Քաղաքակիրթ հասարակությունների համար ազգայնականությունն իր ծայրահեղ և բացասական դրսևորումներով ամենաքննադատվող գաղափարախոսություններից է, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:
Ժողովրդավարական երկրների քաղաքական կառուցվածքը և կառավարման համակարգերը հղկվել և հնարավորինս դարձել են այնպիսին, որ իրականացվող քաղաքականությունը և կիրառվող հայեցակարգերը մերժեն և սահմանափակեն ազգայնականությունը, քանի որ հայտնի են դրանց աղետալի հետևանքները թե՛ այդ գաղափարախոսությունը դավանող երկրի և հասարակության, թե՛ այն երկրների համար, որոնց դեմ այն ուղղվում է:
Ժամանակակից պետությունները պայքարում են այդ գաղափարախոսության տարածման դեմ և չեն հանդուրժում նաև ծայրահեղ ձախական կամ աջական գաղափարների և դրանց հովանավորողների մուտքը որոշումների կայացման դաշտ:
Այլ է պատկերը հետխորհրդային տարածքի նորանկախ պետություններից շատերի պարագայում, որտեղ ազգայնականությունը չի դադարել պահպանել իր կենսունակությունն ու արդիականությունը և՛ միջնաժամկետ, և՛ երկարաժամկետ կտրվածքով, չի դադարում նաև վտանգներ պարունակել թե՛ երկրի ներսում՝ ծայրահեղականության աճի առումով, թե՛ արտաքին փոխազդեցությունների մասով:
Կարդացեք նաև
Այդ երկրների, այդ թվում` Ռուսաստանի ներսում ազգայնականությունը դեռևս այն գործիքներից է, որի հմուտ կիրառումը քաղաքական վերնախավի կողմից առաջացնում է տարբեր շահաբաժիններ, նպաստում է իշխանությունը պահելուն և կեղծ-հայրենասիրական միֆերի կենսականությունն ապահովելուն, օգնում է լուծել ռազմավարական և մարտավարական տարբեր խնդիրներ, հնարավորություն է տալիս գործել առավել անկաշկանդ, ապահովում է ներքին լեգիտիմություն: Այն ստեղծում և ամրապնդում է նաև արտաքին թշնամու հաճախ հրեշացված կերպարը, որի դեմ էլ պայքարի է լծվում հանրության մնացած այն հատվածը, որը հանգիստ ենթարկվում էր քաղաքական մանիպուլյացիաներին:
Վիճակագրական տարբեր տվյալները և ուսումնասիրությունները, ինչպես նաև հռետորաբանության մեջ շեշտադրումների փոփոխությունները, դասագրքերում տեղ գտած կողմնակալ տեղեկությունները, վերաշարադրված պատմությունները, քաղաքական իրադարձությունների միակողմանի լուսաբանումը և այլն փաստում են Ռուսաստանում ազգայնականության աճի տեմպերի մասին:
Ազգայնականությունն ամրապնդելու և սնուցելու համար օգտագործվում են ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերը, բլոգերը, համացանցային այլ ռեսուրսները, հասարակական կազմակերպությունները, միությունները, քաղաքական և հասարակական գործիչների ուժերը և հնարավոր բոլոր միջոցները:
Բարենպաստ պայմանների առկայության դեպքում ազգայնականությունը խոր արմատներ է թողնում հասարակության գիտակցության մեջ, երբ վերջինիս մեծ մասը չունի քննադատական մտածողություն, այլ աղբյուրներից օգտվելու համար չի տիրապետում օտար լեզուների, որպես միակ ճշմարտություն հեշտությամբ ընդունում է պետական քարոզչությունը և հակված է իրերն ու երևույթները ճանաչել և հասկանալ առավելապես ազգակենտրոն պրիզմայի միջով:
Մյուս կողմից, Ռուսաստանում քիչ են անկախ վերլուծական կենտրոնները. ԶԼՄ-ները, վիճակագրական տվյալների հենքը և համացանցը վերահսկվում են, համալսարաններում և գիտական այլ հաստատություններում նվազել է ներքին ժողովրդավարությունը, գիտնականները, քաղաքական և հասարակական գործիչները կարող են պատժվել ընդհանուր գաղափարախոսությանը դեմ կարծիք հայտնելու համար, և ավելի է լայնացել քարոզչական տեխնոլոգիաների կիրառման աշխարհագրությունը:
Ազգակենտրոնությունն աստիճանաբար դառնում է նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության շարժիչ ուժերից մեկը, որն արտահայտվում է ազդեցության նախկին ոլորտների պահպանման ցանկությամբ և ներկայացվում որպես ազգային և պետական անբեկանելի շահ, որը հաճախ հակադրության և հակասության մեջ է մտնում այլ պետությունների շահերի հետ:
Ռուսաստանի քաղաքական վերնախավը փորձում է ձևավորել քաղաքական նոր օրակարգ, որտեղ մեծ տեղ է տրված նրա միջազգային դերակատարության բարձրացմանը և շահերի հետ պարտադիր հաշվի նստելու անհրաժեշտությանը՝ գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում:
Արևմուտքն անվտանգության մասով չի կարող անտեսել Ռուսաստանի մտահոգությունները, սակայն չի էլ կարող համաձայնել դրանց անխոչընդոտ իրականացմանը, եթե դրանք արվում են ի հաշիվ այլոց անվտանգության, հատկապես Վրաստանի և Ուկրաինայի մասով, որտեղ Ռուսաստանի քաղաքական ջղաձգումները հանգեցրին կոշտ ուժի կիրառմանը, ինչպես Հայաստանի պարագայում՝ 90-ականների սկզբին:
Սակայն կոշտ ուժի կիրառումը չի կարող հաճախակի, այն էլ տեսանելի բնույթ կրել, ուստի հարավկովկասյան պետություններում «ռուսական աշխարհի» ներկայությունն ապահովելու և իր շահերը հետապնդելու համար Ռուսաստանն օգտագործում է այլ գործիքներ և կիրառում այլ լծակներ:
Հայաստանի պարագայում դրանք տարբեր ենթակառուցվածքների սեփականատեր դառնալու միջոցով ձեռք բերված տնտեսական և ռազմա-քաղաքական լծակներն են, որոնք առավել ազդեցիկ և անբեկանելի են դառնում, երբ Հայաստանի քաղաքական վերնախավը և պետական քարոզչամեքենան անվտանգության և այլ կարևոր մարտահրավերների մասին խոսելիս անպայման շեշտում են, որ «գլոբալ առումով Հայաստանը չի կարող լուծել իր խնդիրներն առանց Ռուսաստանի», և «եթե չլինի Ռուսաստանը, Հայաստանը կկորչի»:
Հայաստանին ԵԱՏՄ անդամ դարձնելը հնարավորություն տվեց Ռուսաստանին ավելի մեծ վերահսկողություն սահմանել նրա վրա և սահմանափակել վերջինիս առանց այն էլ սահմանափակ խուսանավումների դաշտը՝ քաղաքական և տնտեսական տարբեր ուժագծերով, այդ թվում՝ ՆԱՏՕ, ԵՄ և Իրան առանցքներով, ի հակառակ հայկական և եվրոպական կողմերի այն պնդումների, թե այստեղ սահմանափակում չկա, խնդիրը պարզ ընտրության մեջ է:
Այս լծակներին գումարվում են ներքին ռեսուրսները՝ քաղաքական և հասարակական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, միություններ և այլն, որոնք տարբեր խողովակների միջոցով փորձում են ընդգծել Ռուսաստանից Հայաստանի կախվածության առավելությունները:
Ռուսաստանը փորձում է Հայաստանին ներքաշել նաև Արևմուտքի հետ «արժեքների պատերազմ»-ում, որում վերջինս ներկայացված է որպես այլասերված, իսկ Ռուսաստանը միակ քաղաքակրթությունը, որն իր ուղղափառությամբ կարող է հաղթել Արևմուտքի չարիքը: Շարունակվում է նաև Հայաստանի քաղաքացիներին ռուսական քաղաքացիություն շնորհելու դինամիկան:
Ադրբեջանում այդ լծակներն այլ են: Փորձ է արվում վերջինիս ներքաշել Ռուսաստանի եվրասիական նախագծերի մեջ (ՇՕՍ, ԵԱՏՄ և այլն)՝ դրա դիմաց տալով տարբեր խոստումներ, այդ թվում՝ զենքի վաճառքի, ադրբեջանական նավթի և գազի տարանցիկության հետ կապված խնդիրներին աջակցություն, իսկ Կասպից ծովին առնչվող խնդիրներում` առավել զիջողականություն: Սրանց գումարվում է աջակցության այն խոստումը, որը հնարավորություն կտա Ալիևին պահպանել իշխանությունը:
Շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանում 2017թ. ռուսական նոր ռադիոլոկացիոն կայանի կառուցման հարցը: Տարբեր ծրագրերին կարելի է ավելացնել նաև պատժամիջոցների հնարավոր վերացումից հետո Իրանի դերակատարության բարձրացումը, որից Ռուսաստանը կփորձի օգտվել Ադրբեջանի միջոցով:
Վերջապես, Վրաստանում Ռուսաստանի գերխնդիրներն այլ են, քանի որ ռուսական տարբեր նախաձեռնություններ և ծրագրեր չիրականացան Վրաստանի հետ 2008թ. ունեցած ռազմական բախման պատճառով: Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչելուց հետո Ռուսաստանը նպատակ է հետապնդում լրջորեն վերականգնել Վրաստանի վրա իր կորցրած ազդեցությունը և լծակները` թե՛ փափուկ, թե ՛ավելի կոշտ մեթոդներով:
Եթե Սաակաշվիլիի հեռանալուց հետո Ռուսաստանը հույս ուներ «հետ բերել» Վրաստանը նոր իշխանությունների օգնությամբ, ապա ուկրաինական ճգնաժամի խորապատկերին Արևմուտքի հետ աճող լարվածության պայմաններում Ռուսաստանը պետք է այլ միջոցներ և տեխնոլոգիաներ կիրառի իր դիրքերը Վրաստանում վերջնականապես չզիջելու համար: Այս խնդիրը լուծելու համար Ռուսաստանը փորձելու է Վրաստանին ներքաշել իր տեղեկատվական դաշտը, ինչպես նաև վիզաների արգելքը վերացնելու հաշվին փորձելու է օգտագործել Ռուսաստանում վրացական սփյուռքի գործոնը:
Գևորգ Մելիքյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) Քաղաքական զարգացումներ և կայունություն ծրագրում ասոցացված փորձագետ է: Նա արտաքին, անվտանգության ու ներքին քաղաքականությունների հարցերում անձնական, ակադեմիական ու մասնագիտական նշանակալի փորձառություն ունեցող քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ և քաղաքական խորհրդատու է:
Գևորգ Մելիքյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)