ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԱՍԵՐ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատը (ՄԻԵԴ), հոկտեմբերի 15-ին, վճիռ կայացրեց հօգուտ թուրք ազգայնամոլ քաղաքական գործչի՝ Դողու Փերինչեքի` անվավեր հայտարարելով շվեյցարական դատական որոշումը:
ՄԻԵԴ-ի դատավորները գտել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածի խախտում, այսինքն՝ շվեյցարական դատարանի որոշումը խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը։ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Փերինչեքի հայտարարությունները չեն կարող որակվել որպես ատելություն, բռնություն կամ անհանդուրժողականություն հրահրող կոչեր, և որ դրանք չեն վիրավորել հայ ժողովրդի արժանապատվությունը և խոսքի ազատության իրավունքն ավելի բարձր է, քան հայերի մարդկային արժանապատվությունը:
ՄԻԵԴ-ը, թեև մեղմացված, շարունակելով 2013 թ.-ի դեկտեմբերի 17-ի իր Ստորին պալատի մոտեցումը, շեշտում է Հայոց ցեղասպանության և հերթական ողջակիզման ժխտողականության միջև խտրականության մասին, ընդգծելով՝ թե վերջինս կարիք չունի պատճառաբանվելու իբրև ռասիստական հրահրում, քանի որ այն ինքնըստինքյան հակասեմիտիզմի և հակաժողովրդականության բնույթ է կրում, ինչը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության ժխտողականության դեպքում:
Կարդացեք նաև
ՄԻԵԴ-ը հրաժարվել է Հայոց ցեղասպանությունը որակավորել իրավական դաշտում: Մեկնելով -իբր թե- ՄԱԿ-ի 1948 թ.-ի բանաձևից այն ո՛չ Ցեղասպանություն որակեց և ո՛չ հակառակը, նշելով, որ այդ հարցի վիճարկելը գտնվում է ոչ թե իր, այլ Արդարադատության միջազգային դատարանի իրավասության սահմաններում:
Վճիռը կարեւոր է նաև այն առումով, որ այն վերջնական է և այսուհետ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունող որևէ եվրոպական երկիր հաշվի կառնի ՄԻԵԴ-ի Վերին պալատի որոշումը, իսկ օրենքը ընդունած երկրների դատարանները նոր վճիռներ կայացնելիս, անպայման հաշվի կառնեն ՄԻԵԴ-ի Վերին պալատի որոշումը:
«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը նույնիսկ ահազանգում է, որ այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ Շվեյցարիան նույնիսկ կարող է այս որոշման պատճառով փոփոխության ենթարկել իր ընդունած հակառասիստական օրենքը: Նա քննադատում է, որ դատական գործի ընթացքում «Շվեյցարիայի կողքին երրորդ կողմ չկար: Շվեյցարիան միայնակ էր և չկարողացավ պետք եղած ձևով պնդել, որ Փերինչեքն ու «Թալեաթ փաշա» կոմիտեն ռասայական խտրականություն են գործել»:
Հիշեցնենք, որ «Շվեյցարիան ընդդեմ Դողու Փերինչեքի արդարացման» գործում որպես երրորդ կողմ, ներգրավվել էին Հայաստանի (ինչպես նաև Թուրքիայի) ներկայացուցիչները:
«Մենք մեծ դժվարություններ ենք ունենալու Ցեղասպանության իրողության շուրջ կոնսենսուսը բարձրաձայնել, նույնիսկ եղածը ամրապնդել: Եթե նախկինում մեր գործը բարդ էր, այս վճռից հետո զգալի ձևով դժվարացավ» հավելում է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահը:
ՄԻԵԴ-ի որոշման կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հրապարակել է հաղթական և չափազանցված հայտարարություն, ըստ որի «Որոշումը քարտ-բլանշ է՝ միջազգային բոլոր հարթակներում վիճարկելու Հայոց ցեղասպանության փաստը», ինչը իրականության չի համապատասխանում:
ՄԻԵԴ-ի որոշումը, բնականաբար, բողոքի ալիք բարձրացրեց Շվեյցարիայում: «Tagesanzeiger» կայքի խմբագիր Ֆելիքս Շինդլերը, անդրադառնալով Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու հայտարարությանը, գրեց. «Նա, ով ժխտում է Հոլոքոստը, ցեղային ատելության կոչ է անում: Բայց նա, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, պարտադիր չէ, որ ատելություն քարոզի, Ստրասբուրգյան դատարանի այս տրամաբանությունն անհասկանալի է»:
Ամենահատկանշականը, սակայն, դատավարության ներկա ՀՀ պատվիրակության դրսևորած գնահատականն է: Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու Հայաստանի դատախազությունը որոշման կապակցությամբ հրապարակել են հաղորդագրություն, որով «ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ», որ «Հայաստանի Հանրապետության կառավարության Եվրոպական դատարան ներկայացված ԲՈԼՈՐ պահանջները Փերինչեքի գործով ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարվեցին»:
Պարզաբանելով «ամբողջությամբ բավարարվելու» հիմքերը, հայտարարությունը հավելել է. «Հայաստանը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը»:
Ավելի հատկանշականը Հայաստանի հայտարարած կեցվածքի նկատմամբ, ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանի մեկնաբանությունն է: Նա լրագրողի հարցին, թե «ՄԻԵԴ Վերին պալատի վճիռն իրո՞ք «ամբողջությամբ բավարարում է» հայկական կողմի ակնկալիքները», հայտարարվածի պատասխանատվությունից խուսափելու համար, պատասխանել է. «Հայաստանի գլխավոր դատախազությունն այս վճռին անդրադարձել է ԶՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ։ Իսկ Հայաստանի պահանջը վերաբերում էր բացառապես Հայոց ցեղասպանության հետ կապված նախորդ՝ Ստորին պալատի վճռի մեջ տեղ գտած թերությունները վերացնելուն»։
Առանց կանգ առնելու ՄԻԵԴ-ի Ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության իրողությունը հարցականի տակ առնելը պարզապես «թերություններ» որակելու հարցին, խոսքից պարզվում է, որ առկա են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ, որոնք կարող են չհամընկնել կամ չարտացոլել ՀԱՅՈՒԹՅԱՆ տեսակետները, և մեղմ ասած, առ ոչինչ համարել 2015թ.-ի հունվարի 29-ի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և «Համակարգող պետական» հանձնաժողովի, 2015թ.-ի սեպտեմբերի 26-ին, կյանքի կոչած ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ խորհրդի առկայությունը:
Մինչ այդ կարևոր է արձանագրել նաև, որ Դողու Փերինչեքը ներգրավված էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը տապալելու «Էրգենեքոնի» հայտնի գործում, որի հետևանքով թուրքական դատարանը նրան 117 տարվա ազատազրկման էր դատապարտել: Թուրքական իշխանությունները հայության դեմ շղթայազերծած իրենց պայքարի շահերից մեկնած, աննախադեպ որոշումով ոչ միայն կալանքից ազատեցին 117 տարվա ազատազրկման դատապարտյալին, այլ առանձին որոշումով նրա վրայից հանեցին «երկիրը լքելու արգելքը»՝ Փերինչեքին հնարավորություն ընծայելով մասնակցելու ՄԻԵԴ-ի Վերին պալատում դատալսումներին։
Վերոհիշյալ կետերը ի գիտություն ընդունելով, կատարենք հետևյալ նշումները:
ա. Ենթադրել, որ միջազգային ատյանները, այդ շարքում «Մարդու իրավունքների եվրոպական դատարան»-ը որոշումներ են կայացնում բարոյական սկզբունքներից մեկնած, որում դերակատար չեն այլևայլ հաշվարկներ, միջամտություններ ու քաղաքական շահեր, ոչ միայն միամտություն, այլ ինքնախաբեություն է: Դատարանի վճռի թույլ և անլուրջ լինելու մեծագույն փաստն այն է, որ որոշումը շատ հեռու մնաց միաձայն լինելուց և 10 դատավորների «այո»-ին ընդդիմացան 7 դատավոր, ներառյալ դատարանի նախագահը և փոխնախագահը։
Հետևաբար՝
բ. Առանց ֆինանսական, ռազմական, քաղաքական, քարոզչական, տեղեկատվական, մեկ խոսքով կազմակերպվածության և ուժ հասկացողության հետևողական կիրառման, հայության իրավունքների գծով միջազգային իրավական ցանկացած կարևոր որոշում լինելու է, մեզի՝ թույլին, ի վնաս: Այս իրողությունը հայության համար փաստվել է դեռևս 19-րդ դարում: Հայությունը հաջողություն է արձանագրել, միայն երբ ամենայն շրջահայացողությամբ խոսքից՝ գործի է վերածել իր համոզումը, ապացուցելով իր խոսքերի լրջությունը:
գ. Արցախի հզոր հաղթանակը, -20-ամյա բազմաթիվ քաղաքական և գործնական սխալների հետևանքով- իրողականից՝ իրավականի վերածելու հարցում անկարող ՀՀ հերթական իշխանություններին, -որոնց գործունեության հետևանքով երկրի բնակչության կեսը արտագաղթել, իսկ մնացածների կեսը աղքատության են մատնվել- հասցեագրել մի նոր, առավել ևս ծանր պատասխանատվություն, որն է Արևմտահայաստանի ազատագրության, մեկ խոսքով Թուրքիայի հետ առճակատման հարցը, ոչ միայն միամտություն, այլ տգիտություն է: Հետևաբար, 2015թ.-ի ընթացքում, «պահանջատիրության» «ճանաչումից` հատուցում» և նմանատիպ բոլոր վրանբաց հայտարարությունները, ոչ մի քաղաքական և գործնական դրական հետևանք չեն կարող ունենալ և ինչպես ՀՀ փոխարտգործնախարարը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր»ի հայտարարման հաջորդ օրն իսկ բաց է իբաց, ի լուր Թուրքիային և աշխարհին հստակեցրեց, ՀՀ արտաքին գործոց նախարարությունը իրեն հանձնառու չի համարում հետևելու Համահայկական հռչակագրի կիրառմանը:
դ. Հայոց ցեղասպանության իրողության հարցը, թուրք-հայկական «պատմական հարցեր ուսումնասիրող միջպետական ենթահանձնախմբի» քմահաճույքին հանձնած և Թուրքիայի կողմից ստորագրության հաջորդ օրն աղբանոց նետված տխրահռչակ «Ցուրիխյան զույգ արձանագրություններ»-ից արդեն վեց տարի չհրաժարվող ՀՀ ներկա իշխանությունները, ի՞նչ «պահանջատիրության» և «հատուցման» մասին կարող են հավակնություն ունենալ: Ընդհակառակը, այս տեսակ հայեցողությունը կտանի նրան որ Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ-ի Վերին պալատի առած վճիռը համարի «բոլոր պահանջները ամբողջությամբ» բավարարած, իսկ Թուրքիայից հայության բուն պահանջատիրությունը, ընդամենը խաղաքարտ՝ ՀՀ-Թուրքիա հարաբերություններում աննշան շահեր կորզելու համար:
«Համաձայն չեմ ոչ ՀՀ գլխավոր դատախազի, ոչ էլ երկու փաստաբանների վերջնական մեկնաբանության հետ…», հայտարարել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը, հավելելով, որ «Երբ արժանապատվությունը ոտնահարվում է, որևէ մեկը իրավունք չունի ասելու՝ սա մեծ հաղթանակ է հայ ժողովրդի համար, ոչ ալ Հայաստանի համար: Հայաստանը, դժբախտաբար, ցույց տվավ, որ այսքան տարի իր ժողովրդին արժանապատվությունը իր սահմանին մեջն ալ չի կրցավ պաշտպանել, ուր մնաց՝ սահմանից դուրս»:
«Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի արդարացման» ՄԻԵԴ-ի Վերին պալատի որոշումը թեկուզ Թուրքիայի համար ինչ-որ առումով փոքր հաջողություն է, սակայն մեզ համար մե՛ծ պարտություն է, 100-րդ տարելիցին՝ մե՛ծ ամոթանք: Միևնույն ժամանակ Հայաստանից Սփյուռք սթափության և զգաստության ահազանգ:
«Հայաստան» լրատու ցանց.
«Հայաստան» շաբաթաթերթ,
Աթենք, 26 հոկտեմբերի 2015թ., թիվ 944, Խմբագրական: