Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հիմնական նպատակը առաջիկա հանրաքվեի գործընթացի հետ կապված հնարավորինս բացասական ֆոն ստեղծելն է. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 27,2015 10:55

Առհասարակ սահմանադրության փոփոխությունների դեմ «Նոր Հայաստան» անվանումով հանդես եկող «ռեբրենդինգ» արված «Ժառանգություն»-«Հիմնադիր խորհրդարան»-Անդրիաս Ղուկասյան միավորումը, որտեղ հիմնական դերակատարը Ժիրայր Սեֆիլյանն է, կարծես որոշել է գնալ ժամանակին ՀԱԿ-ի տրորած արահետներով՝ գործածելով որոշակի հին տրյուկներ:

Դրանց շարքում առաջինը օրակարգային խնդրի նենգափոխման հնարքն է: Օրակարգում դրված է սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեի հարցը: Բնականաբար կան փոփոխությունների կողմնակիցներ եւ հակառակորդներ:

Եվ ի՞նչ են անում, օրինակ, հակառակորդներից «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները: Լիովին մի կողմ են դնում բուն հարցը, այն է՝ փոփոխությունների նախագիծը, եւ ամենը ներկայացնում այնպես, թե դեկտեմբերի 6-ին ոչ թե հանրաքվե է լինելու, այլ իշխանությունը փոխելու իրենց փորձը: Ի դեպ, հերթականը՝ նախորդ ձախողակ, արկածախնդրական տարրերով աչքի ընկած փորձերի շարքում:

Ի լրումն, Ժիրայր Սեֆիլյանն անում է հայտարարություններ՝ հանրաքվեի նախաշեմին մի քանի օր անդադար հավաքներ անելու, պոռթկման ու այդ կարգի բաների մասին: Ակնարկներն այնքան թափանցիկ են, որ դժվար չէ կռահել, թե հատկապես ինչ պոռթկման ու դրսեւորումների մասին է:

Այո, բայց երբ դիմացի կողմից ոչ պակաս թափանցիկ ակնարկներ են արվում առ այն, թե նման դրսեւորումների դեպքում իրավապահ մարմիններն էլ իրենց գործն են անելու, հաջորդում է մի այնպիսի՜ բաժակային «փոթորկում», որ՝ էլ չասած:

Մասնավորապես «Նոր Հայաստանը» մի սրտաճմլիկ նամակ է գրում ու հարայ-հրոցով տանում մեր երկրում հավատարմագրված խոշոր տերությունների դեսպանատներ, թե՝ «ամա՜ն, հասեք, իշխանությունները որ էսպես արձագանքեցին, մեզ էլի ճնշելու են…» ու նման բաներ: Սա, փաստորեն, որոշակի առաջընթաց է՝ ամերիկյան եւ այլ դեսպանատներ վազողների եւ օտարերկրյա դեսպանների գրկում լացողների համար, քանզի արդեն փաստացի տեղի չունեցածի վրա են աղմկում, ավանսով:

Ու դա է՛լ ավելի է խորացնում այն տպավորությունը, որ այս մարդկանց հիմնական նպատակն ամենեւին էլ սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը կանխելը չէ, ոչ էլ իշխանափոխությունն է հիմնական նպատակը (իրատեսորեն, նրանք չեն տիրապետում նման ռեսուրսների, ծանրակշիռ ուժ եւ աջակցություն չեն վայելում): Նրանց հիմնական նպատակը կամ, եթե կուզեք՝ առաքելությունը առաջիկա հանրաքվեի գործընթացի հետ կապված հնարավորինս բացասական ֆոն ստեղծելն է:

Մյուս զուգահեռ խնդիրը, ինչպես դժվար չէ ենթադրել, թեկուզ մի քանի հոգով, թեկուզ փոքր խմբերով ինչ-ինչ անախորժություններ հրահրելն է, այդ թվում՝ իրավապահների հետ բախվելը: Համենայն դեպս այդ ամենի մեջ ներգրավված անձանց նախորդ դրսեւորումները թույլ են տալիս նման ենթադրություններ անել:

Կրկնում ենք, հարցն այն չէ, որ այս կամ այն կուսակցությունը «կողմ» է ներկայացված նախագծին, իսկ, ասենք, մի քանի կուսակցություն էլ «դեմ» է: Հարցն այն է, որ որոշակի շրջանակներ հանրաքվեի գործընթացի զուտ առիթը ամեն կերպ փորձում են ծառայեցնել իրենց ինչ-ինչ նեղ խնդիրների լուծմանը: Այլապես նրանք ուղղակի իրենց մոտեցումների, հիմնավորումների վրա շեշտը կդնեին հրապարակային ելույթներում:

Մինչդեռ, օրինակ, «Նոր Հայաստանը» երեկ հայտարարություն է տարածում, որի ամբողջ ասելիքը հիմնված է ՀՀԿ նախընտրական շտաբի կազմի «վերլուծության» վրա: «Վերլուծություն» ասվածն էլ իրենից ներկայացնում է էժանագին-«սենսացիոն» հորինվածքներով աչքի ընկնող անմակարդակ որեւէ կայքի խառնակչական շարադրանք: Թեպետ այլ բան դժվար էլ էր սպասել:

Մ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031