Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, գիտենք, որ կքվեարկեք եւ կանցկացնեք, բայց սա անընդունելի է». Բիշարյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2015 13:14

ԱԺ նիստում այսօր քվեարկության դրվեց Տիգրան Ուրիխանյանի հեղինակած ՀՀ Ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Դեմ քվեարկեց 63 պատգամավոր, կողմ՝ 42, ձեռնպահ՝ 5 եւ որոշումը չընդունվեց:

Նույնականացման քարտերի խնդրին անդրադարձավ նաեւ ՕԵԿ-ը: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ «Բազմաթիվ անգամ բարձրացրել ենք նույնականացման քարտերի խնդիրը, որ ID քարտերով իրավունք չկա ընտական գործընթացներին մասնակցելու: 500 հազար մարդ ունի նույնականացման քարտ, որից 170 հազարը ունի միայն ID քարտ, մնացածն ունեն երկուսն էլ՝ նաեւ անձնագրեր: Ստացվում է, որ մենք պետք է խնդիրը լուծեինք, որ այդ քարտերով ընտրություն տեղի չունենար, բայց քաղաքական մեծամասնությունը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով ուզում է երկու օրենքներում փոփոխություն անել եւ ավելացնել, որ նույնականացման քարտը ծառայում է որպես անձը հաստատող փաստաթուղթ եւ ID քարտ ունեցողների համար անհրաժեշտ չէ կնիքը: Սա լուծում չէ: Մենք երկակի ստանդարտ ենք օգտագործում եւ ի սկզբանե կասկածի տակ ենք դնում հանրաքվեի անցկացումը: Անընդունելի է երկակի ստանդարտով առաջ գնալ»:

Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ քննարկումներ էին ընթանում, ՕԵԿ-ը կարող էր դրանց մասնակցել կամ իր լուծումն առաջարկել:

Ավելի ուշ Հեղինե Բիշարյանը նորից բողոքեց, որ ՀՀԿ-ի գործելակերպն անընդունելի է եւ իրենք մտածում են հանրաքվեի գործընթացը կասկածի տակ դնելու մասին. «Շահառուն մենք չենք, բայց պետք է մտածենք, որ երկրում չի կարելի ընտրություններին մի քաղաքացուն ասել՝ քեզ համար կնիքը պարտադիր է, մյուսի համար պարտադիր չէ, քեզ համար հասցեն պարտադիր է, մյուսի համար պարտադիր չէ: Հարգելի քաղաքական մեծամասնություն, գիտենք, որ կքվեարկեք եւ օրենքը կանցկացնեք, բայց սա անընդունելի է»:

Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ Ընտրական օրենսգիրքը բավականին լուրջ վերահսկողական լծակներ է առաջարկում: Հովհաննես Սահակյանն էլ առաջարկեց, որ բոլորով միանան եւ վերահսկողություն իրականացնեն ընտրությունների նկատմամբ, իսկ փոփոխություն անելու ժամանակ չի մնացել:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ Գալուստ Սահակյանին դժգոհեց, որ ՕԵԿ-ի մեկ այլ նախագիծ չի մտել օրակարգ. «Համատարած թունավորումներ են տեղի ունենում մեր առօրյայում, Սննդամթերքի անվտանգության մասին օրենքի նախագիծը չի քննարկվում երկրորդ ընթերցմամբ: Տեսնում ենք ինչ է կատարվում սննդամթերքի արտադրման ոլորտում: 5 րոպե է անհրաժեշտ, որ այս օրենքը ընդունվի, առաջարկում եմ, որ այս հարցը այս քառօրյայում գոնե քննարկենք: Էնքան օրենքներ կան, որ 24-ժամյա ռեժիմով ընդունվում են, սա կարեւորագույն հարց է»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ կնայեն, եթե անհրաժեշտ լինի՝ կընդգրկեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031