Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Ուորլիքի հակասական հայտարարությունները` Ադրբեջանի համաձայնության վերաբերյալ

Հոկտեմբեր 26,2015 12:49

Այսօր ՀՀ ԱՄՆ դեսպանատանը հրավիրված ասուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Aravot.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց, որ պաշտոնական Բաքում չի մերժել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների իրականացումը շփման գծում, մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն այդ առաջարկը չի ընդունել:

Մեր այն հարցին` արդյոք չե՞ք պատրաստվում ԱՄՆ կոնգրեսականների կոչից հետո` հավասարության նշան չդնել կողմերի միջև՝ վերանայել Ձեր հայտարարությունների բնույթը, պարոն Ուորլիքը պատասխանեց. «Կոնգրեսական Ռոյսի և Ինգըլի նամակները տեսել եմ, բայց դեռ պաշտոնապես ինձ չեն հասել: Մենք հիմնարար առումով ընդունում ենք այն առաջարկները, որոնք ներկայացվում են կոնգրեսականների կողմից: Սրանք նորություն չեն, սրանք գաղափարներ ու հարցեր են, որոնց ուղղությամբ համանախագահներն աշխատել են արդեն որոշակի ժամանակ»:

Երկու երկրների միջև հավասարության նշան չդնելու կոչի մասին պարոն Ուորլիքն ասաց. «Հարցերին մեկն այն է, որ համանախագահներն առաջարկել են, որ մենք վերսկսենք քննարկումները շփման գծում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ իրականացնելու վերաբերյալ: Դա օգտակար կլինի շփման գծի ու միջազգային սահմանի մասով: Այս գաղափարները քննարկվել են և չեն մերժվել Բաքում: Անհրաժեշտ է, որ մենք ունենանք հետաքննությունների մեխանիզմ, որ մի կողմը մյուսին չմեղադրի, և մենք հիմքեր չունենանք պարզելու, թե որ կողմն է տվյալ բռնության կամ ագրեսիայի դրսևորման հեղինակը եղել»:

Համանախագահն ասաց, որ Ռոյսի և Ինգըլի առաջարկները` վստահության ձևավորման միջոցներ ձեռնարկելու առումով, համանախագահների կողմից ընդունվում են և իրենք պատրաստ են աշխատել կողմերի հետ: Հստակեցմանը` մի՞թե Ադրբեջանն ընդունել է հետաքննությունների իրականացման առաջարկը, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այն չի ընդունվել, պարոն Ուորլիքն այսպես արձագանքեց. «Առաջարկը չեն ընդունել: Արդեն շուրջ երեք տարի է այս մեխանիզմները դիտարկվում են, ու մի քանի տարի առաջ Ալիևը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ բաց է այդ գաղափարի համար: Տեսնենք, թե դա ուր կարող է տանել: Եթե կողմերն ուզենան, մենք կարող ենք օգնել, որ հետաքննությունների մեխանիզմներն իրականացվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031