Հոկտեմբերի 24-ից 26-ը Երևանում կանցկացվի «Հայաստանի 5-րդ պարային օլիմպիադան» և «WADA սուբկոնտինենտալ կովկասի առաջնությունը», որի նախաձեռնող և կազմակերպիչն է Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիան: Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում այսօր մասնակիցները ներկայացրեցին ժողովրդական, դասական, Էստրադային, լատինաամերիկյան, ինչպես նաեւ «հիպ-հոպ» պարեր: Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի նախագահ Արտաշես Մեսրոպյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջնությանը մասնակցում են անհատ պարողներ և պարային խմբեր Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից:
«Նախորդ՝ 4-րդ առաջնությանը մասնակցել է մոտ 1250, իսկ այս տարի՝ 1500-ից ավելի պարող: Նպատակն է՝ զարգացնել տարբեր պարերը՝ հրավիրելով միջազգային մասնագետների եւ անցկացնելով դասընթացներ»,-ասաց Արտաշես Մեսրոպյանը: Նա նշեց, որ այս տարի Համաշխարհային պարային օլիմպիադայի «Ժողովրդական պարերի աշխարհի առաջնությանը» մասնակցել է 9-ամյա Գարիկ Պետրոսյանը, որը ոսկե մեդալ է նվաճել:
Aravot.am-ը զրուցեց նաեւ Գարիկի հոր՝ Մհեր Պետրոսյանի հետ, որը «Նոր դար» պարային համույթի գեղարվեստական ղեկավարն է: Նա ասաց, որ Մոսկվայում կայացած պարային օլիմպիադայի ընթացքում Գարիկը ներկայացրել է «Զուռնի-տրնգի» պարը:
Կարդացեք նաև
Այսօր՝ առաջնության առաջին իսկ օրը «Նոր դար»-ի սաները մենապարերի եւ զուգապարերի մրցություններում արդեն 9 մրցանակ են նվաճել, իսկ Գարիկը խմբակային պարերի մրցությունում ներկայացնում է հայկական ազգագրական պարերի շարան: «Աշխատում ենք, որ գերակշռի ազգայինը: Երեխային բացի պարարվեստ սովորեցնելուց, հոգեբանական-դաստիարակչական աշխատանք ենք տանում, որպեսզի նախ սովորենք ազգայինն ու ժողովրդականը, հետո անցնենք այլ երկրների պարերին»,-նշեց Մհեր Պետրոսյանը:
Նա նաեւ ասաց, որ եթե հովանավորներ գտնվեն, որդին կմասնակցի նոյեմբերին Սոչիում կայանալիք «Արվեստի եւ սպորտի խաղերին»:
Հավելենք, որ առաջնության ընթացքում կխաղարկվի 150 մրցանակային տեղ 16 պարային ուղղություններում, 5 պարային անվանակարգերում, 3 տարիքային խմբերում: Մասնակիցների ելույթները կշարունակվեն նաեւ վաղը: Հաղթողները կպարգեւատրվեն, իսկ լավագույն մասնակիցներն ու խմբերն առաջիկայում Հայաստանը կներկայացնեն միջազգային առաջնություններում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ