Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային բեմի «ծագող աստղով» հիացած է Լյուբով Կազարնովսկայան

Հոկտեմբեր 24,2015 12:30

Հայաստանյան մշակութային դաշտում համարյա չօգտագործվող «ծագող աստղ» արտահայտությունը, թերեւս, դառը փորձի կամ շտապողականության արդյունք է։ Մինչդեռ, օրինակ, Արեւմուտքում փոքր-ինչ «անշտապ» են որակում այս արտահայտությունը, ինչը հիմնականում հաստատուն ընթացք է ապահովում այս կամ այն երիտասարդ արվեստագետի համար։

Վոկալ արվեստում իսկապես ծագող աստղ է սոպրանո Քրիստինե Սաֆարյանը։ Վերջերս երգչուհուն հանդիպեցինք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած համերգին, որտեղ նա Ա. Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի եւ գործընկերների՝ Գրետա Բաղիյանի ¥մեցցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանի ¥բարիտոն), Հայկ Տիգրանյանի ¥բաս) ընկերակցությամբ Երեւանում առաջին անգամ հնչեցրեց Գեորգի Սվիրիդովի «Պետերբուրգյան երգեր» վոկալ շարքը։ Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների՝ Քրիստինե Սաֆարյանը, ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ¥պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան), չորս տարի է, ինչ դասավանդում է Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում։ Մեկ հազվագյուտ տեղեկություն էլ ունեինք երգչուհու անվան հետ կապված. նա հոկտեմբերին Մոսկվայում մասնակցել է օպերային դիվա Լյուբով Կազարնովսկայայի հիմնած «Մշակույթի զանգեր» միջազգային մրցույթին՝ միանգամից ներկայանալով երկրորդ փուլում եւ շահել երկրորդ մրցանակը։ Ի դեպ, մոսկվաբնակ մեր հայրենակից Կարինա Ֆլորեսն (սոպրանո) էլ շահել է մրցույթի Գրան-պրին։

kRISTINE_sAFARYAN-2

Քրիստինե Սաֆարյանը Կարինա Ֆլորեսի հետ։

Մեզ հետ հանդիպման ժամանակ Քրիստինե Սաֆարյանն ասաց, որ Կազարնովսկայան Երեւանում անցկացված լսումների արդյունքում է իրեն հրավիրել մրցույթին։
Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ հայաստանցի 9 երգիչների թվում ամռանը մասնակցել է Ռիգայում անցկացվող կոմպոզիտոր, երաժշտական քննադատ Յազեպս Վիտոլսի անվան վոկալիստների 4-րդ միջազգային մրցույթին, որտեղ արժանացել էր հատուկ մրցանակի՝ Վիտոլսի ռոմանսների բարձրարվեստ կատարման համար։ Քրիստինե Սաֆարյանը նշեց իր կոլեգաներին, որոնք Լատվիայում հավուր պատշաճի են ներկայացրել հայկական վոկալ դպրոցը։ «Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանն (բաս) արժանացավ երրորդ մրցանակի, Տիգրան Օհանյանը (տենոր)՝ հատուկ մրցանակի, հիանալի ելույթ ունեցավ Տաթեւիկ Աշուրյանը (սոպրանո), մյուսները՝ նույնպես։ Պետք է նշեմ մեր կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանին, որին շնորհվեց «Լավագույն կոնցերտմայստերի» համար նախատեսված մրցանակը։ Անկասկած այս ամենում մեծ է հայաստանաբնակ ճանաչված ալտահար, պրոդյուսեր Մաքսիմ Նովիկովի դերը։ Եթե ոչ նա, ապա մենք՝ երգիչներս, իսկապես չէինք հայտնվի հեղինակավոր այդ մրցույթում»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Քրիստինե Սաֆարյանին մեր ունկնդիրը հավանաբար հիշում է 2014 թ. մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի անվան մրցույթից, որտեղ նա արժանացավ երկրորդ մրցանակին։
Գասպարյանական մրցույթից հետո մինչեւ Լատվիա մեկնելը միայն մանկավարժությա՞մբ է զբաղվել հարցին՝ Քրիստինե Սաֆրյանը նախ նշեց, թե հիշյալ մրցույթից հետո անմիջապես մեկնել է Կրասնոդար, մասնակցել «Օպերա՝ առանց սահմանների» երիտասարդ վոկալիստների մրցույթին՝ արժանանալով հատուկ մրցանակի, եւ նույն տարում էլ շահել արծաթե մեդալ «Դելփյան խաղերում»։ Իսկ թե երբեւէ կտեսնենք նրան Երեւանի օպերային թատրոնում, երգչուհին ասաց, որ իր երազած դերերգերից են Վիոլետան ¥Վերդիի «Տրավիատա»), Միքայելան ¥Բիզեի «Կարմեն») եւ այլն. «Իսկապես երազանքս է մի օր հայտնվել մեր օպերային թատրոնի բեմում»։

Հավատացած ենք, որ սոպրանո Քրիստինե Սաֆարյանի շուրջ երկու տարվա վերոնշյալ հաջողությունները մեզ թույլ են տալիս նրան անվանելու ծագող աստղ։ Դիտարկմանը՝ ավելի շուտ կամ ավելի «կարճ ճանապարհով» կհասնես բարձունքներ, եթե ունենաս պրոդյուսեր, Քրիստինեն բարձրաձայնեց, թե իր պրոդյուսերը հենց Մաքսիմ Նովիկովն է ու առանց մանրամասնելու հավելեց. «2016 թ. գարնանը, բնականաբար, պրոդյուսերիս շնորհիվ Մոսկվայում կմասնակցեմ Լյուբով Կազարնովսկայայի նախաձեռնած հայ-ռուսական նախագծին»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031