Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրահայոց թեմի առաջնորդ. «Պետք չէ անցյալի փառքի տակ կորացած մնալ». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2015 20:57

Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հույս ունի, որ հայկական եկեղեցիների վերադարձի հարցը մի օր կլուծվի

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց  թեմի  առաջնորդ  գերաշնորհ  տեր  Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը առանձնակի  հպարտությամբ է խոսում առաջնորդանիստ սուրբ Գեւորգ եկեղեցու մասին, շեշտում է, որ  առաջնորդարանը գտնվում է հին Թիֆլիսի սրտի վրա, որտեղ Վախթանգ Գորգասալը  կառուցեց քաղաքը: Ինչ վերաբերում է Վիրահայոց թեմին, սրբազանի խոսքով, այն համարել Հայաստանից դուրս գտնվող ամենահին թեմն է, որը Դավիթ Շինարարի ժամանակ ստացել է ինքնուրույն կարգավիճակ: Ժամանակներ են եղել, որ Նորաշեն եկեղեցին ենթարկվել է մեր Հաղպատի վանքին, Հաղպատի վանքի վանահայրը Թբիլիսիի մի քանի վանքի առաջնորդ է եղել: Վրաստանի և Իմերեթիայի թեմը նոր շունչ է ստացել հատկապես Ներսես Աշտարակեցու ժամանակահատվածում, որը հայտնի է Ներսիսյան Վարժարանի հիմնադրմամբ: «Եթե նայենք անցյալի փառքին,  պետք է այդ փառքի հզորության տակ կորացած մնանք, մինչդեռ մենք կողմ ենք նայելու դեպի ապագա»,-ասում է Վիրահայոց թեմի առաջնորդը: Նա ընդգծում է, որ Վիրահայոց թեմը  կամուրջ է եղել Սուրբ Էջմիածնի եւ Վրաց պատրիարքարանի միջեւ, այսօր էլ այդ գործառույթը շարունակվում է:

Նշենք, որ Վիրահայոց թեմի կազմում են Թբիլիսիի, Ջավախքի, Աջարիայի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գտնվող համայնքները, գործող եւ չգործող եկեղեցիները: Վիրահայոց թեմը շարունակում է պահանջել վերադարձնել խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված Թբիլիսիի Սուրբ Նորաշեն Աստվածածին, Սուրբ Նշան, Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Երևանցոց Սուրբ Մինաս, Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցիները, Ախալցիխեի Սուրբ Նշան եկեղեցին։ Վրաց իշխանությունները դեռևս չեն ընդառաջել այդ պահանջին, թերևս Թբիլիսիի Սուրբ Նորաշեն Աստվածածին եկեղեցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Gohar_1 Gohar_2 image_1

Վազգեն եպիսկոպոսը նշում է, որ իրենք աշխատում են Վրաստանի իշխանությունների հետ, 20 եկեղեցու ամբողջական փաթեթ` պատմությամբ, արխիվային նյութերով, քարտեզով, հին ու նոր լուսանկարներով ներկայացրել են ու սպասում են քննարկմանը եւ լուծում տալուն: Նա փաստում է. «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն երկու տարի առաջ  որոշում կայացրեց Վրաստանի գծով եւ հորդոր ուղղեց, ասելով, որ վերադարձրեք խորհրդային ժամանակաշրջանում առգրավված կրոնական հաստատությունները, իսկ եթե չեք կարող, ապա գումարով փոխհատուցեք: Եվ Վրաստանի իշխանությունները 2014թ-ից սկսած  4 կրոնական համայնքների սկսել են մասնակի փոխհատուցում տալ: Օրինակ 2015-ին այդ թիվը  600 000 լարի է կազմում՝ մուսուլմանական, կաթոլիկ, հրեական համայնքների եւ Հայ առաքելական եկեղեցու համար»:

Վիրահայոց թեմի առաջնորդի ձեւակերպմամբ, 13-րդ դարի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնումը բացառիկ նշանակություն ունի. «Այս տաճարում ձեզ հայտնի բոլոր  հայ մշակույթի գործիչները աղոթել են: Ցավոք եկեղեցին ճաքեր ուներ, անհասկանալի սվաղված էր, որմնանկարները վատ վիճակում էին, մնացել էին գաջի ու ներկերի տակ, հիմա վերանորոգված սուրբ Գեւորգը մի նոր հոգեւոր խթան կլինի թբիլիսահայության ու ողջ Վրաստանի հայության համար: Այն Թբիլիսիի ճարտարապետության մի գեղեցիկ մասնիկն է: Այս տաճարը իր նշանակությամբ եւ որմնանկարներով համարում ենք համահայկական: Նման որմնանկարներով տաճար Հայաստանում ու Հայաստանից դուրս գրեթե չունենք»: Սրբազանը պատահական չի համարվում, որ տաճարի վերականգնումը հայ-վրացական ձեռնարկ է: Ասում է՝ այդ նախաձեռնությամբ ապացուցվեց, որ հարցն ավելի վեր է, քան  ազգային կամ կրոնական պատկանելությունը:

Նա, այնուամենայնիվ, հույս ունի, որ Վրաստանում փաստացի գործող հայկական եկեղեցիների իրավաբանական կարգավիճակը կհստակվի, քանի որ նման միտում արդեն կա: Իսլամական համայնքին արդեն 70 մզկիթ է վերադարձվել է, 240 մզկիթ էլ պիտի վերադարձնեն, 10 սինագոգ՝ հրեական համայնքին: Մյուս կրոնական համայնքները՝ Հայ առաքելական եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին, գերմանական, մկրտական եկեղեցիները դեռեւս սպասում են իրենց հարցի լուծմանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031