Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առաջին հերթին այդ ասողը պետք է սկսի այդ տնտեսական որոշման կիրառումը». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 24,2015 10:35

Հարկային նոր օրենսգրքի նախագիծը արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից, սակայն գործարար աշխարհի շահերը ներկայացնող կազմակերպությունները լուրջ վերապահումներ ունեն նախագծի որոշ դրույթների վերաբերյալ: Մենք զրուցել ենք «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանի հետ:

 Պարոն Ավագյան, այս օրերին բիզնես միջավայրում լուրջ  քննարկման առարկա է դարձել հարկային օրենսգրքի նախագծի հայտնվելը կառավարությունում, որը, մեր տեղեկություններով, մշակվել է  առանց բիզնեսի հետ քննարկման: Հասցրե՞լ եք արդյոք ուսումնասիրել նախագիծը:

– Բնական է, այս կարճ ժամանակահատվածում չէինք կարող մարսել ամբողջ փաստաթուղթը՝ ելնելով իր ծավալից, բայց մի քանի ֆունդամենտալ փոփոխություններ, ինչպես ԱԱՀ վճարող համարվելու շեմը, գյուղատնտեսության հարկումը, հարկերի կամ հարկվող շահույթի հաշվառման նոր մեխանիզմները եւ այլն, առկա են:

Որքանով տեղյակ ենք՝ ԱԱՀ-ի շեմը նախագծով սահմանվում է 40,0 մլն դրամ, ի՞նչ վտանգներ եք տեսնում այդտեղ:

– Օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից, սակայն նախագծի անցումային դրույթներով ԱԱՀ-ի շեմի 115,0 մլն-ից 40,0 մլն նվազեցումը սահմանված է ուժի մեջ մտցնել 2019թ. հունվարի 1-ից: Այս բացառությունը երեւի թե արված է ընդամենը վերջերս շրջանառության հարկի օրենքի փոփոխությունների հետ կապված, երբ կառավարությունը որոշ հարցերում ընդառաջ գնաց բողոքի ալիք բարձրացրած բիզնեսի պահանջներին:

Ընդհանրապես ԱԱՀ-ի շեմն ինքն իրենից վտանգ չի ներկայացնում, եթե երկրի տնտեսության ներսում մենք խնդիր չենք ունենում պարտադիր փաստաթղթավորման հետ: Այսինքն, բիզնեսը գնորդ-մատակարար շղթայում չի կորցնում իրեն հասանելիք ԱԱՀ-ի հաշվանցման իրավունքը, եթե այդ շղթայում բոլորը գնում կամ մատակարարում են իրենց ապրանքները փաստաթղթավորված: Բայց եթե գնահատենք այսօրվա իրավիճակը, մենք խնդիր ունեք հենց փաստաթղթավորման հետ, եւ այստեղ ամենաթույլ օղակը ՓՄՁ-ներն են: Հիմա նրանք այլընտրանք չունեն այլ մատակարարից գնում կատարելու, որը կտա փաստաթուղթ, կամ չեն կարող հստակ հաշիվ ապրանքագրերով ներմուծում կատարել եւ ունենալ սահմանին առաջացող ԱԱՀ-ի դեբետ՝ հաշվանցման իրավունք:

Եթե այսօրվա իրավիճակով մենք գնանք ԱԱՀ-ի շեմի նվազեցման, ապա մենք նորից կունենանք շատ պարզ ու արդարացված բողոքի ալիք: Մարդիկ նորից կտան այն արտոնյալ մատակարարների անունները, որոնք չեն ներկայացնում փաստաթղթեր, նորից կբողոքեն մաքսային սահմանի ոչ ճիշտ ձեւակերպումներից, որից էլ առաջ է գալիս հարկային բեռի բարձրացում…: Խնդիր է նաեւ նախագծով նախատեսված այն դրույթները, որտեղ ԱԱՀ-ի հաշվանցման կամ պակասեցման համար միայն հիմք է հանդիսանում հարկային հաշիվը կամ մաքսային բեռնագիրը, այսինքն ՀԴՄ կտրոնով առանձնացված ԱԱՀ-ն այլեւս հիմք չենք ընդունում:

Նույն խնդիրը մենք տեսնում ենք նաեւ շահութահարկի համար ծախս համարվող փաստաթղթերից հանված է ՀԴՄ կտրոնը, քանի որ օրենսգրքի 55 հոդվածով սահմանվում է հաշվարկային փաստաթղթի նոր մոտեցումներ՝ ծախսի համար մի կերպ, եկամտի համար՝ մի կերպ: Երբ մենք գլուխ էինք գովում, որ աշխարհի ամենալավ ՀԴՄ-ներն ենք ստիպում մեր բիզնեսը տեղադրի, որ ավելի հեշտ ապրի, այսօր հերքում ենք ինքներս մեզ…: Սա ընդհանրապես հարկային գաղափարախոսության ոսկե կանոններին է դեմ: Պարզ աքսիոմատիկ կանոններ կան, երբ ասում ենք՝ եթե մեկի մոտ եկամուտ է, ապա մյուսի մոտ դա ծախս է, հիմա դա էլ ենք մերժում: Եվ վերջապես երկրում կայացվող ցանկացած տնտեսական որոշում պետք է միահյուսված լինի քաղաքականի հետ, եթե մենք տնտեսական որոշումներով ասում ենք պարտադիր փաստաթղթավորում եւ խիստ հաշվառում, ապա առաջին հերթին այդ ասողը պետք է սկսի այդ տնտեսական որոշման կիրառումը:

Հայկ ԳԵՒՈՐԳՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031