Մեր հիմնական խնդիրը տարածության
եւ ժամանակի մեջ իրականությունից փախչելն է
Եթե ամփոփենք այն թեմաները, որոնք «հուզում էին մեր հասարակությանը» այս տարվա հոկտեմբերի առաջին կեսին, ապա կարելի է ասել, որ դրանք հետեւյալն են. 1/ Սահմանադրական փոփոխությունները եւ նրանք, ովքեր դրանց դեմ պայքարում են, 2/ Ինչի՞ համար է Պուտինը Հայաստան ուղարկել Արա Աբրահամյանին, 3/ Ինչո՞ւ են այս կամ այն մարդկանց տվել բնակարաններ եւ կոչումներ, 4/ Ինչո՞ւ է «եվրոպամետ» Տիգրան Սարգսյանը դարձել «եվրասիամետ»:
Մեր հասարակության համար իսկապե՞ս արդիական են այդ թեմաները, թե՞ դա մանիպուլյացիա է, որով վերնախավը փորձում է շեղել մարդկանց ուշադրությունն ավելի կարեւոր խնդիրներից:
Որքան հասկանում եմ, Հայաստանում չկան ինչ-որ հատուկ ինստիտուտներ, որոնք զբաղվում են մարդկանց մոլորեցնելու ռազմավարություն մշակելով՝ ի տարբերություն, ասենք, Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների: Օրինակ՝ Սուրկովի կամ Վոլոդինի գերատեսչությունները համազգային հեռուստատեսային ալիքներով գիտակցաբար կազմակերպում են «ուղեղների լվացում», որի շնորհիվ այդ երկրի բավականին ծանր վիճակը ռուսաստանցիների մեծամասնության կողմից ընկալվում է որպես ազգային արժանապատվության ինքնահաստատում: Քանի որ հայաստանցիների մեծ մասը դիտում են այդ նույն ալիքները, նրանք Ռուսաստանում ու աշխարհում կատարվող գործընթացների վերաբերյալ ունեն այդ «լվացած» տեսակետը: Եթե այդ մեծամասնությունը տիրապետեր անգլերենի եւ առավոտվանից գիշեր դիտեր CNN, ապա տեսակետը կլիներ նույնքան «լվացած», բայց՝ «հակառակ կողմից»:
Կարդացեք նաև
Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ նման գիտակցական մանիպուլյացիաներ չեն արվում: Լրատվական հաղորդումների սկզբի 15 րոպեն ՀՀ նախագահին նվիրելը ձեւական, պարզունակ եւ ոչ էֆեկտիվ միջոց է: Բայց եթե մենք նույնիսկ ունենայինք «սուրկովյան» կամ «վոլոդինյան» տիպի քարոզիչներ, նրանք, միեւնույն է, իրենց նպատակին չէին հասնի, որովհետեւ հայերի մշակույթում պետության, տեղական իշխանության նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է ռուսական մշակույթից: Հասկանալի պատճառներով, մենք համոզված ենք, որ այս՝ տեղական հայերից կազմված իշխանությունը գող-ավազակ է եւ զբաղված է իր ժողովրդին ասպատակելով, բայց ահա ինչ-որ տեղ՝ «հեռուներում», կա մի «ոչ հայկական» իշխանություն, որը գուցե բարի է եւ արդար:
Այդ իդեալականացումն ունի ոչ միայն տարածական, այլեւ ժամանակային չափման միավոր. մենք թքում-մրում ենք այսօրվա իշխանավորներին, բայց 10, 20, 100 տարի հետո ասում ենք՝ «բայց դրանք կարծես թե այնքան էր վատը չէին»: Կարճ ասած՝ մեր մշակույթում կա «այսօր»-ն ու «այստեղ»-ը մերժելը ՝ հանուն «երեկվա» եւ «այլ տեղի»: Այդ համոզմունքն ունի ոչ թե 40-50 տարվա, այլ դարերի պատմություն: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն բուն իշխանությանն ու քաղաքականությանը, այլեւ առհաարակ իրականության ընկալմանը:
Եթե Հայաստանում չկա «սուրկովյան» տիպի քարոզչություն, ապա հաստատ կան մանիպուլյացիայի փորձեր, որոնք հիմնված են վերը շարադրված՝ իրականությունից փախչելու մեխանիզմների վրա: Բայց դա արվում է թերեւս ոչ գիտակցաբար եւ, մյուս կողմից՝ իշխանության ու ընդդիմության համատեղ ջանքերով: «Սահմանադրական փոփոխությունները երկրի զարգացման գրավականն են» եւ «Սահմանադրության հանրաքվեի տապալումը իշխանափոխության ճանապարհ է» թեզերը հավասարապես կեղծ են, եւ դրանց շուրջ ծավալվող բանավեճն, իմ կարծիքով, շեղում է մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից: Արա Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի վերաբերյալ քննարկումներն, ի վերջո, հանգեցնում են հետեւյալ հարցի՝ «արդյո՞ք այնտեղ՝ Մոսկվայում նստած մարդիկ բարի են եւ արդար, թե՞ չար են ու անարդար»: Այդ հարցադրումը նույնպես կեղծ է եւ մեր իրականության հետ ոչ մի կապ չունի: Ինչ-որ մարդկանց պարգեւատրելու կամ չպարգեւատրելու մասին խոսակցություններն ընդհանրապես իջեցնում են հասարակական դիսկուրսը մանր բամբասանքների մակարդակի:
Հիմնական խնդիրը, որ կանգնած է մեր հասարակության առջեւ, իմ կարծիքով, նյութական չէ, ոչ էլ առնչվում է արդար կամ արդյունավետ կառավարմանը: Դրանք բոլորը հետեւանքներ են: Հիմնական խնդիրը մեր քաղաքացիների մեջ հոգեւոր ինքնուրույնություն դաստիարակելն է: Այդ ինքնաբավության զգացումը մարդկանց մեջ արթնացել էր 1988-90 թվականներին, որից հետո այն, ցավոք սրտի, «քնեց»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.10..2015
Եթե ընդունենք, որ մշակույթը՝ դա մարդու կողմից գիտակցաբար ու կամավոր ընդունած Կարելիների ու Չի կարելիների Ցուցակն է, որին մարդ խստիվ հետեւում է, լավ կլիներ մշակեինք մեր հայոց ցուցակը՝ ազգային մշակույթը, որին խստիվ հետեւելու դեպքում մենք ազգային հոգեւոր ինքնուրույնության ու ինքնաբավության կհասնենք: