Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ծիծաղեմ` թերթում կհնչի՞»

Հոկտեմբեր 26,2015 16:00

Ազատամարտիկը չի հասկանում,
թե Սերժ Սարգսյանի ինչի՞ն են պետք պնակալեզները

«Սամսոն Ղազարյանի հետ կատարվածի պատճառն էլ, ես կարծում եմ, «գաղջ մթնոլորտն» է: Այսինքն՝ մարդիկ իրենց տեղերում չեն, կամ շատ հաճախ արձագանքը համարժեք չի լինում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» նախկին անդամ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք. օրերս ինչ-որ երիտասարդներ Սամսոն Ղազարյանի հետ վեճի էին բռնվել կենցաղային հարցով, ապա փորձել էին նրան ծեծի ենթարկել: «Սամսոն Ղազարյանն արժանի մարդ է, արժանի քաղաքացի է, նվիրյալ է: Այսօր տաքսի է վարում:

Իշխանությունը նախ այդ մասին պիտի մտածի: Առավել եւս այնպիսի երկիր պիտի ունենանք, որ ամեն մի դուրսպրծուկ չփորձի իր ձեւով հարցեր լուծել: Նման բաներից, իհարկե, ընդհանրապես խուսափել չի լինի, բայց ի պատիվ ոստիկանների՝ պիտի լինի արագ բացահայտումն ու ականջների ձգումը` ոչ միայն Սամսոնի համար, բայց հատկապես Սամսոնի համար»,- կարծում է մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ դեպքի օրն արդեն՝ երեկոյան, այդ երիտասարդը հայտնաբերվել եւ բերման էր ենթարկվել:
Ի դեպ, մեկ այլ ազատամարտիկի` Սմբատ Հակոբյանի ծեծի գործով այս ընթացքում բավական իրարամերժ հայտարարություններ հնչեցին, նաեւ Սմբատի կողմից: Սմբատի ազատամարտիկ ընկերներն էլ խոստացան սեփական հետաքննությունն անցկացնել, հայտնաբերել ու պատժել մեղավորներին: Հետաքրքրվեցինք` առաջընթացներ կա՞ն: Մեր զրուցակիցն ասաց, որ գործի ընթացքից տեղյակ չէ: Ինչ վերաբերում է մնացածին, նա մնում է իր կարծիքին` եթե դեպքը քաղաքական ենթատեքստ ունի, շատ վատ է, եթե քաղաքական չէ, դարձյալ շատ վատ է, բայց եթե պարզվի, որ ինչ-որ մի բան ճիշտ չի ասված, կրկնակի վատ է. ազատամարտիկ տղաների հեղինակության խնդիրն է. «Մեր տղաները կարող են ոգեւորվել, կարող են տաքանալ, նրանք դրա իրավունքն ինչ-որ իմաստով նաեւ ունեն, բայց ազնիվ են: Այս ազնվության հետ խաղալ չի կարելի: Հուսով եմ, այդպես չի եղել: Մնացածը` կապրենք կտեսնենք»:

«Նոր Հայաստան» միավորումը հերթական իշխանափոխության գործընթացն է սկսում` սահմանադրական բարեփոխումների ֆոնին, այն կմեկնարկի դեկտեմբերի 1-ին. պատրաստվո՞ւմ եք միանալ այդ գործընթացին, մանավանդ, որ ժամանակին Դուք էլ էիք համանման գործընթացի ջատագովներից` հետաքրքրվեցինք Սուրեն Սարգսյանից: «Որ ծիծաղեմ իշխանափոխության մասին կոչերին, թերթում կհնչի՞»,- հեգնանքով պատասխանեց մեր զրուցակիցը` հավելելով, որ երկու օր առաջ Հյուսիսային պողոտայում պատահաբար հանդիպել է մեր գործընկեր, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին. «Ասեցի` Մարգարիտ ջան, ապրես: Ինչ լավ արեցիր: Տո ո՞րդ եք Սերժից լավ տղա: Մարգարիտը ճիշտ բարձրացրեց այդ հարցը: Թող իրենց ներսում նայեն` ո՞վ է ավելի լավը: Եթե լավն են, խնդիր չկա, գնամ` կողքները կանգնեմ: Բայց այդ լավը չեմ տեսնում»: Սուրեն Սարգսյանի համոզմամբ՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը հավասարապես պատասխանատու են ժողովրդին հուսալքելու համար, երկու կողմն էլ իրենց բարձունքների վրա չեն: «Սկսեմ ընդդիմությունից` ընդամենը լուծում են առաջնորդ լինելու իրենց խնդիրը: Եթե մենք առաջնայինը չենք, այդտեղ գործ չունենք:

Նույնն արեց Տեր-Պետրոսյանը, նույնն արեցին Րաֆֆին, Սեֆիլյանը, երբ ստեղծել էինք Դաշտային հրամանատարների խորհուրդը: Մեկն աղոթեց, մյուսը ժողովրդին տարավ, ետ բերեց, մաշեցին… Արդյունքում՝ խոսում են ազնվությունից, բայց աշխարհի ընտրակեղծարարը դարձավ պատգամավոր, երեկ նախագահի նամակները փախցնողը դարձավ պատգամավոր: Հիմա ինձ համար ի՞նչ տարբերություն՝ այսօրվա նախագահի նամակ փախցնո՞ղն է լավ տղա, թե՞ երեկվա: Նույնն են: Իսկ հասարակությունը դա տեսնում է եւ հիասթափվում»,- ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ «Ոչ»-ի ճակատում նույնիսկ մի համատեղ հանրահավաք չեն կարողանում անցկացնել. «Հասկանում եք, գաղափար չկա, արժեհամակարգ չկա: Երբ հարցնում ես, ասում են` սրանց փոխենք, նոր արժեհամակարգ ստեղծենք: Ոչ, արժեհամակարգը դրեք քաղաքացու առջեւ, կարողացեք այնքան մաքուր լինել, որ քաղաքացին ձեզ ընդունի, եւ կտեսնենք, որ ժողովուրդը կկանգնի ձեր կողքին: Այս մարդիկ 2017 թվականին են նախապատրաստում իրենց, որպեսզի երկու մանդատ ավելի մուրան: Եվ ընդդիմությունը, եւ իշխանությունը պատասխանատու են այս իրավիճակի համար, բայց իշխանության մեղքի բաժինը շատ է: Իշխանությունը նաեւ պատասխանատվություն ունի»:

Երկրում առկա «գաղջ մթնոլորտի» ֆոնին մեր զրուցակիցը հիշում է, որ երբ վերջերս ռաբիս երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տրվեց, բոլորը հայհոյում էին, բայց ինքը հարց է հնչեցնում. «Մենք ունե՞նք ազգային երաժշտանոց, կոնսերվատորիա, ունե՞նք դոկտոր-պրոֆեսորների մի ամբողջ բանակ, ո՞ւր են նրանք, ո՞ւր է կոնսերվատորիայի ռեկտորը: Թող փորձեին պնակալեզ չլինել, տղամարդ լինել: Այդ դոկտոր-պրոֆեսորների խումբը թող հավաքվեր, մի ժողով աներ ու դիմեր նախագահին եւ ասեր՝ պարոն նախագահ, մենք ենք սրա մասնագետը, Ձեզ թյուրիմացության մեջ են գցել: Կտեսնեիք, թե ինչ արդյունք կստացվեր: Բայց չեն աշխատում: Օգնեք, սա օգնելու խնդիր է, որ գաղջ մթնոլորտը վերանա: Բերեք Արմենչիկին նշանակեք կոնսերվատորիայի ռեկտոր: Նրանք այդքան տղամարդկություն չեն ունենա իրենց գիտելիքների զոռով նախագահին դիմել: Անուններս մտավորական է` էս ի՞նչ է կատարվում` վատ հայերեն, վատ երգ, անկապ, անիմաստ, անհոտ եւ անգույն հեռուստահաղորդումներ: Մենք ունե՞նք բանասիրական ֆակուլտետ, լուրջ պրոֆեսորադասախոսական կազմ: Ունենք: Բայց Լեզվի տեսչության պետը Սերգո Երիցյանն է, որ տարիներ առաջ Հնդկաստան էր գնացել, կամրջի մոտ կանգնել էր եւ ասում էր` սիրելի հեռուստադիտողներ, Գանգես գետի վրա կառուցված այս կամուրջը, պարզվում է, կառուցվել է նրա համար, որպեսզի գետի մի ափը մյուսին միացնի»,- վրդովվեց մեր զրուցակիցը` տարակուսելով. «Ինձ համար նաեւ տարօրինակ է, թե Սերժ Սարգսյանի ինչի՞ն են նման մարդիկ պետք, երբ ուզում է գաղջ մթնոլորտը վերացնել»:

Ազատամարտիկին վրդովեցնում է նաեւ հեռուստաընկերությունների եթերից իբր ԵԿՄ-ի մասին հեռարձակվող հաղորդումները, որոնք նվիրված են լինում բացառապես ԵԿՄ նախագահի գովքին ու մեծարմանը: «Զորավարը եկավ, զորավարը գնաց, ազատագրված տարածքներ գիրք տարան… ինչի՞ եք զորավարախեղդ անում, ԵԿՄ-ն բարեգործական կազմակերպությո՞ւն է, որ գիրք է տանում: ԵԿՄ-ն արժեք է, բոլորս էլ գիտենք, բայց մի դեմքով երկի՞ր ենք գրավել: Ո՞նց կարելի է: Այնքան արժանի ու վաստակ ունեցող մարդիկ կան, ինչո՞ւ նրանց պատմությունները չկան: Մեկով ամբողջ ջոկատներ են պայմանավորում: Բայց այդ արժեքի տերը մեկը, երկուսը չեն, բոլորն են: Մեկը չի կարող հրամանատար լինել, եթե կողքը մարդ չկա»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ «Վարք զինվորաց» իր գրքով ինքը փորձում է հենց նման մարդկանց ասպարեզ բերել, հիմա էլ գրքի երկրորդ հատորի վրա է աշխատում:

Առաջիկայում հնարավոր է նաեւ հեռուստատեսային հաղորդում լինի. համապատասխան մարդկանց արդեն դիմել է, հաղորդումն էլ կոչվելու է «Ազատամարտիկների ակումբ», որտեղ կներկայացվեն բոլորը. «Խնդիրն այն չէ, որ Մանվելը լավն է կամ վատը: Բայց ճիշտ չէ: Չի կարելի այսքան պարզունակ լինել: Ժողովուրդն էլ տեսնում է` ընդդիմությունը սա է, իշխանությունն էլ: Չեմ հասկանում` իրենք իրենց մատով իրենց աչքը հանում են: Ի՞նչ «ոչ», ի՞նչ «այո». ժողովուրդը հոգնել է, պարզապես ապրել է ուզում: Վտանգը սահմանադրական բարեփոխումը չի, վտանգը հետոն է: Այս ամեն կուտակվածը մի օր մի տեղից շատ ծանր ձեւով կարող է դուրս գալ` ում ձեռքով ասես: Սրա մասին պիտի մտածել: Նախագահը պիտի այդ մտավորականներին ասի` մի լռեք, խոսեք, պահանջեք ինձնից: Թող ժողովուրդը տեսնի, որ գիտնական, պրոֆեսոր ունի: Այս կերպ պիտի իրավիճակը շտկվի, գաղջ մթնոլորտն էլ ցրվի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031