Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին դուր չի գալիս վերջին շրջանի «արձանամոլությունը»: Նա չի հասկանում, թե ինչո՞ւ են ամեն տեղ Վազգեն Սարգսյանի արձանը կանգնեցնում. «Մեսրոպ Մաշտոցը երկու արձան ունի, Վազգենը` 12: Ամեն տեղ արձան դնելով՝ Վազգենին չենք հարգում, հակառակ արդյունքն ենք ստանում: Ուզում եք ոչնչացնե՞լ Վազգեն Սարգսյանին` շարունակեք արձաններ դնել: Խորհրդանիշները պետք չէ այդպես տրորել»: Ազատամարտիկը գտնում է, որ արձանների գումարներն ավելի արդյունավետ կարելի է ծախսել:
Օրինակ՝ Վազգեն Սարգսյանի անվան հիմնադրամ բացել եւ տարբեր հարցերում օգնել այսօր հազարումի, այդ թվում նաեւ հացի գումար չունեցող Վազգենի հետեւորդ տղաներին. «Մի քանի օր առաջ զանգահարեց իմ ընկեր Հարությունը` ԶԻՄ-ը, ասաց` բակում փայտ էի կոտորում, ձեռքս վնասեցի, տղաս տարավ հիվանդանոց, վերադարձի ճանապարհին ոստիկանությունը կանգնեցրեց ու մեքենան տուգանային հրապարակ տարավ, տեխզննություն չկար, 25 հազար դրամ կարո՞ղ ես տալ: Տասը տեղից վիրավոր ԶԻԼ-ն այսօր մեքենայի տեխզննության գումար չի կարողանում վճարել, դրա մասին է պետք հոգ տանել»:
«Առավոտ» օրաթերթ
24.10..2015