Պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեռեւս նախորդ քառօրյայում օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից հետաքրքրվել էր արտադատական կարգով քաղաքացիների սեփականաշնորհման իրավունքի խնդրով, որի հետ կապված օմբուդսմենը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան ու հետ վերցրել իր դիմումը: Կարեն Անդրեասյանը պատասխանել էր. «Ես հետ վերցրեցի դիմումս միայն մի պատճառով, որովհետեւ ԱԺ-ում քննարկումների ժամանակ տպավորություն ստեղծվեց, որ խնդիրը չի լուծվում իմ մեղքով: Անընդհատ ասվում էր՝ մենք կանենք այդ փոփոխությունը, բայց չենք անում, որովհետեւ կա դիմում ՍԴ-ում՝ ՄԻՊ-ի կողմից: Ես վերցրեցի դիմումը, մասամբ հարցը լուծվեց»:
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քննադատեց օմբուդսմենին՝ անկեղծ չլինելու համար: Նա նախ հարցրեց՝ «Արդյոք ձեր դիմումը հետ վերցնելը կախված չէ՞ր կառավարության համանման նախագծի հետ, որը հետո եկավ ԱԺ եւ ընդունվեց»:
Օմբուդսմենը պատասխանեց, որ ոչ միայն պատգամավորներն ունեին նախագծեր, կառավարությունն էր բերել, այլ 3 փաթեթ կար այդ շրջանում. «Նույն նախարարը, այստեղ իշխանական ուժի խմբակցության ղեկավարը դա պատճառ էին բերում, որ քննարկում ԱԺ-ում չենք սկսում, որովհետեւ կա դիմում ՍԴ-ում: Միակ լուծումը դա էր, ուրիշ բան է, որ հետո տեղի ունեցավ ավելի տխուր պատկեր՝ քննարկվեց միայն մի նախագիծը: Մեր ակնկալիքը, որ քաղաքական լուծում կտրվի՝ չիրականացավ, թեեւ մասնակի գոնե հարցը լուծվեց»:
Ջհանգիրյանն էլ չհամաձայնեց, ասելով, որ քաջատեղյակ է այդ պատմությանը, նաեւ ժամանակագրությունն անգիր գիտի. «Երբ դուք հետ վերցրեցիք ձեր դիմումը, մեր գործընկեր պատգամավորների նախագիծն արդեն Պետաիրավական հարցերի հանձնաժողովում էր: Այն պատճառաբանությամբ, որ Սահմանադրական դատարանում դիմում կա՝ մերժել էին, հետեւաբար մեծ օրակարգ հարցը չէր մտել: Երբ դուք հետ վերցրեցիք ձեր դիմումը, անմիջապես կառավարության նախագիծը մտավ շրջանառության մեջ: Մեր ժողովուրդը մի լավ բան ունի, ասում է՝ սատանի մայլեն քյանդրբազ չեն խաղում: Էս դահլիճում փորձված մարդիկ կան: Դուք եթե մեզանից պահանջում եք անկեղծ լինել, դուք էլ մեզ հետ պետք է անկեղծ լինեք: Բա հիմա կարելի՞ է էստեղ պատճառաբանել, թե քանի որ այստեղ պատճառաբանում էին պատգամավորները՝ հետ վերցրեցի: Ճիշտ ասեք, պարոն Անդրեասյան»:
Կարդացեք նաև
Օմբուդսմենը պատասխանեց, որ ճիշտն ասում են նրան, ով ուզում է լսել այդ ճիշտը. «Ես ինձ զգում եմ Ազգային ժողովում, ոչ թե սատանի մայլում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ