«Հրայր Թովմասյանը զբաղված է»,- Aravot.am-ին եւ 168.am-ին հայտնեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք՝ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը Ազգային ժողովի շենքի դիմաց նստացույց է սկսել, այժմ Ազգային ժողովի դիմաց սպասում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, որին պետք է ներկայացնեն իրենց դիմումը, որը 7.5 հազար քաղաքացի է ստորագրել: Այդ դիմումով նախաձեռնությունը պահանջում է Ազգային ժողովում քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, հրապարակել 2012, 2013 համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանից բացակայող քաղաքացիների ցուցակը, հրապարակել 2012 թվականից ի վեր կառավարության բոլոր ծախսերին վերաբերող մանրամասն տեղեկություններ:
Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրեց, որ իրեն մոտեցել է Ազգային ժողովի Քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի վարիչ Հակոբ Հարությունյանը եւ առաջարկել իրենց դիմումը տալ նամակների բաժին, որն էլ իր հերթին կփոխանցի ԱԺ աշխատակազմի ղեկավարին: Նա նշել է, որ Հրայր Թովմասյանը չի պատասխանում իր զանգերին. Պետք է որ զբաղված լինի: Անդրիաս Ղուկասյանը ասաց, որ իրենք մինչեւ օրվա վերջ ժամանակ են տալիս Հրայր Թովմասյանին, ըստ նրա, դա ողջամիտ ժամանակ է:
Քիչ առաջ Հակոբ Հարությունյանը մեկ անգամ եւս մոտեցավ Անդրիաս Ղուկասյանին, այս անգամ նշեց, որ խոսել է Հրայր Թովմասյանի հետ, որը առաջարկել է նախաձեռնության անդամներին հանդիպել մեկ այլ պաշտոնյայի հետ՝ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ