Կարծում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունները ոչ թե առաջին նախագահի գաղափարական ուղղվածության արդյունք էին, այլ ժամանակի պարզագույն հրամայական: Ըստ ամենայնի, 2008-ի մարտի 1-ին հաջորդած երկու ու երեք տարիների ներքաղաքական իրադարձություններից հետո առաջին նախագահը եկել էր այն եզրակացության, որ այսօրվա Հայաստանում իշխանության հասնելու համար եթե իշխանական լծակներին չես տիրապետում, պիտի առնվազն ֆինանսական լրջագույն լծակներ ունենաս: Հավանաբար դա էր պատճառը, որ Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական միանգամայն բաց տեքստով դիմեց Հայաստանի ամենաերեւելի մեծահարուստներից Գագիկ Ծառուկյանին՝ միանալու եւ սատարելու իրեն: Առաջարկն անսպասելի ու անակնկալ էր ոչ միայն շարքային քաղաքացիների, այլեւ հենց ՀԱԿ-ականների համար: Ամենաստաժավոր ՀԱԿ-ականներից եւ արդեն ազատ արձակված քաղբանտարկյալներից շատերն անմիջապես լքեցին ՀԱԿ-ը, եւ ՀԱԿ-ն առնվազն կիսով կազմաքանդվեց: Փոխարենը շարժումը որոշ ժամանակ շարունակվեց, ընդ որում՝ շնորհիվ ԲՀԿ-ի ու անձամբ Ծառուկյանի, որովհետեւ վերջինս իր հնարավորություններով կարողանում էր մարդաշատ պահել Ազատության հրապարակը:
Այնուհետեւ տեղի ունեցավ այն, ինչն ինձնից լավ գիտեք: Ծառուկյանը, կոպիտ ասած, «յան» տվեց քաղաքականությունից, եւ, փաստորեն, ընդդիմադիր դաշտն ամայացավ: Ավելի ճիշտ՝ ընդդիմադիր դաշտը ոչ թե իսպառ ամայացավ, այլ ամբողջովին մնաց երիտասարդ քաղաքացիականների, սեֆիլյանականների, կրտսեր Սանասարյանի եւ կրտսեր Շահեն Հարությունյանի հույսին: Ժամանակ առ ժամանակ Ազատության հրապարակում որոշ ընդդիմադիր երկրապահների ձայներ էլ են հնչում, բայց դրանք առանձնապես եղանակ չեն ստեղծում: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, վերջինս ոչ միայն առնվազն կիսով կազմաքանդվեց. առնվազն կիսով կազմաքանդվեց նաեւ ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը, որը, փաստորեն, 2007-ին ծայր առած պատկառելի շարժման կցկտուր արդյունքն էր:
Կարճ ասած՝ դաշտը մնացել է կտրիճներին: Բայց, պարզվում է, ընդդիմադիր դաշտին տիրություն անելու համար կտրիճ լինելը բավարար պայման չէ: Կտրիճ լինելու համար այսօր ոչ միայն ընդդիմադիր նոր ու թարմ գաղափարներ պիտի ունենաս, այլեւ կազմակերպչական լրջագույն կարողություններ, որոնց թվում, ցավոք սրտի, ֆինանսականը չափազանց կարեւոր նշանակություն ունի: Ծառուկյանի քաղաքական ժամանակավոր հաջողությունը դրա ապացույցն է:
2007-ին առաջին նախագահի սկսած շարժումը միգուցե նոր գաղափարներ չէր բերում, բայց դրանց հաջողությամբ փոխարինում էին Տեր-Պետրոսյանի հստակ ելույթները եւ չափազանց դիպուկ բնորոշումներն ու ձեւակերպումները, որոնք 88-ի շարժման ժամանակ էլ որոշիչ նշանակություն ունեին:
Կարդացեք նաև
Այսօր արդեն ամենագեղեցիկ ու ամենադիպուկ ելույթներով անգամ անհնարին է ժողովրդին Ազատության հրապարակ բերել, որովհետեւ այսօր ժողովուրդը, ավելի քան երբեւէ, հիասթափված է ընդդիմությունից: Ժողովուրդն ընդդիմությունից հիասթափված է գրեթե այնքան, որքան իշխանություններից: Միացյալ ու միասնական ընդդիմության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, որովհետեւ նրանք, ովքեր պիտի միացյալ ու միասնական ընդդիմություն կազմեին՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, հերթով ներկայացան Բաղրամյան 26՝ նույն այդ սահմանադրական փոփոխությունների գծով խորհրդակցելու Հայաստանի թիվ մեկ իշխանավորի հետ: Չներկայացածներից շատերն էլ հաստատ կներկայանային, եթե հրավեր ստացած լինեին: Մոտավորապես «Կովկասի գերուհին» ֆիլմում առաջացած իրավիճակն է. «Նրանք, ովքեր մեզ պիտի խանգարեին, հիմա մեզ կօգնեն»:
Իշխանություններն իրենցից կախված ամեն ինչ անում են (էլեկտրաէներգիայի սակագնի հարց, սահմանադրական փոփոխություններ եւ այլն), որպեսզի ընդդիմությունն ասելիք ու անելիք ունենա, մինչդեռ ընդդիմությունը, բացառությամբ երիտասարդ անկուսակցականների, պարապուրդի է մատնված:
Հետաքրքիրն այն է, որ ինչքան ժողովրդի սոցիալական վիճակը վատանում է, այնքան մեր ավանդական ընդդիմադիրներն ավելի են հեռանում իրենց խոստումներից եւ իրենց բուն պարտավորություններից:
Հնարավոր է՝ իրենք էլ իրենց սոցիալական խնդիրներն ունեն եւ առաջին հերթին իրենց իսկ սոցիալական խնդիրներն են փորձում լուծել: Իշխանությունների հետ համատեղ նախ սահմանադրական փոփոխությունների հարցը հորով-մորով կանեն, այնուհետեւ կանցնեն իրենց սոցիալական խնդիրներին: Կամ հակառակը. սկզբում իրենցը, հետո նոր՝ իշխանություններինը: Նայած թե՝ ով ոնց կհաջողացնի: Ինչպես ասում են՝ եղունգ ունես, գլուխդ քորի:
Փաստորեն, Հայաստանում ընդդիմադիր դաշտը վերստին բաց ու ազատ է: Բոլոր նրանց համար, ովքեր քաղաքական այս նոր ժամանակներից գլուխ կհանեն:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
24.10..2015