Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2014-ի զեկույցի քննարկումը ԱԺ-ում շարունակվում է:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը զեկույցը լսելուց հետո դժգոհեց, որ նրա հիմնական գործառույթն է հետեւել մարդու իրավունքներին, բայց զեկույցում ինչին ասես, որ չանդրադարձավ՝ էլ դեղերի գներին, էլ պետպատվերով դեղերի խնդիրներին, խնամակալության մարմիններին, դատական համակարգում անգամ փաստաթղթերի պատճենահանման թանկության մասին խոսեց, բայց ամենակարեւոր հարցին չանդրադարձավ. «Սրանք բոլորը շատ կարեւոր պրոբլեմներ են, բայց դուք ամենակարեւոր խնդիրներին չեք անդրադառնում բացարձակապես: Մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների վրա նայում եք՝ ասես երկրորդական խնդիրների վրա»:
Նա նաեւ դժգոհեց, որ Կարեն Անդրեասյանը ոչ մի կերպ չանդրադարձավ փետրվարի 12-ին հաջորդած իրադարձություններին, բռնաճնշումներին ԲՀԿ-Ժառանգություն-ՀԱԿ եռյակի վրա:
Կարդացեք նաև
Կարեն Անդրեասյանն էլ պատասխանեց, որ մարդու իրավունքների առաջնային եւ երկրորդական հարցեր չկան: Նա նշեց, որ ոչ թե զեկույցում, այլ ԱԺ-ի իր ելույթում բարձրացրել է ամենաերկար չլուծված, բայց լուծում ունեցող հարցերը. «Ներկայացրեցի այն հարցերը, որոնք ընդհանուր հեշտ լուծելի են, ոչ թե երկրորդական»:
Ինչ վերաբերում է եռյակի խնդրին, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Դրանք քաղաքական գնահատականներ են, եւ ես, հարգելով այդ գնահատականները, չեմ կարող միանալ դրանց: Ես կարող եմ միայն ասել, որ ոչ ՀԱԿ-ի, ոչ ԲՀԿ-ի կողմից կոնկրետ գանգատ այդ ճնշումների եւ բռնարարքների մասին չեմ ստացել: Հրապարակային ելույթները մեզ համար վարույթ հարուցելու հիմք չեն: Վարույթ ենք հարուցում այն դեպքում, երբ բռնարարքի ենթարկվածը չի կարող մեզ դիմել, օրինակ, երբ ունի հաշմանդամություն, կամ երբ բնություն է, օրինակ, ծառը մեզ չի կարող դիմել, երբ իրեն հատում են: Մնացած բոլոր սուբյեկտների մասին բազմիցս ասել ենք՝ մամուլում ինտերվյու տալ ու համարել դա մեզ դիմում՝ ճիշտ չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ