ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, քննադատելով օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ ասել էր, որ նա պետք է լինի թիվ մեկ ընդդիմադիրը, պիտի լինի ագրեսիվ, հարձակվող, ոչ թե պաշտպանվող, ինչպես կա:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հակադարձեց Արամ Մանուկյանին. «Շատ վիճելի կարծիք է, որովհետեւ մեր ժողովուրդը հավասարապես կուշտ է ե՛ւ ընդդիմությունից, ե՛ւ իշխանությունից: Օմբուդսմենի ինստիտուտը պետք է վեր լինի ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից»:
Մարգարիտ Եսայանը այլ խորհուրդներ տվեց Կարեն Անդրեասյանին՝ սխալ արտահայտություններ չանել 2015-ի զեկույցը ներկայացնելիս: Օրինակ, չասել՝ ճիշտը ասում են նրա համար, ով ուզում է լսել այդ ճիշտը, խորհուրդ տալիս են նրան, ով ուզում է լսել այդ խորհուրդը եւ այլն:
Նա կիսեց Գագիկ Ջհանգիրյանի կարծիքը, որ օմբուդսմենը եկել է սատանի մայլեն քյանդրբազություն է անում: Ըստ նրա, ԱԺ-ում սատանաներ չկան, բայց փորձառու իրավաբաններ կան, այնպես որ, պետք է տոնայնությունը մի փոքր փոխել:
Կարդացեք նաև
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ ՄԻՊ ինստիտուտը կայացել է. «Շատ լավ եք անում, որ մեզ քննադատում եք: Օմբուդսմենի խնդիրը քննադատելն է, խնդիրները ներկայացնելը, այլ ոչ թե չարախոսելը: Օմբուդսմենը նրա համար է, որ բացահայտի պրոբլեմները, նաեւ առաջարկի լուծումներ: Թերություն չկա այնտեղ, որտեղ որեւէ բան չկա: Ես բավարարված եմ եւ գնահատում եմ ձեր կառույցի աշխատանքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լավ է, որ բոլորը գիտակցում են: Պետք է իշխանությունը և ընդդիմությունը թարմացնել ` երիտասարդացնել, քանի որ կատարված աշխատանքի արդյունքները անբավարար են, իսկ ստեղծված իրավիճակը` ոչ ընդունելի: Դա բխում է ազգային շահերից: