Այսօր Էջմիածնում գործող «Մեր տունը» ՀԿ-ն կրկին մարդաշատ էր: Պատճառը մանկատան սաներից Սյուզիի հարսանյաց հանդիսությունն էր: «Մեր տունը» կազմակերպությունը արդեն տասից ավելի աղջիկ է ամուսնացրել`տալով նրանց հնարավորություն ինտեգրվել հասարակությանը, և այս տարբերակով շատ աղջիկներ գտնում են սեփական երջանկությունը:
Տոնական միջոցառմանը ներկա էին ինչպես մանկատան սաներն ու ուսուցչական կազմը, այնպես էլ ակտիվ քաղաքացիներ, մտերիմներ,արվեստագետներ: Պատվավոր հյուրերի շարքում էին հաղորդավար Զավեն Հարությունյանը և երգահան Մարտին Ահարոնյանը:
«Մեր տունը» ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ավանդույթ դարձած հարսանիքների շարքը շարունակվում է: Մենք նման աղջիկների մոտ ձևավորում ենք ընտանիքի մոդելը, տալով ամեն ինչ,որպեսզի չափահաս աղջիկները կարողանան գտնել իրենց տեղն այս կյանքում: Բացի կրթությունից և օթևանից մենք, ինչպես տեսնում եք, կարողանում ենք դասավորել աղջիկների անձնական կյանքը: Ես այն եզակի մայրերից եմ, որ 13 աղջիկ եմ ամուսնացրել»:
Տ.Կարապետյանը իր երջանկությունն է կիսում ցանկացած աղջկա հետ: Իր խոսքերով` աղջիկներին ամենաբարին ու լավագույնն է ցանկանում: «Թող երջանկությունը հարատև լինի իմ աղջիկների ընտանիքներում: Ես ամենաշատը ցանկանում եմ, որ մեր տված գիտելիքները առավելագույնս օգտագործեն` իրենց ընտանիքների համերաշխությունը պահպանելու համար»:
Կարդացեք նաև
Շնորհավորանքներին միացավ նաև Զավեն Հարությունյանը, որն իր խոսքում ասաց,որ արդեն երկար տարիներ կանգնած է «Մեր տունը» ՀԿ-ի կողքին: «Փորձը ցույց է տվել, որ այս տանից, կրթօջախից դուրս եկած աղջիկները լավ մայրեր ու տան հարսներ են: Սա ողջ անձնակազմի` համերաշխ և միասնական աշխատանքի արդյունքն է: Շնորհավորում եմ և ցանկանում անսահման սեր և նորանոր բարձունքներ»:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ