թմրամոլ են եղել, որը շատ շուտ բացահայտվեց, որ այդպես չէր, նշվում էր, թե պատահականություն էր, որը եւս հերքվեց, որեւէ պատահականություն չկար։ Ինձ ասում էին՝ դու մի՛ մտածի, Կարենին չեն խփի… սիրված էր բոլորի կողմից, ես ասում էի՝ ոչ, եթե եկել են Ազգային ժողով, նրա հետեւից են եկել, կարող էին այդ ամենն ուրիշ ձեւով անել, ես համոզված եմ, որ թիրախը Կարեն Դեմիրճյանն է եղել։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում