Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է լավ իմանանք, որ Ռուսաստանը նոր զենք-զինամթերք չի վաճառում Ադրբեջանին».Կոմանդոս (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2015 20:10

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ- մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական ու ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարվածությանը, Ադրբեջանի դրսեւորած ագրեսիային, ասաց. «Ադրբեջանը ուրիշ ելք չունի, Ադրբեջանի ղեկավարությունը խոսում է տարածքներ ազատելու մասին, խաբում է իր ժողովրդին, լավ գիտի, որ այդ տարածքները չի կարող ազատել, պարզապես ցույց է տալիս, որ նպատակ ունի ազատելու: Միայն այդ գործողությունը կարող է անել, եւ այդ ամենն անում է հատուկ ջոկատով, որը որ պատրաստում են Թուրքիայում, բերում են այստեղ, փորձում են անցնել մեր սահմանները, իհարկե, մեր հասարակական զինվորները թույլ չեն տալիս, դիմադրում են: Մենք էլ հատուկ ջոկատներ պատրաստում ենք, բայց այդ գործողությունները չենք անում, իհարկե, եթե պետք է, անում ենք ու կանենք: Մեր հասարակական զինվորը լավ պաշտպանում է մեր սահմանները»:

Գեներալը նշում է, որ թշնամու սահմանները պաշտպանող զինվորները ոգեւորված չեն, չեն պաշտպանում իրենց երկիրը: Ըստ նրա, թեեւ ներկայացնում են, որ ադրբեջանցիները մոնոլիտ ազգ  են, բայց այդպես չէ, Ադրբեջանում 10 ազգերից ավելին են ապրում: Այդ ազգերը, ըստ Կոմանդոսի, տանջված են, չեն զգում, որ Ադրբեջանը իրենց պետությունն է, իրենց հողն է, այնտեղ  այս զինվորների նկատմամբ եւս որոշակի գործողություններ են կատարում ու նրանց փորձում են զգոն պահել, մեծ քանակությամբ զենք-զինամթերք ու հրահանգում են՝ կրակել: Ըստ Արկադի Տեր-Թադեւոսյանի, Ադրբեջանը ավելին չի էլ կարող անել:

Մեր այն հարցին, թե Հայաստանը ի վերջո ՀԱՊԿ անդամ է, արդյո՞ք Ռուսաստան այս հարցում անելիք չունի, մի բան էլ զենք է վաճառում Ադրբեջանին, Արկադի Տեր-Թադեւոսյանն ասաց, որ թուրքական ուղղաթիռների՝ Հայաստանի օդային սահմանը հատելու ժամանակ էլ ՀԱՊԿ անդամ երկրները պիտի հավաքվեին ու արձագանքեին, որը չարեցին: Իսկ ինչ մնում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, մեր զրուցակիցն ասում է.«Մենք պետք է լավ իմանանք, որ Ռուսաստանն այդքան էլ նոր զենք-զինամթերք չի վաճառում, հին է, կա այնտեղ նոր տեխնիկա, բայց դա ոնց որ թե կռվի տարին մեծ դեր չխաղաց: Ավելի մեծ քանակությամբ զենք-զինամթերք մենք ունենք, մեզ էլ են տալիս, մենք ուղղակի իրավունք չունենք դրա մասին խոսել, դա ռազմական գաղտնիք է»:

Գեներալն ասում է, որ ՆԱՏՕ-ի եւ հենց  Թուրքիայի ռազմական ոլորտի մասնագետների կարծիքով, Ադրբեջանը ոչինչ չի կարող անել Հայաստանի դեմ: «Եթե նրանք կարողանային մի լուրջ գործողություն անել, վաղուց կանեին: Ես մի քանի անգամ ասել եմ, Աստված չտա կռիվ չսկսվի, մենք մարդկային մեծ կորուստներ կունենաք, բայց  զենքի կեսը, կեսի կեսը Ադրբեջանի վրա խփենք, Ադրբեջանից  ոչ մի բան չի մնա: Այնտեղ ամբողջը նավթի վրա է, գործարանները, ամբողջ Ադրբեջանը կզրոյացնենք, բայց դա էլ չի լինի, ո՛չ իրենք կկրակեն մեր վրա, ո՛չ էլ մենք կկրակենք:

Նավթի 10 տոկոսն է իրենցը, մյուս տոկոսը Ամերիկայի, Անգլիայի ձեռքում է, իսկ այս երկրները իրավունք չեն տա, որ մերոնք կրակեն նավթի վրա, իսկ մենք կկրակենք այն դեպքում, երբ մեր վրա կրակեն: Այնտեղ շատ նուրբ հարցեր կան: Մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել կռվի ժամանակ, բայց մեզ այդ հաջողությունները պետք չեն այն պատճառով, որ  մենք կունենք կորուստներ, մեր ջահելությունը մեզ համար ավելի թանկ է, քան ասենք մի քիչ առաջ գնանք, տարածքներ վերցնենք: Բայց մարտական ոգին կա մեր ազատամարտիկների մեջ, որոնք ուզում են գործողություններ անել: Ինչո՞ւ եմ սա ասում. Ղարաբաղում, Մարտակերտում ազատամարտիկները հավաքվեցին, իրենք այնտեղ ծնվել են, շատ լավ գիտեն սահմանները,  մեր տարածքները, իրենց տարածքները, իրենք ուզում էին, որ իրենց թույլ տային, որ անցնեին այն կողմ, գործողություններ անեին: Ու տեսեք ինչ գործողություն՝ ոչ թե գնային այնտեղ զինվոր սպանեին, ասում էին, հասարակ զինվոր է, թուրք է, մեր թշնամին է, բայց հասարակ զինվոր է, ծնող ունի, գնային  զորամասեր ոչնչացնելու համար: Ասում էին՝ մեզ իրավունք չեն տալիս Հայաստանի պաշպանության նախարարությունից, խնդրում ենք մեր պաշտպանությանը նախարարությանը խնդրեք: Ես իրենց ասում եմ՝ պետական մարմիններ են, մենք մեր ջոկատները ունենք: Մեր դուխը տեղն է, երկրին ենք պահում, մեր ազգին ենք պահում, մենք չպիտի հանգստանանք, բայց ցավալի է, որ մենք ունենք կորուստներ, մեր զինվորները, մեր հաջողությունները, մեր ուժը մի քիչ հասարակության մեջ…Բայց թող վստահ լինեն, որ մեր վրա  ոչ մեկը չի կարող հարձակվել»:

Լուսանկարը՝  բլոգեր Արա Նախշքարյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031