Ոճրագործության կատարման առաջին մեկ-երկու տարիներին կար հոկտեմբերի 27-ի բացահայտման հանրային պահանջ, բոլորիս հետաքրքիր էր «ուչաստկովիի մակարդակի» այս գործի ճակատագիրը։ Տարիների ընթացքում այդ պահանջը մաշվեց։ Եթե կուզեք, Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումն այսօր իջեցված է անձնական վշտի մակարդակի՝ զոհերի հարազատներից բացի՝ որեւէ մեկի համար գործի բացահայտումն արդեն հետաքրքիր էլ չէ։ Հակառակ դեպքում գործի բացահայտման պահանջով բողոքի ակցիաներ կլինեին, առհասարակ, բացահայտման պահանջը օդում կլիներ։ Չկա՛։ Չկա անգամ Մարտի 1-ի հանցագործության բացահայտման հասարակական պահանջ։
Ժամանակ առ ժամանակ, հանրահավաքներին, հավաքվածների վրա տպավորություն թողնելու համար, քաղաքական այս կամ այն ուժն ակնարկում է, թե գիտի՝ ովքեր են կանգնած հանցագործության թիկունքին, ովքեր են իրական կազմակերպիչները։ Սակայն անգամ այդ ռեբուսով որեւէ մեկին չես հրապուրի։
Եթե այսօր սոցիոլոգիական հարցում անցկացվի՝ պայմանով, որ հարցվողների տվյալները գաղտնի մնան, հարցվածների զգալի մասը կարդարացնի ոճրագործներին։ Եվ դա ունի իր բացատրությունները։ ՀՀ շարքային քաղաքացիները նաիրի հունանյաններից անձնական սպառնալիք չեն զգում։ Եթե քաղաքացիների առողջությանն ու անվտանգությանն ինչ-որ մեկը սպառնում էլ է, ապա ամենեւին ոչ Նաիրի Հունանյանը։ Շատերն իրենք էլ օրական մի քանի անգամ իրենց մտքում գնդակահարում են գործող իշխանություններին՝ միասին ու առանձին-առանձին։ Դաժա՞ն է հնչում։ Չեմ առարկում, սակայն սա իրականություն է, որը փորձում ենք համառորեն չնկատել կամ կեղծ ապրումներով ու պաթոսով քողարկել այն, ինչ իրականում մտածում ենք։ Որքան էլ 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը սահմռկեցուցիչ է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների սպանություն ուղիղ եթերում, ստուգողական կրակոցներ, ավտոմատի խզակոթով արդեն սպանված վարչապետին հարվածելը, վերջին հայհոյանքները, այդուհանդերձ, մինչ օրս չափազանց ակտուալ են հնչում նաեւ Նաիրի Հունանյանի եւ նրա խմբի անդամների հարցադրումները՝ «Արա՜, էս ի՞նչ օրն եք գցել ժողովրդին», «Խմեցիք ժողովրդի արյունը», «Էս ի՞նչ եք անում ժողովրդի հետ, արա՛»…
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում