Աղքատները չեն կարողանում 15 հազար դրամով դեկոդեր գնել
Հայաստանի բնակչությանն իրազեկվում է, որ հանրապետության ողջ տարածքում այժմ իրականացվում է հեռուստատեսային հաղորդումների թվային հեռարձակում՝ բարձր որակով: Հայտարարվել է, որ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար դեկոդերներ ձեռք կբերի եւ դրանք անվճար կարիքավորներ կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Տավուշի մարզի սոցիալապես անապահով ընտանիքները հազիվ են հոգում հանապազօրյա հացը, թվային հեռարձակմամբ հաղորդումներ դիտելու համար նոր հեռուստացույց գնելու կամ միջինը 15 հազար դրամ գնով դեկոդերներ գնելու փող չունեն:
2016 թվականից Հայաստանում անալոգային հեռարձակումը կդադարեցվի: Մինչեւ տարեմուտ 2 ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել, սակայն պետության կողմից հատկացվող դեկոդերների մասին տեղեկություն չկա: Տավուշի մարզի անապահով ընտանիքներից մեզ հայտնեցին, որ իրենք ցանկացել են անվճար դեկոդերների հատկացման ժամկետի մասին տեղեկություն ստանալ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցերի Տավուշի տարածքի բաժնից, սակայն այնտեղ անտեղյակ են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ