Այսօր մայրաքաղաքի «Բուենոս-Այրեսի» զբոսայգում կայացավ «Street Workout»-ի (բակային սպորտ) Հայաստանի երրորդ առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, հանրապետության մարզերի եւ Ստեփանակերտի ուժեղագույն մարզիկները:
Առաջնությունը, որի հյուրերն էին «Street Workout»-ի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ուկրաինացի Դենիս Մինինը եւ աշխարհի փոխչեմպիոն, լիտվացի Ռոբերտ Պոլոնսկին, անցկացվում է ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ:
Կարդացեք նաև
Հենց հյուրերն էլ Հայաստանի ֆեդերացիայի համահիմնադիր-ղեկավար Արթուր Հարությունյանի հետ միասին գնահատեցին մասնակիցների մրցելույթները (ուժային վարժությունների, տեխնիկական հնարքների եւ դրանց համակցման արդյունքներով) եւ որոշեցին մեդալակիրներին:
Դիտարժան պայքարից հետո Հայաստանի չեմպիոն դարձավ Գոռ Ներսիսյանը (Արտաշատ), երկրորդը տեղը գրավեց Էդուարդ Նիկողոսյանը (Երեւան), երրորդը՝ Տիգրան Ապրեսյանը (Ստեփանակերտ):
Մինչ առաջնության մեկնարկը ցուցադրական ելույթ ունեցան բակային սպորտով զբաղվող մեր աղջիկները, իսկ ավարտին իրենց բարձր կարգը ցուցադրեցին Ռոբերտ Պոլոնսկին եւ Արթուր Հարությունյանը:
Այս մարզաձեւի առանձնահատկությունն այն է, որ եթե մյուս մարզաձեւերի մասին ասում են, որ դրանք պատանիներին ու երիտասարդներին կտրում են փողոցից, այստեղ հակառակն է. նրանք դուրս են գալիս փողոց: Սակայն, ինչպես Aravot.am-ին ասաց Արթուր Հարությունյանը, իրենք բակային սպորտով փողոցն են փոխում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ