Լրահոս
Օրվա լրահոսը

Տանիքի վրա մահացածի կարճման գործով քննիչը ձեռքի հետ «կարճել» է մեկ այլ գործ

Հոկտեմբեր 26,2015 14:00

Երեւան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանին է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Դավիթ Հունանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը (լուսանկարում): Նա բողոք է բերել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Է. Ավդալյանի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին օգոստոսի 12-ի որոշման դեմ: Փաստաբանը խնդրում է վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:

«Առավոտը» տեղեկացրել էր 2014 թ. ապրիլի 13-ին Երեւանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին:

Պայմանագրային հիմունքներով չափագրումներ իրականացնող «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լեւոն Հունանյանը «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության 3-րդ մասնաշենքի տանիքի երդիկը կոտրվելու պատճառով ընկել էր 3-րդ մասնաշենքի հատակին: Ըստ քրեական գործի նյութերի, նա անգիտակից վիճակում տեղափոխվել էր «1-ին Համալսարանական» հիվանդանոց եւ գիտակցության չգալով՝ մահացել էր:
Քննիչի կողմից նշանակվել էին դատաշինարարատեխնիկական, դատատեխնիկական փորձաքննություններ: Ըստ Լիպարիտ Սիմոնյանի, քննիչը քրեական գործի վարույթը կարճել է եւ դրա հիմքում է դրել դատաշինարարատեխնիկական փորձաքննության թիվ 15531407 եզրակացությունը, Հմ-15-1538 ճարտարագիտատեխնիկական փորձագետի եզրակացությունը:

Որոշման պատճառաբանական մասում քննիչը նշել է. «Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լեւոն Հունանյանը բջջային հեռախոսով խոսելու նպատակով, առանց համապատասխան թույլտվության, 3-րդ հարկի իրեն հատկացված աշխատասենյակից դուրս է եկել 3-րդ մասնաշենքի հարթ տանիք, բարձրացել տանիքի վրա առկա արեւային լուսավորությունը ապահովող օրգանական ապակուց թմբաձեւ երդիկի վրա, այն կոտրվել է եւ ընկել նույն մասնաշենքի հատակին եւ մահացել, ուստի տվյալ դեպքում որեւէ մեկի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հանցակազմի հատկանիշներ չեն դիտվում»: Իսկ «որոշեցի» մասում նշել էր. «Թիվ 13838614 քրեական գործով վարույթը կարճել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքում»:

Լիպարիտ Սիմոնյանի կարծիքով, գործով չի իրականացվել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն. «Ինչպես երեւում է քննիչի կողմից կայացված որոշման պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից, ապա ակնհայտ է, որ քննիչի կողմից կարճվել է մեկ այլ քրեական գործի վարույթ»:

Փաստաբանը պարզել է, որ խոսքն, իսկապես, մեկ այլ քրեական գործի վարույթի կարճման մասին է: Այսպես, քննիչը «որոշեցի» մասի 3-րդ կետում նշել է, որ «Որոշման պատճենը քրեական գործի նյութերի հետ միասին ուղարկել Վայոց ձորի մարզի դատախազին՝ քրեական գործի կարճման օրինականությունը ստուգելու համար»:

Նկատենք, որ սույն քրեական գործը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում եւ հետեւապես դրա կարճման օրինականությունը պետք է ստուգվեր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից: Վայոց ձորն ո՞ւր, Կենտրոն եւ Նորք-Մարաշն ո՞ւր:

Լ. Սիմոնյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ քննիչը միտումնավոր կարճման որոշումը չի հայտնել տուժողի իրավահաջորդին՝ որդեկորույս հորը: «12.08.2015թ. երեկոյան 2 ժամից ավելի տուժողի իրավահաջորդի հետ զրուցելուց հետո, նրան էր տրամադրել 03.07.2015թ. որոշումը եւ ծանոթացման էր ներկայացրել փորձագետի եզրակացությունը: Հատկանշական է, որ այդպես էլ քննիչ Է. Ավդալյանի կողմից տուժողի իրավահաջորդին չի տրամադրվել կամ ուղարկվել քրեական գործի վարույթը կարճելու մասին հենց օգոստոսի 12-ի որոշումը, այլ այն տրամադրվել է մեկ այլ քննիչի կողմից տուժողի իրավահաջորդի 10.09.2015թ. ներկայացված բողոքից հետո՝ կարճման որոշումը կայացվելուց 35 օր անց»,- ասում է Լ. Սիմոնյանը:

Ի դեպ, քննիչ Ա. Ավդալյանը տեղեկանալով, որ փաստաբանը բացակայելու է ՀՀ-ից, քննչական բաժին է հրավիրել Դավիթ Հունանյանին եւ նրան է տրամադրել փաստաբանի միջնորդությունը մասնակի մերժելու մասին 03.07.2015թ. որոշումը, որով մերժվել էր փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու մասով նրա միջնորդությունը:
«Ակնհայտ է, որ իմ ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը ինձ` վստահորդիս միջոցով, փոխանցել է այն կայացնելուց 40 օր անց, այսինքն՝ քննիչի կողմից խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի պահանջները»,- երեկ հավելեց Լ. Սիմոնյանը:

Մի բան պարզ է, որ տուժող կողմին ժամանակին չիրազեկելը մի միտում ունի, որպեսզի մինչեւ փորձաքննության ավարտը նա հնարավորություն չունենար բողոքարկելու եւ փորձագետին չտար լրացուցիչ հարցեր:

Մինչեւ օրս, Դավիթ Հունանյանին պարզ չէ, թե շինարարական աշխատանքների թույլտվության բացակայությունը ինչով է պայմանավորված, ինչու չի արգելվել Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲԸ 2-րդ մասնաշենքից դեպի 3-րդ մասնաշենքի տանիք տանող ճանապարհ հանդիսացող միջանցիկ 2 մետր բարձրության մեծ, բաց անապակի պատուհանի մուտքը, ինչով բացատրել, որ տանիքի վրա առկա է ողորկ արեւային լուսավորությունն ապահովող օրգանական ապակե երդիկների թմբաձեւ հատվածի մի մասի վրա փռված սեւ գույնի նյութ՝ տոլ, որն ըստ փորձագետի եզրակացության՝ չպետք է լիներ կամ բարձրացված լիներ թմբաձեւ երդիկի կառուցվածքի վրա, այլ այն պետք է լիներ երդիկի կառուցվածքի տակ: Արդյոք այդ նյութի առկայությունը չի՞ հանդիսացել անվտանգության տեխնիկայի եւ աշխատանքի պաշտպանության խախտում:

Ի դեպ, ոչ աշխատանքային եւ տոն օրերին հայտնի չի եղել, թե ինչ կերպ է իրականացվել «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲԸ շենք մուտքն ու ելքը. արդյոք կատարվե՞լ են համապատասխան գրառումներ մուտք ու ելք անող անձանց վերաբերյալ, թե՞ ոչ, ինչպես նաեւ ո՞վ կամ ովքե՞ր են եղել այդ օրերի անվտանգության համար պատասխանատու:

Լ. Սիմոնյանն իր բողոքում վկայում է մի փաստական հանգամանքի մասին նույնպես՝ քննիչի որոշման նկարագրական մասը: Քննիչը նշել է. «2014թ. ապրիլի 13-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Լեւոն Հունանյանը գտնվել է աշխատավայրում: Ժամը 14:45-ից ժամը 15:15-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում բջջային զանգ է ստացել եւ խոսելու նպատակով գլխավոր մասնաշենքի 3-րդ հարկի իրեն հատկացված աշխատասենյակից դուրս եկել»: Քննիչի որոշման մեջ նշված հանգամանքից երեւում է, որ իբրեւ Լ. Հունանյանը 14:47-ից մինչեւ 15:15-ը հեռախոսազրույցներ է ունեցել եւ զանգեր ստացել: Սակայն փաստաբանի պնդմամբ. «Գործի փաստական հանգամանքերից երեւում է, որ Լեւոն Հունանյանը մինչեւ դժբախտ դեպքը վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ոչ թե ժամը 14:45-ից ժամը 15:15-ի սահմաններում, այլ ժամը 14:47-ին, իր ընկերոջ հետ եւ այդ հեռախոսազանգից հետո, այլեւս նրան ուղղված հեռախոսազանգերը մնացել են անպատասխան, որից եւ հետեւում է, որ դեպքը տեղի է ունեցել 14:47-ից վայրկյաններ անց»:

Անհասկանալի է, թե քննիչը ինչ նպատակով է դեպքի իրադարձությունները փորձում մոտ 30 րոպե ուշ նկարագրել. «Գուցե դրանում թաքնված է մեկ այլ նպատակ, որը դեռեւս հասու չէ տուժող կողմին, քանի որ գործի նյութերը դատախազությունում գտնվելու պատճառով տուժող կողմին չի տրամադրվել ծանոթանալու կամ քննիչը փորձել է վայր ընկնելու ժամը «մոտեցնել» շտապօգնության կանչ գրանցելու ժամի հետ»,- ասում է Լ. Սիմոնյանը: Հարցերի հարցը մնում է այն, թե ինչպես քննիչը եզրահանգեց, թե Լեւոն Հունանյանը բարձրացել է երդիկի վրա եւ ոչ թե միայն մեկ ոտքն է հենվելու համար դրել մի հատվածին փռված տոլի վրա: Եթե կան վկաներ, որոնք տեսել են Լեւոն Հունանյանի վայր ընկնելու պահը, ապա տվյալ դեպքում հարց է առաջանում, թե ինչու են մեկ ժամ շարունակ անօգնական վիճակում թողել նրան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031