Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում է բնակվում Գևորգ Բարակազյանը: Չնայած ընտրած լուրջ մասնագիտությանը` Գևորգի մտերիմներն ու համաքաղաքացիները նրան որպես երգիչ են ճանաչում: Բժիշկ-ատամնաբույժ Գևորգը բռնել է երգարվեստի ուղին: Արմավիրցիներին բազմիցս հիացրած երիտասարդը դժվարությամբ կարողացել է հայրենիքի սահմաններից դուրս տեսահոլովակ նկարահանել:
Aravot.am-ը զրուցեց Գևորգ Բարակազյանի հետ. «Չնայած ընտրածս լուրջ մասնագիտությանը՝ ես ապրում եմ երգով: Այս տարիների ընթացքում կարողացել եմ հայ երգն ու հայկական երաժշտարվեստը ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս: Անընդհատ հրավերներ եմ ունենում սփյուռքում գործող հայ համայնքներում: Համերգներով հանդես եմ եկել Իրանում, Եգիպտոսում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում, Գերմանիայում, Սիրիայում»:
Երիտասարդ երգիչը, խոսելով իր անդրանիկ տեսահոլովակի մասին, ասաց,որ այն նկարահանվել է Ռուսաստանի Դաշնությունում: «Սա թիմային բարդ աշխատանք էր, որ կարողացանք կյանքի կոչել: Սրան հասնելու համար շատ ջանքեր պահանջվեցին: Մտահաղացումն ու ողջ սյուժեն իմ ռոմանտիկ պատկերացումն էր: Իսկ պրոֆեսիոնալ անձնակազմն այն իրական է դարձրել: Ուզում էինք, որ երգի վերնագիրը խորիմաստ լինի: Այդ իսկ պատճառով ես հայ հանդիսատեսին կներկայանամ «Անանուն կարոտ» -ով»:
Կարդացեք նաև
Գևորգ Բարակազյանը տեղեկացրեց, որ տեսահոլովակը հայ հանդիսատեսը կարող է տեսնել շատ շուտով: «Տեսահոլովակը նկարահանվել է «GV-Studio production»-ի կողմից, երաժշտության հեղինակն է Արարատ Երանոսյանը, խոսքերինը` Սևակ Սարիբեկյանը: Գործիքավորումն իրականացվել է «Արդինի» ստուդիայում` Միքայել Մայիլյանի կողմից: Երգի mix master-ը Նիկ Եգիբյանն է: Թե ինչքանով հանդիսատեսը կհավանի մեր աշխատանքը`ժամանակը ցույց կտա»:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ