Լրահոս
Օրվա լրահոսը

Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճռի թույլ և Հայաստանին ոչ ձեռնտու կողմերը

Հոկտեմբեր 26,2015 16:08

«Որպես երրորդ կողմ` Հայաստանի պահանջները բավարարվեցին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «ՄԻԵԴ-ի որոշումը Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» թեմայով քննարկմանը հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Նա շեշտեց. «Արդեն Մեծ պալատի վճռում առկա են ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի են: Առաջին հերթին կարևոր նշանակություն ունի, որ Եվրոպական դատարանը վերահաստատում է, որ իրավասու չէ և չի միջամտելու Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը: Ստորին պալատի վճռում այս հարցը չափազանց թույլ էր արտահայտված»:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը շեշտեց, որ դեռ երբեք այսպիսի որոշում չէր եղել, որն ամրագրեր, որ հայերն ունեն իրենց նախնիների արժանապատվությունը պաշտպանելու, ազգային և էթնիկ ինքնությունը պաշտպանելու իրավունք: Պարոն Ղազարյանը հստակեցրեց. «Սա նշանակում է, որ եթե ոմն մեկը Նյու Յորքից հայհոյում է հայերի ցեղասպանությունը, օրինակ` Արմեն Մելիքյանը, յուրաքանչյուր հայ ունի պատասխանատվություն պահանջելու իրավունք: Մենք՝ հայերս, Եվրոպայում ստացանք իրավունք, որ ֆիքսված է այդ որոշմամբ»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը պնդեց, որ Հայաստանն ամենևին էլ հաղթողի դերում չէ ու հիմնավորեց. «Ըստ էության` Վերին պալատը վճիռը թողեց նույնը` հօգուտ Փերինչեքի: Այսինքն` Փերինչեքը հաղթեց: Հաշվի պիտի առնենք, որ նման դեպքերում ՄԻԵԴ-ը նաև քաղաքական որոշումներ է կայացնում, թեև այն դիտարկում ենք որպես մարդու իրավունքների պաշտպանության վերին և անաչառ ատյան: Նաև այս որոշումն այն համատեքստում է, որ այսօր Թուրքիան կարևոր գործընկեր է Եվրոպայի համար»: Ուստի ըստ պարոն Իշխանյանի` հայկական կողմից չարժեր այն ներկայացնել որպես հաղթանակ: Այնուհետև կենտրոնացավ Փերինչեքի անձի վրա. «Փերինչեքը պատահական մարդ չի եղել, որ պատահական ժխտեր Հայոց ցեղասպանությունը: Նա ազգայնական գործիչ է և հատուկ գնացել էր Շվեյցարիա անարգելու, ժխտելու Հայոց ցեղասպանությունը: Իսկ ՄԻԵԴ-ի որոշմամբ` փաստորեն կարելի է ժխտել Հայոց ցեղասպանությունը: Արա Ղազարյանը հավելեց. «ՄԻԵԴ վճռի թույլ մասն այն է, որ դատարանը Փերինչեքի անձի մոտիվն ու դրդապատճառը ուսումնասիրել է, բայց թույլ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031