Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակարանիս մի անկյունում արվեստանոցի իմիտացիա եմ արել»

Հոկտեմբեր 26,2015 12:30

Երիտասարդ գեղանկարիչ Արմեն Զաքարյանը հույս ունի,
որ մի օր իսկական արվեստանոց կունենա

Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում եւ արտասահմանում մի շարք միջոցառումներ կայացան: Դրանց մի մասը շարունակություն ունի: Դրանց թվում է ամռանը Հայաստանի ազգային պատկերասրահում «Պատասխան 100 տարի անց» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված էր ճանաչված եւ երիտասարդ գեղանկարիչների ու քանդակագործների 27 աշխատանք, այդ թվում՝ երիտասարդներից քանդակագործներ Նարեկ Կնյազյանի «Մենություն», Ռաֆայելի «Կոմիտաս», գեղանկարիչներ Արմեն Զաքարյանի «Հնշողություններ», Արա Շահումյանի «Պատասխան 100 տարի անց», Սուրեն Սաֆարյանի «Որն է իմ մեղքը» ստեղծագործությունները։
«Առավոտի» հետ զրույցում Արմեն Զաքարյանն ասաց, որ հիշյալ միջոցառումից հետո «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ իրենք՝ մասնակից արվեստագետները, ուղեւորվել են Արեւմտյան Հայաստան, եղել են Իգդիրում, Անիում, Վանում, Կարսում, Բերկիրում։

Armen_Zaqaryan_3

«Վանա լիճը»

«Մեկշաբաթյա ուղեւորության ընթացքում հասցրեցինք նաեւ սեփական աչքերով տեսած մեր պապենական հողերը հանձնել կտավին, հենց այնտեղ ստեղծվեցին «Վանա լիճը», «Անիի մայր տաճարը» գործերս։ Մեզ հետ էր կինովավերագրող Արտակ Ավդալյանը, որը ժապավենին էր հանձնում ողջ ուղեւորությունը։ Ֆիլմն այս պահին մոնտաժման փուլում է եւ շատ շուտով կներկայացվի հանդիսատեսին։ Թողարկվել են Ազգային պատկերասրահում ներկայացված գործերի նամականիշերը»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Արմեն Զաքարյանին արվեստասեր հասարակությունը պետք է որ մտաբերի 2000-ների սկզբներից։ Երիտասարդ գեղանկարիչը մասնակցել էր խմբակային ցուցադրությունների եւ ունեցել երեք անհատական ցուցահանդես։ Նա պատրաստվում է նոյեմբերին երկրորդ անգամ մասնակցել ՀՀ նկարիչների միության կազմակերպած երիտասարդական հանրապետական ցուցահանդեսին։ Համաձայնելով դիտարկմանը, թե իր գործերում գերակշռում են կոմպոզիցիաները, դիմանկարները, բնանկարները, եւ գուցե դրանք ավելի՞ պահանջված են արտերկրում վաճառքի առումով, Արմենն ընդամենն ասաց, որ անձնական կապեր ունի կոնկրետ Պրահայում, որտեղ իսկապես վաճառվում են իր գործերը։

Armen_Zaqaryan_1

«Հիշողություններ» կոմպոզիցիան

Հետաքրքրությանը՝ իսկ Երեւանո՞ւմ… եւ արդյոք ունի՞ պայմաններ՝ ստեղծագործելու համար, մեր զրուցակիցը՝ բաց թողնելով հարցի առաջին մասը, ժպիտով պատասխանեց. «Բնակարանիս մի անկյունում արվեստանոցի իմիտացիա եմ արել, բայց հավատում եմ, որ մի օր իսկական արվեստանոց կունենամ»։ Հավելեց, որ ներկայումս դասավանդում է Մալաթիայի եւ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցներում։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031