Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Սոս Սարգսյանի թողած ժառանգությունը. թատրոնը նրանից հետո» թեմայով ասուլիս: Ասուլիսը նվիրված էր Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Ասուլիսին ներկա էին Համազգային թատրոնի դերասանները` Վարշամ Գևորգյանը, Տաթև Ղազարյանը և Կարո Բալյանը: Դերասանները հետաքրքիր դրվագներ հիշեցին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մասին, խոսեցին Համազգային թատրոնի ներկայիս վիճակից և պատասխանեցին լրագրողների հարցերին:
Դերասան Վարշամ Գևորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այսօր մեզ համար տոն է: Այսօր մենք տոնում ենք մեր վարպետի ծննդյան օրը: Ճիշտ է, մեզ համար դժվար է առանց իրեն անցկացնել այս օրը, բայց մենք պարտավոր ենք ուրախ լինել, որովհետև ունեցել ենք նման ուսուցիչ: Ես մի բան կարող եմ ասել` Սոս Սարգսյանը սեփական կյանքը նվիրեց սեփական ժողովրդին»:
Տաթև Ղազարյանը հիշում է մեծանուն վարպետին, նրա տված կյանքի դասերը՝ նրա տված խրատներն են մեզ դարձրել իսկական դերասան: Նա գիտեր՝ ումից ինչ պահանջեր: «Ես հպարտ եմ, որ իմ կողքին նման լեգենդ է ապրել: Եվ ուրախ եմ այսօր, որ կյանքի կոչվեց մեր երազանքներից մեկը: Համազգային թատրոնը այսօր անվանվեց Սոս Սարգսյանի անունով: Եվ սա իրականում պարտավորեցնող է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ավելին անի, որպեսզի բարձր պահի «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի»դերասան լինելու բարձր պատիվը»:
Խոսելով երազանքների մասին՝ դերասան Կարո Բալյանն էլ ասաց, որ Սոս Սարգսյանի անկատար մնացած երազանքը հուսով ենք իրականություն կդառնա: «Նա երազում էր, որ Համազգային թատրոնի շենք մի օր կառուցված կտեսնի: Այժմ դա մեզ համար է երազանք, և հավատում ենք, որ կգա նաև այդ օրը: Համազգային թատրոնը միշտ թարմությամբ և ասելիքով է ներկայանում իր հանդիսատեսին»:
Կարդացեք նաև
Հայկ ՄԱԳՈՅԱՆ