Գեներալ Սարոյանը կասկածի տակ է դնում, որ Անդրեաս Ղուկասյանի տանեցիներն իրեն ձայն կտան, վերջինիս կինն էլ կասկածում է, որ գեներալի տանեցիներից բացի որեւէ մեկը իսկապես ձայն կտա նրան:
Այսօր Ազգային Ժողովում Aravot.am-ն ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին հարց են ուղղել, թե ի՞նչ կարծիք ունի «Ոտքի Հայաստան»-ի այն նախաձեռնության մասին, որ 4 օրով նստացույց է սկսում խորհրդարանի շենքի առջեւ եւ նամակով դիմել են պատգամավորներին, որպեսզի քննարկեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Սեյրան Սարոյանը զարմացած հարցրել է՝ «Էդ ո՞վ ա»:
Պարզաբանմանը, որ այդ նախաձեռնության անդամներից է նաեւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն որն, այն ժամանակ էլ հացադուլ էր անում, գեներալ-պատգամավորը ծիծաղելով պատասխանեց. «Հլը գնացեք էդ մարդուն հարցրեք, իրա տնեցիք իրան ձեն կտա՞ն, որ խալխի… հլա մի հատ հարցրեք, էլի»:
Aravot.am-ի հետ զրույցում Անդրեաս Ղուկասյանի տանեցիները, ավելի կոնկրետ Ղուկասյանի տիկինը՝ Անահիտ Թարխանյանն էլ ի պատասխան Սարոյանի խոսքերի, ասաց. «Նույն հարցը կուզենայի իրեն տալ, իսկ բացի իր ընտանիքի անդամներից, ովքե՞ր իրեն իսկապես ձայն կտան, եթե իսկապես արդար ընտրություններ լինեն: Այն, որ պարոն Ղուկասյանին իր տանեցիները, ընկերները, ծանոթներն ու շատ ավելի շատ մարդիկ ձայն են տվել, տալիս, ընդունում են, հավատում են, դա անխոս»:
Կարդացեք նաև
Ապա տիկին Թարխանյանը ճշտեց՝«Իսկ ո՞վ է այդ մարդը»:
Մեր այն պատասխանին՝ որ ԱԺ պատգամավոր է, գեներալ է, տիկին Թարխանյանն այսպես արձագանքեց՝ «Ես ինքս, պարզապես որպես անձնավորություն, կուզենայի գեներալի հետ հանդիպել անձամբ ու հարց տալ՝ բացի իր տանեցիներից, քանի՞ հոգի իրեն եւս կուզենար ձայն տալ»:
Հիշեցնենք, որ 2013 թվականին նախագահի ընտրությունների ժամանակ, թեկնածու Անդրեաս Ղուկասյանին, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ձայն է տվել 8329 ՀՀ քաղաքացի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ