Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրվականների հանրաքվե են անցկացնելու, ինչպես 2005-ին Ռոբերտ Քոչարյանը»

Հոկտեմբեր 26,2015 21:15

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը լուրջ սպասելիքներ ունի ընդդեմ սահմանադրական փոփոխությունների ձեւավորված «ոչ-ի» ճակատից:

Նա համոզված է, որ քաղաքացիների հետ լուրջ աշխատանք տանելուց հետո մեծ շանսեր կան հանրաքվեն տապալելու:

«Մենք չենք մտնում բովանդակային քննարկման մեջ, որովհետեւ կրկնում եմ՝ նոր սահմանադրության ընդունման հանրային պահանջը չկա, այս իշխանությունը այն իշխանությունը չէ, որ փորձի նոր օրենք կամ հիմնական օրենք ընդունելու առաջարկ անել: Եթե ժողովրդավարության հիմքերը ընտրական համակարգն ու մարդու իրավունքներն են, ապա մեզ մոտ ընտրական համակարգը բացարձակ գոյություն չունի, իսկ մարդու իրավունքները ինչպես բոլոր ոլորտներում ստի ու կեղծիքի վրա է, հետեւաբար սահմանադրական փոփոխություններին այո ասելը նշանակում է կամ գտնվել գործող վարչախմբի ազդեցության տակ կամ անգիտակցաբար գնալ ու այո քվեարկել»,- կարծում է Պետրոս Մակեյանը:

Ըստ նրա, հասարակությունը բավարար իրազեկված չէ նոր Սահմանադրության մասին ու չի էլ իրազեկվի, բայց նա վստահ է, որ քաղաքացիները «այո-ի» ճակատի քարոզչությամբ չեն տարվի. «Եթե իշխող վարչախումբն այսօր հասարակությանը ավետարանչական ճշմարտություն էլ մատուցի, մեր հասարակությունն այլեւս չի ընդունի:

Ինչպես 2005-ին Ռոբերտ Քոչարյանը ուրվականների հանրաքվե անցկացրեց ու ընդունեց, այսպես կոչված, սահմանադրական փոփոխությունը՝ գործող Սահմանադրությունը, հիմա էլ սրանք նույն սցենարով այդ նույն գործընթացը պետք է կրկնեն:

Հակառակ դեպքում որեւէ տոկոսի, նույնիսկ 0,1 տոկոսի հնարավորություն չունեն նորմալ քվեարկությամբ հանրաքվե անցկացնել եւ այնպես անել, որ իրենց նախագիծն արժանանա ժողովրդի հավանությանը»:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների պնդումներին, թե սահմանադրական փոփոխությունների նախագծում հաշվի են առել ընդդիմության առաջարկությունները, դիտարկումները, պարոն Մակեյանը շարունակեց. «Այդ ընդդիմություն ասվածը ՀՅԴ-ն է՞, ԲՀ՞Կ-ն, ովքեր են այդ ընդդիմությունը: ԱԺ-ում ընդդիմություն է միայն «Ժառանգությունը», այն էլ իշխանությունը «Ժառանգությանն» էլ պառակտեց, միայն մի Զարուհի Փոստանջյան է մնացել եւ ՀԱԿ-ի մի հատվածը, մնացած բոլորը իշխանության սպասարկողներն են: Այնպես որ, եթե որոշ առաջարկությունների հիման վրա էլ փոփոխություններ են արել, ապա որեւէ որակական փոփոխություն այդ ուղղությամբ չի լինի: Թատերական ներկայացում է, իմիտացիա, որ ցույց տան Վենետիկյան հանձնաժողովներին, թե առաջարկություններ կան, ընդունվում են, կոնսենսուս կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031