«Մոսկվա» կինոթատրոնում այսօր հանդիսատեսին ներկայացվեց ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի և New arena production-ի «Սև ապրիլ» նախագիծը, որը ներառում է երկու տեսահոլովակ՝ «Remember»-ը և «Կանք ու կլինենք»-ը: Երաժշտության հեղինակ Արա Գևորգյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ երգի խոսքերի հեղինակը Լևոն Բլբուլյանն է, իսկ անգլերեն տարբերակինը՝ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը վերջերս ՀՀ քաղաքացիություն է ստացել:
«Երգը հավանության արժանացավ իմ ամենասիրելի մաեստրոյի՝ Հովհաննես Չեքիջյանի կողմից, եւ սկսեցինք ձայնագրման աշխատանքները՝ Ազգային ակադեմիական երգչախմբի եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ձայնագրելուց հետո իմացա, որ «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել տարբեր երկրների երգչախմբեր, որոնք էլ իրենց հերթին ձայնագրեցին երգը»,-լրագրողների հետ զրույցում պատմեց Արա Գեւորգյանը:
Նկարահանման աշխատանքներին Ծիծեռնակաբերդում 700 մարդ է մասնակցել. 500-ից ավելի մարդ պատկերել է հայոց պատմության ամենացավոտ թվականը` 1915-ը: «Մշակութային լեզուն այն հզոր միջոցն է, որով այլ ժողովուրդներին կարող ենք պատմել Հայոց ցեղասպանության մասին եւ դատապարտել պատմական սխալը: Հուսով եմ, որ օրերից մի օր Թուրքիան իմաստության կգա եւ կընդունի մեղքը»,-ասաց Գեւորգյանը:
Կարդացեք նաև
«Առաջին անգամ, որ լսեցի, շատ դուրս եկավ, շատ շնորհքով տղա է Արա Գեւորգյանը: Չի գտնվի մեկը, որը չհավանի այս երաժշտությունը, շատ հաջողված գործ է»,-նշեց արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:
Հավելենք, որ գրեթե մեկ տարի ընթացող «Սև ապրիլ» նախագիծը շարունակական է:
Մանրամասները տեսանյութում`
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ