Նարեկը 5 տարեկան է, սակայն ծնված օրվանից հասակակիցների պես չի կարողացել իր առաջին՝ «մամա», «պապա» բառերն արտաբերել: Երեխան տարիներ ի վեր զրկված է եղել բառեր արտասանելու, խոսելու հնարավորությունից: Նարեկին մայրը լույս աշխարհ է բերել լեզվական ապարատի խնդիրներով: Երեխան ծնվել է լեզուն քիմքին կպած:
Սակայն արդեն քանի օր է՝ Նարեկի ծնողները վայելում են իրեց փոքրիկի թոթովանքը: Նրան խոսելու ունակությունը վերադարձրին այս օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետները: Կողբ գյուղի բնակիչ Նարեկն առաջին փոքրիկն էր, որ Նոյեմբերյանի հիվանդանոցում ենթարկվեց դիմածնոտային վիրահատության:
Այս օրերին սահմանամերձ մարզում հյուրընկալված բժիշկներն արդեն հասցրել են դիմածնոտային մի քանի բարդ վիրահատություններ կատարել: Իսկ Լիլիթի դեպքը նրանք գնահատում են որպես աննախադեպ վիրահատական միջամտություն: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ 35-ամյա Լիլիթը, որը երեք երեխաների մայր է, մեկ գիշերում կորցրել էր խոսելու ունակությունը: Նախկինում դիմածնոտային որեւէ խնդիր չունեցող կինը մի առավոտ հայտնաբերել է, որ չի կարողանում բերանը բացել-փակել, խոսել եւ ուտել: Հարազատները նրան կերակրել են ձողի միջոցով: Բժիշկները պարզել են, որ տիկնոջ մոտ բերանի մկանային, հոդային խանգարում է տեղի ունեցել: Արտերկրից ժամանած մասնագետները մի քանի ժամ շարունակ բարդ վիրահատություն են իրականացրել եւ հոդերի տեղափոխում կատարել, ինչի արդյունքում Լիլիթն արդեն կարողանում է բերանը նորմալ բացել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները սահմանամերձ Տավուշի մարզ են ժամանել Նոյեմբերյանի հիվանդանոցում տեղի եւ հարակից գյուղերի բնակիչներին օգնելու, բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով:
ԱՄՆ-ից եկած բժիշկները, որոնց թվում են հայ եւ օտարազգի հայտնի սրտաբաններ, մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, վիրաբույժներ եւ նեղ մասնագիտացում ունեցող այլ բժիշկներ, հնգօրյա այցի շրջանակներում սպասարկում են բուժօգնության կարիք ունեցող բնակիչներին:
Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ
24.10..2015