Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական հերքումները ինքնահաստատման դաշտ չեն

Հոկտեմբեր 24,2015 22:08

«Ձեր գրածը հիմարություն է, ապուշություն է, հիվանդ երեւակայության արդյունք է, անհեթեթություն եւ զառանցանք»: Եթե այսպիսի  նախադասություններ Ֆեյսբուքում կամ կայքի մեկնաբանությունների բաժնում գրում են օգտատերերը, ես դա նորմալ եմ համարում՝ հոգեպես միայնակ մարդիկ փորձում այս ձեւով հաղթահարել իրենց միայնությունը  եւ ինքնահաստատվել: Գործընկերներս երբեմն վրդովվում են նման արձագանքներից, բայց ես միշտ ասում եմ՝ ուրախացե՛ք, որ ձեր գրածները «թերապեւտիկ էֆեկտ» են ունեցել:

Բայց երբ նման ոճով «պաշտոնական հերքումներ» են գրում, դա արդեն ոչ թե անձնական, այլ տվյալ գերատեսչության խնդիրն է: Ժամանակին ոստիկանության լրատվականում կար մի կին (ակնհայտորեն հայկական բանասիրական կրթությամբ), որն իր «հերքումների» մեջ պոեզիայից ցիտատներ էր բերում: Օրինակ, «սո՛ւտ է, – կասեր բանաստեղծը»: Եվ մինչեւ հիմա  էլ գերատեսչությունների PR պատասխանատուները երբեմն ուղարկում են «պաշտոնական հերքումներ», որոնք վիրավորանքներ են պարունակում լրատվամիջոցի կամ լրագրողի հասցեին եւ տակն էլ ավելացնում են՝ «ղեկավարվելով այսինչ օրենքով, պահանջում եմ հրապարակել»: Մի կողմից բյուրոկրատ են, մյուս կողմից՝ «հրապարակախոս»:

Երբ 90-ականներին ես նախագահի մամուլի քարտուղար էի, ինձ ոչ ոք չէր պարտադրում հերքումներ գրել՝ փառք ու պատիվ Առաջին նախագահին: Ես հաղորդում էի տեղեկատվություն, պաշտոնական դիրքորոշում, իսկ լրատվամիջոցներն այն օգտագործում էին իրենց հայեցողությամբ: Առավելագույնը, ինչ անում էի հոդվածների հետ կապված, կարող էի զանգել լրագրողին կամ խմբագրին եւ ասել՝ այս խնդրի վերաբերյալ կա նաեւ այս աղբյուրը, եթե հարմար եք գտնում, հետագա հրապարակումներում հաշվի առեք: Պատկերացրեք, աշխատում էր:

Իսկ ընդհանրապես, ինչպես գրել պաշտոնական մամլո հաղորդագրություններ, մենք չգիտեինք: Նախագահականի գրադարանում կար մի քանի անգլերեն գիրք, որոնցից փորձում էինք «նմուշներ քաղել»: Հիմա, փառք Տիրոջը, կա համացանցը, կան հարյուրավոր գրքեր՝ ոչ միայն անգլերեն, այլեւ ռուսերեն եւ նույնիսկ հայերեն, բայց PR պատասխանատուներից ոմանք շարունակում են անձնապես ինքնահաստատվել «հերքումների» միջոցով:

Ինձ համար ակնհայտ է, որ նման hերքումների  լեզուն պետք է լինի չոր, զուսպ, պաշտոնական, չպարունակի որեւէ վիրավորանք, անձնական ակնարկ, որակում, գրողի անձն այդ հերքումներում ընդհանրապես չպիտի երեւա: Այսինչ բանը չի համապատասխանում իրականությանն այսինչ պատճառով: Եվ վերջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031