«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն արդեն 10 և ավելի տարի է, ինչ գործունեություն է ծավալել նաև ԼՂՀ Քաշաթաղի շրջանում: 2015 թվականին հիմնադրամի մասնակցությամբ շրջանում իրականացված բարեգործություններից է Աղավնատուն համայնքի Խաչգետիկ գյուղում կառուցած բուժկետը, որի բացումը կայացավ հոկտեմբերի 23-ին: Այս կարևոր կառույցն իրականություն դարձավ «Թուֆենկյան» հիմնադրամի, «ONE ARMENIA» կազմակերպության և Լոնդոնում գործող «Հայկական կենտրոն տրեստ» («ARMENIAN CENTRE TRUST» (ACT)) կառույցի միջոցներով:
Աղավնատուն գյուղական համայնքը կազմված է Հարար, Խաչգետիկ և Աղավնատուն գյուղերից: Յուրաքանչյուր բնակավայր ունի 11 ընտանիք: Բնակչության ընդհանուր թիվը՝ 133 մարդ, որից 30 նախադպրոցական երեխա, 24 աշակերտ: Համայնքի գյուղերն ազատագրվել են 1993 թվականի ամռանը, վերաբնակեցվել մեկ տարի անց, դպրոցը սկզբում գործում էր Հարար գյուղում, իսկ 10 տարուց ավելի է՝ Խաչգետիկում՝ երկհարկանի շենքում: Հարարից և Խաչգետիկից աշակերտները դպրոց են գալիս հատկացված մեքենայով:
Համայնքի ղեկավար Նազիկ Մելքոնյանը կարևորեց բուժկետի բացումը՝ շնորհակալություն հայտնելով բարերարներին, որ տեսնելով համայնքի խնդիրները՝ կառուցեցին բուժկետը, որի բացման արարողությանը ներկա էին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անդրանիկ Կասպարյանը, աշխատակիցներ Մարո Մաթոսյանը, Էդիկ Գրիգորյանը, Ջորջ Տաբակյանը, ԼՂՀ առողջապահության փոխնախարար Կարեն Ղուկասյանը, «Հայկական կենտրոն տրեստ»-ի հոգեբարձուներից Տոնի Կանվեն, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Կառլեն Բալայանը, բժիշկներ, հյուրեր, համայնքի բնակիչներ:
Կարդացեք նաև
Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին դպրոցի սաները: «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրեն Ա. Կասպարյանը ներկայացրեց բարերարներին, կարևորեց նրանց հետ համագործակցությունը: «Մենք արդեն ծանոթ ենք Քաշաթաղի շրջանի խնդիրներին. տեղյակ ենք, որ Աղավնատունն ունի լուծելու շատ խնդիրներ, և դրանք ինչ-որ չափով թեթևացնելու համար կառուցեցինք այս բուժկետը», -ասաց Ա. Կասպարյանը՝ հավելելով, որ հիմնադրամը Քաշաթաղի կայացումը համարում է ռազմավարական մեծ խնդիր, և տարածքում ստեղծում է աշխատատեղեր, օգնում համայնքներին տարբեր բնագավառներում: Նշեց նաև, որ այս աշխատանքները լինելու են շարունակական:
Բուժկետի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին ԼՂՀ առողջապահության փոխնախարարը, բարեգործական կառույցների ներկայացուցիչները: Շնորհավորելով Աղավնատուն համայնքի բնակչությանը՝ ԼՂՀ ԱՆ փոխնախարար Կ. Ղուկասյանը կարևորեց բուժկետի դերը և շնորհակալություն հայտնեց բարերարներին:
Բուժկետի բացման արարողությունից հետո զրուցեցի բարերարների հետ: «Հայկական կենտրոն տրեստ»-ի հոգաբարձուներից Տոնի Կանվեն ասաց, որ այս բուժկետի կառուցումն իրենց կազմակերպության կողմից Արցախում առաջինն է: Նշեց՝ դրամաշնորհն առաջանում է հանգանակության շնորհիվ, և եթե նորից հնարավոր լինի, այլ բարեգործություն ևս կկատարեն: «Սփյուռքը պետք է միշտ լինի Արցախի կողքին, օգնի բոլոր բնագավառներում: Այս հողերը Հայկական լեռնաշխարհի մի մասն են, և վայրենի օտարն այստեղ գործ չունի», -ասաց Տոնին, – ապա ավելացրեց, որ ամիսներ առաջ են եղել այստեղ, ծանոթացել համայնքի խնդիրներին և համատեղ կառուցել բուժկետը: Ասաց նաև, որ Սփյուռքում շատերը չգիտեն Արցախի, Քաշաթաղի մասին, այս հարցում ԼՂՀ կառավարությունը պետք է տեղեկատվություն շատ տարածի:
«Թուֆենկյան» հիմնադրամի ՀՀ ներկայացուցիչ Ջոն Տաբակյանը նշեց, որ 2 տարի առաջ են ծանոթացել համայնքի խնդիրներին, կարևորել այս բնակավայրերի դերը նաև, որ Քաշաթաղի շրջանը կապում է Հադրութի հետ:
-Լավ համայնք է, աշխատասեր ու հայրենասեր մարդիկ են այստեղ ապրում, և մեր համագործությամբ կայացավ բուժկետի կառուցումը, հուսով եմ՝ նոր աշխատանքներ ևս կիրականացնենք այստեղ, -իր շնորհավորական խոսքում ավելացրեց Ջոնը:
«ONE ARMENIA»-ի ներկայացուցիչ Աստղիկ Սայադյանը տեղեկացրեց, որ կազմակերպությոնը գործում է Երևանում, ունի 3 տարվա պատմություն, ղեկավարն է Պատրիկ Սարգսյանը: Այս տարիների ընթացքում իրենք Քաշաթաղի շրջանում իրականացրել են Քարոտան գյուղի խմելու ջրատարի գործարկումը, Մոշաթաղի մանկապարտեզի կայացումը և ահա այս բուժկետի կառուցման օժանդակելը: Նշեց՝ հետագայում նույնպես աշխատանքներ կիրականացվեն շրջանում:
Բարերարներն այցելեցին նաև բուժկետի հարևանությամբ գտնվող դպրոց, ծանոթացան խնդիրներին, որոնցից է շենքի նորոգումը: Համայնքի ղեկավարն ասաց, որ տանիքի թիթեղներն արդեն փտել են, պետք է փոխվեն: «Թուֆենկյան» հիմնադրամի ներկայացուցիչները պատրաստակամ են հնարավորության դեպքում նաև դպրոցի նորոգումն իրականացնել, բայց տանիքի շինանյութը պետք է հատկացվի շրջվարչակազմի կողմից:
Այնուհետև հյուրերն այցելեցին օգոստոս ամսից Աղավնատուն համայնքում բնակություն հաստատած բազմազավակ ընտանիքին: Նրանց հատկացված տունը նույնպես «Թուֆենկյան» հիմնադրամն է հիմնանորոգել: Գրիգոր Կարապետյան-Մարինե Համբարձումյան ամուսիները եկել են Արարատից, ունեն 6 երեխա, որոնցից 4-ը՝ երկու աղջիկ և երկու տղա, սովորում են դպրոցում: Ընտանիքի մայրն ասաց, որ գոհ են պայմաններից:
«Թուֆենկյան» հիմնադրամի գործունեությունը կարևորեց նաև շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը՝ նշելով Քաշաթաղի շրջանում նրա իրականացրած ծրագրերը, որոնցից է նաև բուժկետի կայացումը: Հրաժեշտ ենք տալիս Աղավնատուն համայնքին՝ հուսով, որ շուտով դպրոցի շենքն էլ կնորոգվի:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ