Արմավիրի մարզի «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում ավարտվեց արդեն ավանդական դարձած «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որն անցկացվեց հոկտեմբերի 23-25-ը: Այս տարի «Հայկի նետեր» միջազգային մրցաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին, սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Մրցաշարի անցկացմանը մեծ աջակցություն է ցուցաբերում Երկրապահ կամավորականների միությունը:
Սպորտի նկատմամբ Մանվել Գրիգորյանի հետաքրքրությունը դրսեւորվեց ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ հրադադարին հաջորդած շրջանում: Նա հիմնեց «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնը, և նրա անմիջական հոգածությամբ Հայաստանում առաջընթաց ապրեց նետաձգությունը: Զորավարն անձամբ նաեւ մասնակցում է այստեղ կազմակերպվող տարբեր միջազգային առաջնություններին և հերթական մրցաշարի ժամանակ կրկին այցելեց, ողջունեց ներկաներին:
Հայաստանի նետաձգության ֆեդերացիան ՝ ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ, «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում տարիներ շարունակ անցկացվում են տարբեր մրցաշարեր, հուշամրցաշարեր, Եվրոպայի առաջնության խաղեր:
Այս օրերին անցկացվող «Հայկի նետեր» մրցաշարին մասնակցում էին 4 պետության 10 թիմ: Մրցաշարն ընթացավ ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում: Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը:
Կարդացեք նաև
Տղաների անհատական պայքարում առաջին տեղը գրավեց Ղազախստանի ներկայացուցիչը, երկրորդ և երրորդ տեղերը բաժին հասան Հայաստանի ներկայացուցիչներին:
Աղջիկների անհատական պայքարում առաջին պատվավոր հորիզոնականում Վրաստանի ներկայացուցիչն էր, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականներում կրկին հայ նետաձիգներն էին:
Տղաների թիմային պայքարում առաջին և երկրորդ հորիզոնականներում Հայաստանի, իսկ երրորդում՝ Աջարիայի թիմն էր:
Աղջիկների թիմային պայքարում մեր թիմը կրկին հաջողություն ունեցավ՝ զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականը, երկրորդում Աջարիայի, իսկ երրորդում Ղազախստանի թիմերն էին:
Մրցաշարի հաղթողներին հանձնվեցին հուշամեդալներ և պատվոգրեր: Բարձր ցուցանիշներ ապահովելու համար պատվոգրեր հանձնվեցին նաև թիմերի մարզիչներին: Մրցաշարի կազմակերպիչները վստահ են, որ տարեցտարի կընդլայնվի մրցաշարին մասնակցող մարզիկների ու պետությունների թիվը:
Հարևան երկրների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու, հյուրնկալ ու ջերմ մթնոլորտի համար:
«Հայկի նետեր» մրցաշարը նպատակ ունի մեծացնելու Հայաստանի և հարևան երկրների մարզիկների պատրաստվածության աստիճանը, իսկ մրցակցությունը լավ փորձ կլինի՝ հետագայում ավելի մեծ հաջողություններ ունենալու համար:
Երկրապահ կամավորականների միության մամուլի հաղորդագրություն