Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության թեման՝ իտալական գրականության մեջ

Հոկտեմբեր 26,2015 13:00

Կամ՝ ինչպես ադրբեջանական միջոցառմամբ չհաջողվեց հանրության ուշադրությունը
շեղել հայազգի գիտնականի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդեսից:

Հոկտեմբերի 20-ին Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի կենտրոնական պալատում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանի «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» գրքի շնորհանդեսը (ԵՊՀ հրատ., 2015): Գրքում հեղինակը ներկայացնում եւ գրական, լեզվաբանական ու հոգեբանական տեսանկյուններից բծախնդիր վերլուծում է Հայոց ցեղասպանության վերապրյալների վկայությունները, ականատեսների հիշողություններն ու Իտալիայում լույս տեսած գեղարվեստական գրականությունը: «Սա Իտալիային անդրադարձող առաջին համապարփակ աշխատությունն է եւ, որպես այդպիսին, նշանակալից դեր ունի այս երկրում հանգրվանած հայ վերապրյալների եւ օտարազգի վկաների փորձառության ու հիշողությունների մասին մեր ըմբռնումը խորացնելու գործում»,- գրքի նախաբանում գրում է Կանադայի Թագավորական ռազմական համալսարանի քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր Ալան Ուայթհորնը:

Ուսումնասիրությունը կատարվել է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության հիմնարար եւ կարեւորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ» ծրագրի շրջանակում՝ ՀՀ սփյուռքի նախարարության տրամադրած դրամաշնորհով: Գրքի առաջին գլուխը քննության է առնում Իտալիայում Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված հուշագրություններն ու որոշ գեղարվեստական գրքեր: Մինչ հետազոտության վերլուծական մասերը արեւելահայերեն են, հուշագրություններից կատարված մեջբերումներն իտալերենից թարգմանված են արեւմտահայերեն՝ թե՛ խոսքին բնականություն հաղորդելու եւ թե՛ Մեծ եղեռնի սերնդի լեզուն վերապրեցնելու միջոցով եւս մեկ անգամ վերապրյալներին ու նահատակներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով:

sona-Harutyunyan
«Իտալիայի հայ համայնքի հուշագրությունները տառապալից վկայություններն են այն սարսափների, որոնց միջով անցել են վերապրյալներն ու նրանց ընտանիքները: Այս հուշագրություններն, ի թիվս այլոց, կարեւոր են` վառ պահելու համար ողբերգական իրադարձության այն հիշողությունները, որոնք իրենց դրոշմը թողեցին ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության պատմության եւ դարի վրա` հայտնի որպես ցեղասպանությունների դարաշրջան»,- իր ելույթում ասել է Սոնա Հարությունյանը:
Հետազոտության երկրորդ գլուխը քննարկում է գրական ժանրը` որպես Հայոց ցեղասպանության պատմական հիշողությունն առավել ուշագրավ դարձնող միջոց` առանձնահատուկ ուշադրության արժանացնելով իտալահայ նշանավոր վիպագիր Անտոնիա Արսլանի` Եղեռնին նվիրված ստեղծագործությունները: Գլխում շեշտվում է նաեւ թարգմանության ուժը` որպես միջմշակութային, միջլեզվական կամուրջ, եւ ներկայացվում են «Արտույտների ագարակը» վեպի բազմաթիվ լեզուներով թարգմանությունները, ինչպես նաեւ բացառիկ հարցազրույցներ թարգմանիչների հետ: Մենագրության վերջում անդրադարձ է կատարվում իտալացի կինոբեմադրիչներ Տավիանի եղբայրների կողմից նկարահանված «Արտույտների ագարակը» վեպի էկրանավորված տարբերակին: Առաջին անգամ ներկայացված են նաեւ աշխարհի տարբեր համալսարաններում հեղինակի բազմաթիվ քննարկումների արդյունքում կինոգետներից եւ ուսանողներից ստացված պատասխանները «Արտույտների ագարակը» վեպի եւ համանուն ֆիլմի վերաբերյալ:

Սոնա Հարությունյանի «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» գրքի շնորհանդեսի միեւնույն օրը, ադրբեջանցիները զուգահեռ միջոցառում էին կազմակերպել համալսարանի միեւնույն պալատի մեկ այլ դահլիճում՝ «Ադրբեջանական եւ իտալական տեսակետները բազմամշակութայնության վերաբերյալ» թեմայով: Սակայն նրանց չհաջողվեց շեղել հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդեսից, որը լայնորեն լուսաբանվեց` դասվելով համալսարանի կարեւորագույն միջոցառումների շարքին:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
24.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Սոնա Յարիւթիւնեանի վերջին տարիներու գիտական հրատարակութիւններն ու թարգմանութիւնները Վենետիկի Գա Ֆոսկարի համալսարանի հովանիին տակ թարմացուցին
    հայագիտական գիտելիքները իտալիոյ մէջ,։ Շնորհաւորելի է իր կատարած աշխատանքին համար։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031