«Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի ունեցավ «Բաց խաղ» համակարգչային խաղերի և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնության հանրային ցուցադրությունը: Խաղերի ինդուստրիայի սիրահարները ծանոթացան առաջնության մասնակիցների ծրագրավորած խաղերին: Aravot.am-ի հետ զրույցում առաջնության մասնակից, «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սան Անի Հովհաննիսյանն ասաց, որ իր թիմը ստեղծել է Bloody Sakura 3D խաղը. «Արկածային խաղի գործողությունները տեղի են ունենում ճապոնական մի կղզում. խաղացողը պետք է գտնի մի գերեզման, որում թաղված զինվորի մարմնի արյունը պետք է օգտագործել գերհզոր զենք ստեղծելու համար: Խաղացողը պետք է առաջադրանքներ հաղթահարի»,-ասաց Անին: Bloody Sakura-ն Open game-ի համար է ստեղծվել եւ առաջին անգամ է ներկայացվում:
Կարդացեք նաև
Վահե Մուրադյանն էլ ծրագրավորել է Space Craft խաղը, որի իրադարձությունները տեղի են ունենում տիեզերքում: «Նախ պետք է տիեզերանավը հավաքել, ընտրել տարբեր մասեր եւ ստանալ տարատեսակ տիեզերանավեր, որոնց միջոցով պետք է տիեզերքը նվաճել: Տիեզերք մտնելուց հետո տեսնում ենք մեծ քարտեզը, մոլորակներն իրենց արբանյակներով, երկնաքարեր, որոնք պետք է պայթեցնել: Տիեզերքը նվաճելու համար անհրաժեշտ է գրավել բոլոր մոլորակները»,-պատմեց Վահեն: Space Craft-ը արդեն հնարավոր է ներբեռնել Google Play-ից:
Հավելենք, որ «Բաց խաղ»-ը Հայաստանում խաղային ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիր է: 5 տարում նախագծի շնորհիվ ստեղծվել է մի համայնք, որում ընդգրկված են՝ դպրոցականներ, ուսանողներ, start-up ընկերություններ, խաղային ոլորտում գործող այլ ընկերություններ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ