Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գրուսման. «Միլլերի հավաքածուն բացահայտում է հայկական բացառիկ մշակույթը»

Հոկտեմբեր 26,2015 16:56

Մոտ հարյուր տարի առաջ՝ 1916 թվականին, երբ Արևմտյան Հայաստանը ժամանակավորապես ազատագրվեց Օսմանյան կայսրությունից, Ռուսաստանի ազգագրության թանգարանը թույլտվություն խնդրեց Նիկոլայ 2-րդ ցարից Վանի շրջան գիտական արշավախումբ ուղարկելու համար, որպեսզի հավաքեն տեղի մշակութային գործերը՝ փրկելով վերահաս կորստից: Ցարը տվեց իր համաձայնությունը: Եվ ազգագրագետների մի խումբ՝ Ալեքսանդր Միլլերի գլխավորությամբ, հասավ Վան: Երկու շաբաթվա ընթացքում խումբը տեղի բնակիչներից գնեց մոտ 520 առարկա, որոնցից 400-ը հայկական ազգային տարազներ, ոսկերչական զարդեր և գորգեր էին:

Մոտ մեկ դար Ռուսաստանի ազգագրության թանգարանի պահոցներում պահվելուց հետո, այդ իրերը 2015 թ. ապրիլի 27-ին վերջապես ներկայացվեցին նույն թանգարանում բացված «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսում: Դրա շրջանակներում կայացավ նաև «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառան­գությունը» պատկերագրքի շնորհանդեսը:

Իսկ ահա պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Մերիդիան» ցուցասրահում:

«Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքում ներկայացված է Ա. Միլլերի և նրա արշավախմբի կողմից հավաքագրված՝ Վանի ու Վասպուրականի նյութական մշակույթի հավաքածուն, որը Ազգագրության թանգարանում կայացած ցուցադրության մի մասն է միայն կազմում:

«Այս պատկերագրքով հայկական մշակութային արժեքներն ունեցան հայկական անձնագիր: Իհարկե, հայկական մշակութային ժառանգության նմուշներ շատ տեղերում կան, բայց միշտ չէ, որ կարողանում ենք դրանք ներկայացնել պատկերագրքով: Կարծում եմ, որ պետք է մշտապես անդրադառնալ այլ թանգարաններում գտնվող մեր մշակութային ժառանգությանը և հնարավորության դեպքում անպայման տպագրել»,- պատկերագրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանի խոսքով՝ ազգագրագետ Միլլերի հավաքածուն բացահայտում է հայկական բացառիկ մշակույթը. «Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի առթիվ մեր թանգարանում ապրիլին բացված «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսը պատմում էր ոչ միայն հայերի ցավի, այլև նրանց հզոր մշակութային ժառանգության մասին»,- ասաց Վ. Գրուսմանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031