«Հինգշաբթի օրը, Բաքվում, Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» հաղթել է Ադրբեջանական «Գաբալա» ակումբին 3-1 հաշվով: Մի վրդովմունքի զգացում առաջացավ այն բանից հետո, երբ անվտանգության նկատառումներից ելնելով Դորտմունդն իր խաղացողներից մեկին թողեց տանը»,- նշված է Հենրիխ Մխիթարյանի՝ Ադրբեջան չմեկնելու առնչությամբ ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականի անդրադարձում:
Պարբերականը մանրամասնել է, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի անդամ է: «Այդ երկիրը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով պատերազմի մեջ գտնվել Ադրբեջանի հետ: Քաղաքական սրացումների պատճառով Մխիթարյանը վախեցավ վիզայի խնդիրներից կամ, վատագույն դեպքում, Ադրբեջան մտնելուց անմիջապես հետո ձերբակալվելուց»:
Հեղինակը նշել է, որ այդ միջադեպը հնարավոր է իրադարձությունների անսպասելի զարգացում թվա, բայց, փաստացի, Եվրոպայի ֆուտբոլային կյանքի անբաժան մասն են այնպիսի դեպքերը, երբ տեղական եւ ազգային քաղաքական գործիչները թելադրում են, երբ կամ նույնիսկ արդյո՞ք մարզիկները կարող են մրցել: Անցած տարի ՈՒԵՖԱ-ն Եվրոպական մրցաշարերում Ռուսաստանի եւ Ուկրաինայի ակումբներին առանձնացրեց իրարից, քանի որ երկու երկրների միջեւ հակամարտություն կար:
Նշված է նաեւ, որ Դորտումնդի «Բորուսիան» կարող է մոտ ապագայում եւս մեկ նման խնդրի առջեւ կանգնել: Ակումբի խաղացողներից մեկը՝ Ադնան Ջանուզայն, սպառնալիքներ է ստացել, երբ հայտարարել է, որ Կոսովոյի կամ Սերբիայի հավաքականի փոխարեն կխաղաղ Բելգիայի հավաքականի համար: Նրան զգուշացրել են, որ այլեւս երբեք մուտք չգործի բալկանյան երկրներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ