Չեմ ուզում երկար գրել «հոկտեմբերի 27-ի» մասին: Տարին մեկ անգամ դրա մասին խոսելը դարձել է ավանդույթ՝ «ապրիլի 24-ի» կամ «մարտի 1-ի» նման: Բոլոր անպատասխան հարցադրումները հայտնի են՝ դրանք 16-րդ անգամ հնչեցնելը որեւէ նոր տեղեկատվություն չի ավելացնում: Այսօր, իհարկե, կայքերը կհրապարակեն նյութեր, որոնց վերնագիրը լինելու է մոտավորապես այսպես՝ «նոր, սենսացիոն բացահայտումներ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ»: Գուցե կգտնվեն միամիտներ, որոնք նման վերնագրի տակ զետեղված նյութը կբացեն: Ինչ արած, որքան էլ ցինիկ հնչի, «հոկտեմբերի 27-ը» «բրենդ է» (թվարկած մյուս երկուսի նման), ողբերգական, արյունալի, բայց՝ «բրենդ», որի վրա հնարավոր է մի քանի հատ «քլիք» աշխատել:
Միակ բանը, որի մասին կարելի խոսել հստակ եւ առանց կասկածելու, հետեւյալն է. ո՞վ է շահել այս, տվյալ դեպքում՝ ողբերգական իրադարձություններից: Կարծում եմ՝ երեք դեպքում էլ դժվար չէ պատասխանել այդ հարցերին: Իհարկե, շատ ցանկալի է տիրապետել երեւույթի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության, բայց եթե դա (հուսանք՝ առայժմ) հնարավոր չէ, կարելի է դատել ըստ արդյունքների: Օրինակ՝ կոնկրետ «հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ երբեմն ասվում էր, որ այն ժամանակվա զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը շատ մոտ էր գործի կազմակերպիչների բացահայտմանը, բայց Ռոբերտ Քոչարյանը նրան խանգարեց: Նախ՝ եթե նրանց մեջ նման խորը հակասություններ կային, ապա ինչո՞ւ որոշ ժամանակ անց Ջհանգիրյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ: Բայց եթե նույնիսկ այդ վարկածը ճիշտ է, միեւնույն է՝ կյանքում, ինչպես սպորտում, «քիչ էր մնում»-ը հաշիվ չի՝ դու կամ խփում ես գոլը, կամ չես խփում: Հետադարձ հայացքը եւ մտատանջությունները՝ «եթե այդպես լիներ, ապա այսպես կլիներ», ունեն զուտ տեսական նշանակություն:
Մնացած բաների մասին նույնպես պետք է դատել ըստ արդյունքների: Տիգրան Սարգսյանը, շատ հնարավոր է, նշանավոր տնտեսագետ է, փայլուն ինտելեկտուալ եւ այլն, բայց նրա վարչապետության ժամանակ տնտեսական ցուցանիշները, պաշտոնական տվյալներով, սահում էին դեպի ներքեւ: Վերջին մեկ տարում, նույն տվյալներով, կայունացման որոշակի նշաններ կան: (Կարելի է, իհարկե, չհավատալ Վիճվարչության տվյալներին, բայց այդ դեպքում պետք է մերժել բոլոր տվյալները, ոչ թե վատին հավատալ, իսկ լավին չհավատալ):
Նույնը՝ ընդդիմության գործունեությունը: Հիմա ընդդիմադիրների մի մասն ասում է, որ չարժե ռեսուրսներ ծախսել սահմանադրական հանրաքվեի վրա, որովհետեւ դա իշխանության քաղաքական օրակարգն է: Մյուսն մասն ասում է, որ այդպես մտածողները Բաղրամյան-26-ի գործակալներ են: Ո՞վ է ճիշտ՝ այդ հարցը լուծվում է շատ հեշտ. եթե «ճակատներ» կազմողներին հաջողվի տապալել սահմանադրական հանրաքվեն, եւ եթե դրանից հետո իշխանությունը չի վերարտադրվի, ուրեմն նրանք ճիշտ էին: Եթե չհաջողվի, ուրեմն սխալ էին:
Կարդացեք նաև
Կամ՝ եթե «Ժառանգությանը», «Հիմնադիր խորհրդարանին» եւ Հմայակ Հովհաննիսյանին հաջողվի ազգը փրկել եւ Նոր Հայաստան կերտել, նրանք բոլոր կասկածողներին ամոթով կթողնեն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ