Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղի շրջանի Մովսեսաշեն գյուղի տարածքում նոր պատմական հուշարձաններ են հայտնաբերել

Հոկտեմբեր 26,2015 11:13

Սա Հայաստան է, և վերջ…

 Լեոնիդ Ազգալդյան

Քաշաթաղի շրջանի Մովսեսաշեն գյուղը գտնվում է Հակարիի միջին վտակ Շալուայի ձախակողմյան կողմում՝ բարձրադիր դիրքում՝ շրջկենտրոն Բերձորից մոտ 55 կմ հյուսիս: Հայոց Վայկունիք գավառի այս բնակավայրն ունի դարերի պատմություն, ազատագրվել է 1993 թ. գարնանը, վերաբնակեցվել 1994-95 թվականներին. անվանակոչվել է ի պատիվ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի:

Գյուղում դպրոցը գործում է վերաբնակեցման առաջին տարիներից այժմ ունի 16 աշակերտ, 7 ուսուցիչ:

Տարածքի պատմամշակութային հուշարձաններն ուսումնասիրելու նպատակով վերջերս ԼՂՀ ԱԺ պատգամավոր(Քաշաթաղի տարածքից), ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի և հնագետ Գագիկ Սարգսյանի հետ եղանք Մովսեսաշենում, այցելեցինք նաև դպրոց:

5 2

Նախկին տնօրեն Միքայել Բալայանը տեղեկացրեց, որ տարածքում նոր պատմական հուշարձաններ են հայտնաբերել: Գյուղի մոտակա տարածքների հայոց մի շարք պատմամշակութային հուշարձանների տեղը գիտեինք, վերջին տարիններին ուսումնասիրել ենք դրանք, օրինակ՝ գյուղից հյուսիս գտնվող Արախիշ և Զորախաչ բնակավայրերում պահպանվում են միջնադարյան եկեղեցիներ ու հանգստարաններ: Իսկ արևմտյան կողմում ժամանակին եղել է վանական համալիր, նաև զարդանախշ խաչքարերով ու տապանաքարերով հանգստարան:

Խորհրդային տարիներին ադրբեջանցիները հիմնովին ավերել են վանական համալիրը, իսկ հանգստարանի շիրմաքարերը տեղահան արել: Եվ պարզվում է՝ գյուղի արևելյան կողմում ևս հայոց հանգստարան կա՝ անտառի բացատում՝ բարձր դիրքում: Մ. Բալայանը, 10 և 11-րդ դասարանների սաներ Գևորգ Մակինյանն ու Մովսես Սիմոնյանը մեզ ուղեկցում են անտառապատ այդ բարձունքը, որտեղ տեսել են հավերժության նշանով քար:

Մինչ այստեղ հասնելը՝ տեղանքը. լավ ճանաչող Մ. Բալայանը ցույց տվեց գյուղի ավերակ տներից մեկի մոտ գտնվող խաչքարը: 60x41x15 սմ չափսերի դեղնավուն փոքր խաչքարն ունի զարդանախշ քանդակ և 17-18-րդ դարերի հուշարձան է: Այս տնից մոտ 50 մ արևելք՝ ճանապարհի եզրին պահպանվել են մի քանի մեծ տապանաքարեր: Մեկը կոտրված է, և պահպանված մասի վրա կա արձանագրություն՝ ԱՅՍ Է…

4 3

Հնագետ Գագիկ Սարգսյանը ենթադրում է, որ միջնադարում հնարավոր է՝ այստեղ եկեղեցի է եղել՝ մոտը հոգևորականների գերեզմանոց, և նշված դեղնավուն խաչքարն այստեղից է տեղահանվել: Աշնանային անտառի կածանով բարձրանում ենք վեր: Ուղեկցող տղաները ցույց են տալիս հավերժության նշանով քարը: Սպիտակավուն 2 քարեր ընկած են իրար մոտ. նույն տապանաքարի կտորներն են: Միասին ունեն մոտ 1 մ երկարություն 60 սմ բարձրություն, 54 սմ լայնություն: Մի կտորի կողքամասին հավերժության նշան է քանդակված՝ վերևում՝ փոքր խաչ: Ձախ կողմում նույնպես հավերժության նշան կա, իսկ աջում հայոց տառեր են քանդակված: «Սա հաստատ հայկական է»,-ասաց աշակերտներից Գևորգը:

Ցավոք, ինչպես հաճախ է այսպես, գերության տարիներին տապանաքարը քրդաթրքերի կողմից կոտրվել է. հիմնականում վնասվել են տառերը, իսկ այն մասը, որտեղ պետք է լիներ խաչը, ամբողջությամբ է կոտրված: Ինչպես երևում է՝ տապանաքարը տեղահանված է. երևի թուրքերը սա ևս փորձել են տանել որպես շինաքար:

Բուն հանգստարանը գտնվում է քիչ վերևում՝ դեպի արևմուտք: Այստեղ մոտ 2 տասնյակ տապանաքար ու խաչքար կա՝ հիմնականում շրջված կամ հողով ծածկված: 100x67x25 սմ չափերի մի գեղեցիկ խաչքարի կեսն է երևում. մաքրում ենք հնարավորինս, բայց ամբողջությամբ մաքրելու համար ժամանակ ու գործիք չունեինք: 13-14-րդ դարերի հուշարձան է՝ նման շրջանում պահպանված շատ շիրմաքարերի: Մեկ այլ խաչքարի վրա 4 խաչեր են քանդակված: Դարձյալ կեսը հողի տակ է: Հարևան խաչքարի(110x78x35 սմ) վրա դարձյալ 4 խաչեր են՝ 2-ը մեծ, դրանցից ձախ կողմինի վերին մասը կլորավուն է: Երկուսի մեջտեղում բարակ գծերով խաչ է, իսկ աջ կողմինի տակ դարձյալ բարակ գծերով է խաչը, սակայն վերին և կողային թևերի վրա եռանկյունիներ են, իսկ ներքևում՝ անկյուն: Մի քանի խաչերով շիրմաքարեր ևս կան: 13-14-րդ դարերի հուշարձաններ են հիմնականում: Մի քանի տասնյակ քարեր հողի տակ են. կան նաև փոսորակներ՝ կողոպտված շիրիմներ են:

Աշնանային կարճ օրն շտապեցնում է. Մ. Բալայանը գյուղից հյուսիս-արևմուտք գտնվող անտառի բացատներում, որտեղ 2 տուն կա (Տարածքի բնակիչները տեղը կոչում են «Երկու տան մոտ»), դարձյալ հայոց հնադարյան շիրմաքարեր է տեսել: Անտառամիջյան ոլորապտույտ ճանապարհով մեր «Նիվա»-ն բարձրանում է վեր:  Շարունակելի

 

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031