Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ազգությունը կարեւոր չէ

Հոկտեմբեր 24,2015 10:00

Լրագրության դասագրքերը պնդում են, որ արտակարգ իրավիճակների մասին պատմելիս պետք չէ շեշտել մարդկանց ազգությունը, ցեղը, հավատքը, անգամ մասնագիտությունը, եթե դա որեւէ բան չի ավելացնում այդ դեպքի մասին տեղեկատվությանը: Այսինքն՝ եթե Պողոսը շուկայում խնձոր է գողացել, դա մի բան է, բայց եթե մենք գրում ենք՝ ազգությամբ եզդի կամ կրոնով «Եհովայի վկա», կամ մասնագիտությամբ հրշեջ Պողոսը գողությամբ է զբաղվում, ապա ընթերցողը կարող է գիտակցաբար կամ գուցե ենթագիտակցաբար ընդհանրացումներ անել՝ ուրեմն բոլոր եզդիները («Եհովայի վկաները» կամ հրշեջները) հակումներ ունեն նման հակաիրավական արարքների հանդեպ:

Վերջերս մի շատ ուրախալի իրադարձություն տեղի ունեցավ՝ ազատություն շնորհվեց 20 տարի առաջ ցմահ դատապարտված, առողջական ծանր խնդիրներ ունեցող Սողոմոն Քոչարյանին: Փառք ու պատիվ մեր գործընկերներին, որոնց հետեւողականության շնորհիվ այդ արդար եւ մարդասիրական որոշումն ընդունվեց: Բայց ինչո՞ւ մենք, նկարագրելով այդ՝ 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը, անպայման շեշտում ենք, որ տուժողը ազգությամբ ադրբեջանցի էր: Եթե Իրանի քաղաքացի վարորդն ազգությամբ լիներ պարսիկ կամ հայ, դա որեւէ բան կփոխե՞ր գործի հանգամանքներում:

Ազգային խնդիրն, իհարկե, ամենազգայունն է, եւ հենց այդ պատճառով ազգությամբ որեւէ բան պայմանավորելը հաճախ սխալ է եւ երբեմն նաեւ վտանգավոր: Մի ծանոթ ունեմ, որը պնդում է, որ երիտթուրքերի կառավարությունն ամբողջությամբ կազմված էր հրեաներից, ավելին՝ Աթաթուրքը հրեա էր, Էրդողանը հրեա է, Դավութօղլուն հրեա է: Ենթադրենք, չեմ պատրաստվում վիճել: Դա որեւէ բան ավելացնո՞ւմ է նրանց վարած քաղաքականությանը: Այն, որ Սերգեյ Լավրովի արյան մեջ հայկական արյուն կա, ինչ-որ կերպ բնորոշո՞ւմ է նրա գործունեությունը ՌԴ արտգործնախարարի պաշտոնում կամ ազդո՞ւմ է Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա: Ոչ. Էրդողանն իր գործունեությամբ թուրք է, Լավրովը ռուս է, մնացած բաներն ունեն զուտ կենցաղային նշանակություն: Արա Աբրահամյանն էլ այդ առումով իրավացի է՝ նա նույնպես ռուս է, որովհետեւ իր գործունեությամբ կյանքի է կոչում Ռուսաստանի քաղաքականությունը: Ուրիշ հարց, թե ինչու է նա ուզում դա անել Հայաստանում:

Վերջերս հայտնի է դարձել մի սահմռկեցուցիչ պատմություն: Պետերբուրգում տաջիկական ընտանիքի մոր կրծքից կտրել էին 6 ամսական երեխային եւ տարել էին ոստիկանության քաղմաս: Առանց տաքության եւ սննդի՝ երեխան մի քանի ժամից մահացավ: Այստեղ տուժող ընտանիքի ազգությունը կարեւոր է, որովհետեւ նրանք միգրանտներ էին: Իսկ ահա ոստիկանների ազգությունը բացարձակապես կարեւոր չէ՝ նրանք կարող են լինել ռուս, թաթար կամ նույնիսկ տաջիկ: Կարեւորը Ռուսաստանի ոստիկանական համակարգն է, որը մեզ՝ հայաստանցիներիս քաջ ծանոթ է: Թե չէ՝ սադիստներն ազգություն չունեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    *Ոստիկանական համակարգին, որը ծնվել ու մեծացել է ВЧК, НКВД, ОГПУ, МГБ, КГБ հարկի տակ՝ Ո՛Չ
    *՛՛Ղազագրին՛՛, որը փորձում են ստորագրել տալ արդեն ՛՛քացու տակ գցած՛՛ հայ հասարակությանը ՛՛Սահմանադրական փոփոխություններ՛՛ անվան տակ՝ Ո՛Չ
    Հ.Գ.
    Մնացած ՈՉ-երը՝ հետո…

  2. Atshak says:

    երևում ա սորոից նոր ինժեկցիա է հասել, բայց ոչ այնքան մեծ 😀 . Դոզան հազիվ հերիքում է ռուսաստանի միլիցեքին հիշատակել որպես հրեշներ
    Մի քիչ էլ որ տան, Պուտինին կհասնես, պ. Արամ :
    Էս վերջերս քո մայր հայրենիք ԱՄՆ-ի Պոլիսը 5 տարեկան երեխա գնդակահարեց… մարդասիրությունից դրդված, որ չսառի քաղմասում

  3. Հ.Շ. says:

    Ես լաւ չհասկացայ կանխահաս ազատութեան շնորհում ստացած բանտարկեալի պարագան:

    Ան «ազգությա՞մբ» ադրբեջանցի է, ազգային ծագումո՞վ, թէ քաղաքացիութեամբ:

    Եթէ քաղաքացիութեան մասին է խօսքը, մինչ ինք հայ է, այո, իսկապէս աւելորդ եւ անիմաստ է այդ նշումը:

    Սակայն եթէ ազգային արմատներով ազրբեջանցի է (կամ լինէր), նշանակալից եւ հետաքրքրական է (կամ կը լինէր) այդ իրողութեան լրատուական բացայայտնումն ու ընդգծումը, եւ այս յատուկ պարագային՝ այդ կապ չունի ցեղային ընդհանուր դասակարգումների կամ ազգերի միջեւ տեսական խտրականութեան նուրբ նիւթերի հետ:

    Պարզապէս, այս պահին երբ երկարատեւ եւ կատաղի պատերազմական վիճակում են գտնվում Հայաստանն ու Ազրպէյճանը, ուշագրաւ պարագայ է որ բառացիօրէն թշնամի երկրի մը ազգի պատկանող մի անձ Հայաստանում արժանանայ մարդասիրական արտակարգ վերաբերմունքի:

    Որովհետեւ, ինչպէս փաստում են տարիների ընթացքում բազմաթիւ դէպքեր, Ազրպէյճանի ձեռքը ինկած հայերի վիճակուած քստմնելի վերաբերմունքի լոյսին տակ, անհնար է որ հակառակ ուղղութեամբ նոյն մարդասիրական վերաբերմունքի նշոյլը անգամ տեղի ունենայ:

    Հետեւաբար, այս երեւոյթը անգամ մը եւս կ’ապացուցէ թէ հայութեան մէջ մարդասիրութիւնը էական ու գերադաս արժէք է, ի տարբերութիւն… մեր հարեւաններին:

    Արդարեւ, այդտեղ երեւի միայն Րամիլ Սաֆարովները կը ստանան կանխահաս ազատութիւն, եւ այդ ել՝ յատուկ պատճառներով որ բացառապէս առընջուած են իր հրեշային արարքի զոհի… ազգութեան:

    Այս նիւթում դեռ կայ նաեւ մի ուրիշ ընդունելի մտորում, այդ մէկն ել՝ զուտ ներքին, կապուած՝ մարդասիրական պատճառներով ներում ստացած թուրք բանտարկեալի վարկածին:

    Կարո՞ղ ենք արդեօք յուսալ որ հայ ծագումով հայորդի բանտարկեալներ եւս արժանանան նոյնանման մարդասիրական վերաբերմունքի, նոյնիսկ եթէ ամենաառաջին, տակաւին աննախընթաց եւ մինչեւ իսկ անսպասելի ու անակընկալ այդ մօտեցումը շնորհվեցաւ թշնամի երկրի ազգութեան պատկանող անձին:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    • Տիգրան says:

      ուշադիր կարդա, ճիշտ չես հասկացել

      • Հ.Շ. says:

        Ճիշդ ես, Տիգրան… Տուժողի ազգութեան մասին էր խօսքը…

        Ուրեմն ահա՝ գրածս թող մնայ ի զօրու, տեսական-վարկածային մակարդակի վրայ, որպէս – թէական օրինակի մը վրայ հիմնուած – պարզաբանում թէ, ըստ կացութեան, ըստ պայմանների, կարող է որ տեղին լինի նշել խնդրոյ առարկայ անձի ազգութիւնը: Մինչ Խմբագրապետն ասում է թէ, որեւէ պարագայի եւ ամէն դէպքում նիւթից դուրս է այդ տուեալը, եւ պէտք չէ որ մաս կազմէ լրատվութեան:

        Հիմա վերադառնանք սակայն այս մասնայատուկ պարագային, Պարոն Սողոմոն Քոչարեանի խնդրին: Մի քիչ կարդացի իր մասին, եւ ի միջի այլոց տեղեկացայ իր մարտական գործունէութեան, վաստակին մասին, պատերազմի նախնական ժամանակներին…

        Այդ տեղեկութեան հիման վրայ, տուժողի ազգութիւնը կը դառնայ հետաքրքրական, պատշաճ («relevant»), այլազան պատճառներով՝

        1. Զգացական բաներ, զորս արգիլուած է հանրային կերպով արտայայտել:

        2. Տուժողի Իրանի քաղաքացի լինելով, Իրանը քաղաքական ճնշումներ է բանեցնել օրինական-դատական գործին վրայ:

        Թէ, այդ օրերին, Իրանը այդ աստիճան միջամուխ է լինում հայ ազատամարտիկի եւ ադրբեջանցիի մը միջեւ տեղի ունեցած մի դէպքում… մտածել է տալիս:

        3. Հաւանական է որ նշանակալից տարրեր կան որոնք չեն բացայայտվում այս նիւթին մէջ… Արարքի մղումների, յատուկ հանգամանքների, յետին ծալքերի վերաբերեալ… Եւ տուժողի ազգութեան մատնանշումը ձեւ մըն է հասկցնել տալու թէ այդպիսի բաներ կան այս նիւթին մէջ որոնք, հարկադրաբար կամ նախընտրաբար, մնալու են անյայտ…

        Յամենայնդէպս, նիւթին աւելի տեղեկանալով, ինծի շատ ցաւ պատճառեց բանտարկեալի դուստրի պարագան: Ահաւոր, սրտաճմլիկ ողբերգութիւն:

        Սակայն յուզումէն անդին, այդ խեղճ աղջկան ճակատագիրը մտածել կու տայ թէ այս պատմութեան մէջ միայն Օրէնքը չէ որ դաժան է, միայն իշխանութիւնները չեն որ անողոք են: Ո՞ւր էին արդեօք այդ աղջկան շուրջ՝ ընտանիքը, հարեւանները, ընկեր-ընկերուհիները, քաղաքացիական շրջանակը, հոգածութեան առաքելութեամբ բազմաթիւ ոչ-կառավարական միութիւններն ու կազմակերպութիւնները… Ո՞ւր էին անոնք բոլորը, երբ լքումն ու յուսահատութիւնը այդ աղջնակը կը տանէին դէպի անդունդ…

        Հարկաւոր է որ ամէն մարդ ստանձնէ իր պատասխանատվութիւնը: Եւ ոչ միայն այդ պարագային:

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ինձ թվում է, այն որ տուժողը Իրանի քաղաքացի է, relevant է, այն, որ նա ադրբեջանցի էր, relevant չէ։

          • Հ.Շ. says:

            Արամ ջան, որ Արցախի ազատամարտիկ մը, բազմաթիւ տարիների չափազանց վայրագ, յատկապէս «կեղտոտ» պատերազմէ մը քիչ ժամանակ ետք, բրտութեան արարք է գործում ադրբեջանցիի մը նկատմամբ, relevant չի՞…

            զուտ օրինական տեսանկիւնից իսկ, հիմնական նկատողութիւն է, որպէս մեղմացուցիչ պարագայ, կամ մինչեւ իսկ քրէական անպարտութեան հիմունք

            PTSD-ի մասին լսա՞ծ են, մեր դատաւորները…

            գրգռում կա՞ր տուժողի կողմէ

            եւ այլն.

            (իսկ Իրանի միջամտութեան տուեալը ցոյց է տալիս թէ ինչ էր, գոնէ այդ օրերին, այդ երկրի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, Արցախի հիմնախնդրի առընչութեամբ – ուրեմն, այս տեսանկիւնից եւս կարեւոր է տուժողի ազգութեան տուեալը -, մինչ այսօր տիրող տպաւորութիւնը այն է թէ մեզի հանդէպ բարիացակամ հարեւան է ան…)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031