Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը նախապատրաստվում է նետվել Պուտինի գիրկը. հնարավոր է անդամակցի ԵՏՄ-ին

Հոկտեմբեր 26,2015 15:40

Եվրասիական տնտեսական միությանը հնարավոր է անդամակցի նաև Ադրբեջանը: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Սևիջ Հասանովան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում: Վերջինս ասել է, որ բոլոր դրական և բացասական կողմերը համադրելով` Բաքուն հնարավոր է համարում մտնել ԵՏՄ: Ըստ Ս.Հասանովայի, կարևորն այն է, որ Ադրբեջանը օգուտ ստանա:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի փոխնախարարի այս հայտարարությունն, ասաց. «Իլհամ Ալիևի ենթակաները վաղուց են այս մասին խոսում, որ Բաքուն կարող է անդամակցել պուտինյան ԵՏՄ-ին: Սակայն, ըստ իս, նրանք այս լուրը շրջանառության մեջ դնում էին մեկ նպատակով. եվրոպացիների մոտ «խանդ» առաջացնելու և Բաքվի սուլթանի նկատմամբ Վաշինգտոնից, Բրյուսելից և եվրոպական այլ մայրաքաղաքներից հնչող խիստ քննադատությունները մեղմելու համար: Սակայն Ադրբեջանի առաջնորդի հույսերը չիրականացան. Եվրախորհրդարանի խիստ քննադատությունը Բաքվի նկատմամբ, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև ընթացող «սառը պատերազմը» ցույց տվեցին, որ եվրոպացիները «չգնահատեցին» Իլհամ Ալիևի կողմից վարվող իբրև թե արևմտամետ արտաքին քաղաքականությունը: Ապշերոնյան սուլթանը չգնահատվեց նաև ԱՄՆ-ի կողմից: Եվրոպացիների և ամերիկացիների կողմից չգնահատված և անտեսված Իլհամ Ալիևին էլ ուրիշ բան չէր մնում, քան նրբորեն նախապատրաստվել նետվելու Վլադիմիր Պուտինի գիրկը՝ ի դեմս ԵՏՄ-ի:

Հիմա Բաքուն այդ մասին խոսում է արդեն փոխնախարարի մակարդակով: Եթե Բաքվի նավթախավիարային դիվանագիտությունը շարունակի իր ձախողումները, և Ալիևի հարաբերությունները Եվրոպան ներկայացնող կառույցների հետ շարունակ վատթարանան, ապա Բաքուն ավելի բարձր մակարդակով կթակի ԵՏՄ-ի դուռը»:

Ըստ քաղաքագետի, կարևոր է, որ պաշտոնական Երևանն այս հարցում կոշտ դիրքորոշում դրսևորի: «ՀՀ իշխանությունները կտրուկ պետք է դնեն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությունը շրջափակման մեջ պահելու հարցը: Մինչև Ադրբեջանը առանց նախապայմանների չբացի դեպի Հայաստան տանող երկաթուղին, պաշտոնական Երևանը, օգտագործելով իր վետոյի իրավունքը, պետք է արգելափակի Ադրբեջանի մուտքը ԵՏՄ: Ժամանակին, երբ քննարկվում էր ՀՀ-ի ԵՏՄ անդամակցության հարցը, Բաքուն ամեն ինչ արեց այդ գործընթացը խոչընդոտելու համար: Նույնիսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իր ընկերոջ՝ Իլհամ Ալիևի պատվերը կատարելով, ընթերցեց վերջինիս անտրամաբանական և հիմար բովանդակությամբ նամակը՝ Արցախը կապելով ԵՏՄ-ի հետ և իջնելով Ի.Ալիևի մամլո խոսնակի մակարդակի: Սա Իլհամ Ալիևի վերջին փորձն էր խոչընդոտելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

ՀՀ-ն պետք է համապատասխան «մակարդակով» Բաքվին հասկացնի, որ իր նախապայմանները կատարելուց հետո Ադրբեջանը նոր կդառնա ԵՏՄ անդամ: Իսկ այն կարծիքը, որ ԵՏՄ մտնելով՝ Ադրբեջանը ստիպված է բացելու սահմանները, սին են: Եվրամիություն մտնելու փափագ ունեցող թուրքը և ԵՏՄ մտնող ազերի-թուրքը նույն բարբարոսն են: Սրանց հետ նախօրոք պետք է հարցերը պարզել»,- կարծում է Գագիկ Համբարյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031