Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Սպարապետի գերեզմանը մամռակալած է եւ անգամ ցանկապատ չունի

Հոկտեմբեր 24,2015 13:30

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Ճոճվող կամուրջը, քարանձավային բնակավայրերը անկրկնելի ու նմանը չունեցող զբոսաշրջային ուղղություններ են, որը ե՛ւ տեղացիներն են վայելում, ե՛ւ օտարերկրյա հյուրերին ենք զարմացնում:
Զբոսաշրջային այդ ուղղության վրա է գտնվում մոռացված ու ավերված մի գերեզմանատուն, որտեղ թաղված է Մխիթար Սպարապետը: Այո, խոսքը մեծ Սպարապետի՝ Մխիթարի տարիներ ի վեր անմխիթար գերեզմանի մասին է, անկասկած բոլորն էլ լսել են՝ գիտեն նրա մասին, գիրքն են կարդացել կամ ֆիլմը դիտել: Քչերին է հայտնի, որ սպարապետի գերեզմանը գտնվում է Հին Խնձորեսկ գյուղի Անապատի եկեղեցու բակում: Այս պանթեոնում են թաղված նաեւ սպարապետի զինակից ընկեր Մելիք Բարխուդարը, նրա դուստր Գոհարը: Շատ հայտնի հերոսների անուններ էլ կթվարկեի, բայց պատճառը «հայտնի» գերեզմանատան անտեր վիճակի պատճառով վնասված ու մաշված, մամռակալած գերեզմանաքարերի վրայի գրությունների անընթեռնելիությունն է: Այս սրբատեղին հիմա հարակից գյուղերի անասունների արոտավայրն է: Ժամանակի հոյակերտ Մեծ Անապատի եկեղեցական համալիրից եկեղեցու ավերակներն են միայն, հետեւում՝ դպրոցինը, եկեղեցին էլ է մոռացված, 120-ից ավելի հայտնի հերոսների գերեզմաններն էլ:

Mxitar_Sparapeti-gerezman

Այս պանթեոնը, որ իր մեջ ընդգրկում է մի ողջ պատմություն, վավերագրի տեսքով՝ չուսումնասիրված է: Դեպի պանթեոն տանող միակ ճանապարհն էլ, մեղմ ասած, բարեկարգ չէ, զառիվայր ճանապարհ է մեկ հոգու համար, եւ պանթեոն այցելել ցանկացողը շատ հեշտ կարող է գլորվել հարակից ձորակը, քանի որ անվտանգության որեւէ պատնեշ գոյություն չունի:

Ըստ պատմաբանների՝ Մխիթար Սպարապետը XVIII դարի 20-ական թվականների հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից է, Դավիթ-Բեկի մերձավոր զինակիցը։ Դավիթ-Բեկի եւ Մխիթար Սպարապետի ղեկավարած շարժման կարեւորագույն ձեռքբերումը այն էր, որ գրեթե չորս հարյուր տարի տեւած ամուլ շրջանից հետո հայությունը միայնակ ոտքի ելավ ու ոչ միայն հերոսական ինքնապաշտպանություն կազմակերպեց, այլեւ հակահարված տալով ոսոխին՝ գրեթե ոչնչից ստեղծեց հայկական պետություն:

Mxitar_Sparapeti-gerezman-3

Տարավ տասնյակ փայլուն հաղթանակներ, ամենահիշարժանը Հալիձորի պաշտպանական մարտերն էին, հետո Խնձորեսկում դավադրաբար սպանվեց տեղի բնակիչների զինակիցների կողմից: Սակայն նպատակս այնքան հայտնի պատմությունը մեկ անգամ եւս պատմելը չէ, որքան այս պանթեոնի անմխիթար վիճակը ներկայացնելը: Էկոնոմիկայի նախարարությունը՝ որպես տուրիզմի պատասխանատու, հուշարձանների պահապան մշակույթի նախարարությունը եւ այլ պատասխանատու կառույցներ մոռացության են մատնել այս պանթեոնը:

Այս կարեւոր հուշարձանի մասին նույնիսկ չէինք էլ իմանա, եթե 4 տարի առաջ Հին Խնձորեսկի մի քանի բնակիչներ՝ Ժորա Ալեքսանյանը, Սեւադա Շահնազարյանը եւ այլք իրենց նախնիների բնակավայրը շենացնելու գաղափարի շուրջ չհամախմբվեին:
Պարոն Ալեքսանյանն իր միջոցներով՝ առանց բիզնես նպատակ հետապնդելու, կառուցել է տուրիստական այդ ուղղությունը, որպեսզի գյուղն ու հերոսները անհայտության մեջ չկորչեն: Քչից շատից վերականգնել են Հին եկեղեցին, Սպարապետի գերեզման ուղեկցող ճանապարհն էլ ձեռքով են փորել, մաքրվել ու վերականգնվել են մի քանի ժայռափոր տներ: Սեւադա Շահնազարյանն էլ հսկում էր Ճոճվող կամրջի անվտանգությունը, պատմում նորաբաց թանգարան ժայռափոր բնակատեղիների առանձնահատկությունների մասին, ասում, որ «հարձակման ենթարկվելու վտանգը խնձորեսկցիներին ստիպել է որպես կացարան հարմարեցնել քարանձավները, որոնք փորված էին ժայռի մեջ, գետնից 20-30 մ բարձրության վրա»: Նա է հետաքրքրվածներին ուղղորդում դեպի Սպարապետի գերեզման:

Բայց այս մարդկանց ուժերն ու ներդրումը քիչ են՝ առանց պետական հոգածության պահպանելու այս տարածքի պատմական ու մշակութային արժեքները: Եվ ամենաուշագրավն այն է, որ ամեն առիթով կառավարության պատասխանատուները նշում են, որ զբոսաշրջության զարգացումը մեր երկրի համար ռազմավարական ծրագիր է: Տեղացիները համոզված են, որ մշակութային այդ արժեքները պահելով՝ ե՛ւ պատմությունը կպահպանեն, ե՛ւ շրջակա գյուղերը աշխատանքով կապահովեն:
Պատմական գերեզմաններն անգամ ցանկապատ չունեն:

ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Առաջարկում եմ ստեղծել հիմնադրամ եվ բացել հաշվեհամար,մեծ ցանկությամբ կմասնակցեմ;

  2. Նվեր Գասպարյան says:

    Ես էլ կմասնակցեմ, և համոզված եմ՝ շատերը

  3. Հին Խնձորեսկի վերականգնման և զարգացման հիմնադրամ says:

    Կա այդպիսի հիմնադրամ: Ստորև ներկայացնում ենք հիմնադրամի տվյալները:
    ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
    ՀՀ 1510025957500100 AMD
    1510025957500101 USD
    Հիմնադիր-նախագահ Ժորա Ալեքսանյան
    ք.Գորիս, Մաշտոցի 169, հեռ.՝ +374 93 11 77 55, 96 11 77 55

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031