Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր գործընկերների հետ նշում է կազմակերպության 70-րդ տարեդարձը

Հոկտեմբեր 24,2015 11:56

 Երևան, հոկտեմբերի 24, 2015թ. – Հոկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր ռազմավարական գործընկերների՝ կառավարական պաշտոնյաների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, ուսումնական հաստատությունների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ համատեղ նշեց կազմակերպության 70-րդ տարեդարձը:

«ՄԱԿ-ի 70-րդ տարեդարձն հարմար հնարավորություն է՝ ընդգծելու կազմակերպության բազում և տևական նվաճումները, ինչպես նաև ամրապնդելու մեր միասնական վճռականությունը, որպեսզի անենք ավելին նպաստելու խաղաղության և անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների գործողություններին»,- ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այս առթիվ արված իր հատուկ ուղերձում:

Իր հիմնումից 70 տարի հետո՝ ՄԱԿ-ը շարունակում է մնալ փարոս մարդկության համար: Ամեն օր ՄԱԿ-ը կերակրում է քաղցածներին և ապաստան հայթայթում՝ իրենց տներից զրկվածներին: ՄԱԿ-ը պատվաստում է այն երեխաներին, ովքեր, հակառակ դեպքում, կմահանային կանխարգելելի հիվանդություններից: ՄԱԿ-ի խաղաղապահները հակամարտությունների առաջնային գծերում են։ Առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության արժեքներով ՄԱԿ-ն աշխատում է մարդկության ամբողջ յոթ միլիարդ ընտանիքի ու հոգ է տանում երկրագնդի համար։

ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետոն հոբելյանին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում հնչեցրած իր խոսքում նշեց. «Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է հենց հանրապետության հիմնումից սկսած, և ՄԱԿ-ը ևս ի սկզբանե ակտիվ է եղել Հայաստանում: Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով՝ ավելի վաղ շրջանում հակամարտությունից տուժած մարդկանց ցուցաբերած օգնությունից մինչև աղետներին պատրաստվածություն, երեխաների իրավունքների բարելավում, մանկական մահացության դեպքերի կրճատում, գենդերային հավասարության ամրապնդում և մարդու իրավունքների պաշտպանություն»:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն իր խոսքում նշեց հետևյալը. «Այս տարի մենք ամփոփում ենք Հազարամյակի զարգացման նպատակները: Չնայած Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առումով ակնառու նվաճումներին, մենք հասկանում ենք, որ անելիքները դեռ շատ են, այդ գործընթացն անհրաժեշտ է շարունակել և կատարելագործել: Այս մոտեցումն է հիմք հանդիսացել Հայաստանի համար ՄԱԿ-ի զարգացման նոր` ավելի համապարփակ և ընդգրկուն ծրագրի մշակմանը` «Ձևափոխելով աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030», առաջին իսկ օրից մասնակցելու համար: Նոր օրակարգն իր 17 նպատակներով և 169 թիրախներով կոչված է ապահովել աշխարհի բնակչության կյանքի որակի կայուն զարգացում բոլոր բնագավառներում»:

Տարեդարձը նշելու համար՝ աշխարհի տարբեր ծայրերում հուշարձաններ և շենքեր լուսավորվում են ՄԱԿ-ի կապույտ գույնով: Հայաստանը ևս միացել է «Ներկիր աշխարհը ՄԱԿ-ի կապույտով» համաշխարհային արշավին: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Վաղարշապատի 5-7-րդ դարի Սուրբ Գրիգորի տաճարը (Զվարթնոց), Դիլիջանի 19-20-րդ դարի «Թուֆենկյան հին Դիլիջան» համալիրը և Գյումրու «Մայր Հայաստան»  հուշարձանը աշխարհի ավելի քան 65 երկրներից մոտ 300 հուշարձանների, շենքերի, թանգարանների, կամուրջների ցանկում են, որոնք հոկտեմբերի 23-ին և 24-ին կլուսավորվեն կապույտ գույնով:

 1945թ. հոկտեմբերի 24-ին՝ 70 տարի առաջ ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնարար կանոնադրությունը՝ այդպիսով հայտարարելով կազմակերպության հիմնադրումը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն սկսեց գործել 1992թ. դեկտեմբերից՝ այն բանից հետո, երբ նույն թվականի մարտին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031