Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիցյանը քննիչի մոտ առերեսման է ներկայացել զենքով»

Հոկտեմբեր 24,2015 13:00

Ասում է Ինեսսա Պետրոսյանը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այս տարվա հունիսի 30-ին բավարարել էր վաշխառուների դեմ գործունեություն ծավալած «Վելես» հասարակական իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Պարույր Աղաբաբյանի որոշման դեմ: Հիշեցենք, որ քննիչը կարճել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը, դադարեցրել էր քրեական հետապնդումը: Դատարանը պարտավորեցրել էր այս նույն քննիչին վերականգնել Մարինա Պողոսյանի խախտված իրավունքները:

Սակայն քննիչը դատարանի որոշումը ստանալով՝ ժամանակին չի ներկայացրել դատախազին, գործողություններ չի ձեռնարկել, եւ ըստ իրավապաշտպանի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանի. «Ստացել, տեսել է եւ չի վերսկսել գործի քննությունը»: Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Մարինա Պողոսյանը եւ նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանը ներկայացրեցին իրենց առարկություններն ու բացատրությունները: Նրանք գտնում էին, որ առաջին ատյանի որոշումը ենթակա չէ բեկանման, օրինական է եւ հիմնավորված, իսկ դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն էլ միանշանակ պետք է մերժվի: «Հարգելի դատարան, քանի որ ես անցյալ դատական նիստն ավարտվելուց առաջ հայտարարություն արեցի, ուստի հիմնավորեմ այն: Այս մեջբերումները, որոնք կատարում եմ, քննիչի որոշումից են, որոնք վկայում են նրա կողմից հանցավոր անգործության կամ միտումնավոր կատարված հանցագործության մասին: Նախ, քննիչի, քաղաքացիական ավիացիայի նախկին վարչության պետ Հովհաննես Երիցյանի ներկայացուցիչ պարոն Մարգարյանի, վերահսկող դատախազ պարոն Նալբանդյանի բերած բողոքներում իրենք հաստատված են համարում, որ ես «միջնորդավորված» եմ իմացել:

Պարոն Երիցյանը նշել է, որ իբր ես ներկայացել եմ որպես տան առքուվաճառքով զբաղվող անձ, եւ իրենից վերցրել եմ հատակագծի պատճենը, գոնե այս փաստը չի կարող միջնորդավորված լինել: Որովհետեւ նա նշում է մի գործողություն, որը կատարվել է իբր իմ եւ իր մեջ: Այս դեպքում ո՞վ է միջնորդավորված եղել: Քննիչն ուշադրություն չի դարձրել, որ Երիցյանը սուտ է ասել, իբր ես հատակագիծը վերցրել եմ իրենից: Հետագայում, երբ քննիչը գնահատական է տալիս, իբր Երիցյանը միջնորդավորված է ասել, այդ դեպքում պետք է պարզել, քանի որ այս դրվագն ընդհանրապես չի քննվել, թե եթե երկուսով ենք եղել, ապա ով է միջնորդավորվածը»,-ասաց Մ. Պողոսյանը:

Թե Ինեսսա Պետրոսյանի, թե Մարինա Պողոսյանի գնահատմամբ, Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է արել, եւ չի ենթարկվել քրեական պատասխանատվության: Այս դեպքը, ըստ իրավապաշտպանի, կարող է դառնալ նախադեպ մանր ու մեծ չինովնիկների համար, որոնք նման մատնությամբ կարող են իրավապաշտպան գործունեություն ծավալող ցանկացած մեկի դեմ հանդես գալ:

Ինեսսա Պետրոսյանը հղում կատարեց կարճված քրեական գործով հանդես եկած վկաների ցուցմունքներին. «Մարինա Պողոսյանը ոչ սպառնացել է, ոչ բռնություն կիրառել, ոչ էլ կատարել է այլ գործողություններ, ինչի մասին ցուցմունք էր տվել Հովհաննես Երիցյանը: Նույն Հովհաննես Երիցյանն իր ցուցմունքներում անընդհատ մատնանշել է այն անձանց, որոնք առերեսվել են իր հետ, եւ իր մատնանշած ցուցմունքները հերքել: Դա Երիցյանի ուղղակի սուտ ասելու եւ Մարինա Պողոսյանի դեմ փորձելով ինչ-որ քրեական հետապնդումներ իրականացնելու շարժառիթն է եղել»: Ճանաչված փաստաբանն ուշադրություն դարձրեց «սուտ մատնություն» հանցակազմին: Ըստ նրա, տվյալ գործով, Երիցյանի կողմից նախաքննության մարմնին Մ. Պողոսյանի կողմից «հանցագործության մասին» հայտնելիս Երիցյանը գիտակցել է իր հայտնած տեղեկության սուտ լինելու մասին. «Նախաքննության ընթացքում թե վկաներ Վ.Գինոսյանը, թե Բ.Պողոսյանը ինչպես իրենց ցուցմունքներում, այնպես էլ առերես հարցաքննության ժամանակ հերքել են Երիցյանի կողմից ասված տեղեկությունները: Այսինքն, եթե վարույթ իրականացնող մարմինը գրում է, որ նա միջնորդավորված տեղեկություններ է հայտնել, դա սուտ է: Այդ անձինք հերքել են, թե տեղեկություն են տվել Երիցյանին»:

Նշենք, որ քննիչը իր որոշման մեջ նշել էր, թե Երիցյանը չի կարող ենթարկվել սուտ մատնության համար քրեական պատասխանատվության, որովհետեւ նրա ասած տեղեկությունները միջնորդավորված են եղել: «Ոչ, նա ակնհայտ գնացել եւ սուտ մատնություն է կատարել անձի դեմ»,- ասաց Ի. Պետրոսյանը: Իրավապաշտպանի ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ Երիցյանի ներկայացուցիչ պարոն Մարգարյանի բողոքին: Վերջինը նշել էր, որ բողոքն անհիմն էր, քանի որ դրա պահանջը քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշման վերացումը հանդիսանում է դատախազի բացառիկ լիազորությունը եւ դատարանն իրավասու չէ բավարարել նման պահանջը: Ի. Պետրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին ատյանի դատարանն արձանագրել է Մ. Պողոսյանի իրավունքի խախտումը: «Հետեւապես, բողոքաբերի այն փաստարկը, թե որոշումը վերացնելու բացառիկ իրավասությունը պատկանում է դատախազին, սույն գործի քննության հետ կապ չունի»,- ասաց Ի. Պետրոսյանը: Մ. Պողոսյանի ներկայացուցիչը նշեց, որ երբ Մարինա Պողոսյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ «Վելեսի» ծավալած գործունեության շրջանակներում Հովհաննես Երիցյանը որպես վաշխառու ակնհայտ սուտ մատնություն է կատարել վեցերորդ վարչությունում, մեղադրելով իրավապաշտպանին շորթում կատարելու մեջ: Քննչական կոմիտեում ստացվել է այդ հաղորդումը, բացատրություն է տվել Մ. Պողոսյանը հետաքննիչի մոտ, Մարաշի բաժանմունքում:

Պողոսյանին հաղորդվել է, որ իր հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ստացվել են: Սակայն որեւէ տեղեկատվություն չկա, թե Մարինա Պողոսյանի գործով որեւէ քննչական գործողություն հետագայում կատարվել է:

Նշվեց, մի շարք խախտումների մասին էլ: Ըստ Ի.Պետրոսյանի, Մ. Պողոսյանը պետք է ճանաչվեր տուժող:

«Հովհաննես Երիցյանն ինչ ուզել՝ արել է ողջ նախաքննության ընթացքում: Առերես հարցաքննությունը չի էլ փակվել, արձանագրությունը մնացել է անավարտ, Մ. Պողոսյանը բազմիցս նշել է, որ Երիցյանը եկել է հարցաքննության զենքով, զենքը դրել է սեղանին, եւ ըստ էության, ինքն է թելադրել հարցաքննության պայմանները: Եվ վարույթն իրականացնող մարմինը փոխանակ զեկուցագիր գրեր այդ կապակցությամբ, ուղղակի անավարտ է թողել այդ քննչական գործողությունը»,- ավարտելով իր խոսքը՝ ասաց Ի. Պետրոսյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031