Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 16 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը: Սիսակյան 3, Նոր Արեշ 35 փողոց N127/1 և Արցախի փողոց 4 նրբանցքի N10/2 հանրակացարանային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ևս 100 ընտանիք դարձավ նոր ու հարմարավետ բնակարանների սեփականատեր: Երջանիկ տանտերերին հանձնելով նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում առկա տասնամյակների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային քաղաքականությունը:
«4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրը մշտապես եղել է Հանրապետության Նախագահի, ինչպես նաև քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում, և մենք, կառավարության հետ համատեղ, հատկապես վերջին տարիներին այս խնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր նախաձեռնեցինք: Այդ քայլերի արդյունքում դեռ 2013 թվականին լուծեցինք առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 207 ընտանիքների նոր բնակարաններով ապահովելու խնդիրը: Անցյալ տարի մենք սկսեցինք ևս 4 շենքերի կառուցումը, որոնցից Մարգարյան 45 հասցեի շենքում բոլորովին վերջերս շուրջ 100 բնակարաններ հանձնեցինք մեր բնակիչներին: Ահա այսօր էլ ևս շուրջ 100 բնակարան հատկացրեցինք մեր մյուս բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է բնակարաններով և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: 12 հարկանի այս շենքն ունի երկու մուտք, յուրաքանչյուր մուտքում՝ երկուական վերելակ։ Երևանի քաղաքապետարանի պատվերով շենքում կառուցվել են թվով 120՝ 1 և 2 սենյականոց բնակարաններ։ Նորակառույցի սեյսմակայունությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող չափորոշիչներին, ունի հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի համար նախատեսված թեքահարթակներ։ Բնակարաններն անհատական ջեռուցման համակարգով են և բնակիչներին են հանձնվում էկոնոմ դասի նորոգված և պատրաստ վիճակում։
«Նոր կառուցված շենքերի բոլոր բնակարանները բնակիչներին հանձնում ենք նորոգված ու բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում: Մինչև տարեվերջ ևս երկու շենք կհանձնենք շահագործման ու այդպիսով, ինչպես և խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կլուծենք 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի շուրջ 650 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը»,- ընդգծել է քաղաքապետը:
Կարդացեք նաև
Տասնամյակներ շարունակ կենցաղային տարրական պայմաններից զուրկ ու վախի մթնոլորտում ապրող ընտանիքները, շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն այս ծրագրի կյանքի կոչման համար, նշել են, որ քաղաքապետից ստանում են իրենց ամենասպասված նվերը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն