Արտակարգ դեպքերի թիվն աճել է 2833-ով, ինչն աննախադեպ է վերջին տարիներին իրականացվող դիտարկումների համաձայն: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Նա ամփոփեց այս տարվա 9 ամիսների ընթացքում գրանցված դեպքերը: Պարոն Խանգելդյանը արտակարգ դեպքերի թվի ավելացումը պայմանավորեց բուսածածկ տարածքներում հրդեհների թվաքանակի կտրուկ աճով: Նրա տվյալներով, 9 ամիսների ընթացքում գրանցվել է 5 հազար 986 հրդեհ, ինչը 2 հազար 693-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ընդհանուր առմամբ, Հովհաննես Խանգելդյանի ներկայացմամբ, նշյալ ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 12 հազար 358 արտակարգ դեպք-պատահար, որից 8 հազար 590-ը տեխնածին, 317-ը՝ տարերային, 3451-ը՝ սոցիալ-կենսաբանական, ինչի հետեւանքով զոհվել են 453 մարդ, տուժել՝ 7043-ը: Չնայած հանրապետությունով մեկ տեսախցիկների առատությանը, ավտովթարների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մոտ 9 տոկոսով ավելացել է:
«Որոշակի աճ է գրանցվել ճանապարհատրանսպորտային պատահարների թվում. գրանցվել է 2 հազար 488 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 8,7 %-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: ՃՏՊ-երից գրանցվել է 249 զոհ, ինչը 29%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,-ասաց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը:
Դրական ցուցանիշ արձանագրվել է միայն թունավորումների դեպքերի մասով, չնայած, որ, ըստ Հովհաննես Խանգելդյանի, վերջին տարիներին թունավորումների պարբերաբար աճ է գրանցվել. «Թունավորումների դեպքերի թիվը նվազել է 92-ով»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ