Թուրքիայում հրապարակախոս, լրագրող եւ իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել: Պատճառը 2010 թվականին «Roj TV»-ին տված հարցազրույցն է: Նա մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու համար: Այս տեղեկությունը հաղորդել է Թուրքիայում լույս տեսնող «Ագօս» թերթը:
Անկարայի դատախազության կողմից 2010 թվականին սկսված հետաքննությունը դատախազ Ռամազան Դինչի կողմից վերափոխվել է նոր հետաքննության, որը ստացել է «Սահմանադրական կարգի դեմ հանցանքների հետաքննություն» անունը:
Անկարայի դատախազի պահանջով Ռագըփ Զարաքօլուն ցուցմունք է տվել Ստամբուլում: 9 այլ լրագրողներ նույն մեղադրանքով նույնպես ներգրավված են հետաքննությունում:
Այս առնչությամբ Զարաքօլուի հիմնադրած «Belge» հրատարակչությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե նախաքննության փաստաթղթերում հարցազրույցի վերաբերյալ տեղեկատվություն կամ ձայնագրություն չկա, բայց նա դեռ մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ:
Կարդացեք նաև
Հրատարակչությունը պնդում է, որ այս հին հետաքննությունը վերաբացվել է Երեւանում Հայոց ցեղասպանության շուրջ ապրիլի 22-23-ը միջազգային համաժողովում Ռագըփ Զարաքօլուի ունեցած ելույթից հետո:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ