Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննող հոգիներ

Հոկտեմբեր 24,2015 15:00
merujan Ter-Gulanyan

Ես գիտեմ, որ անհույս է երախտագիտություն ակնկալել արածներիդ համար, քանի որ հայտնի է` ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում, քանի դեռ ապրում ես:
Եվ կարեւոր չէ, թե ինչ եւ ինչքան ես օգնել քո շրջապատի մարդկանց, ինչ նվիրումով ես բացել սիրտդ եւ ինչ ես զոհաբերել, միեւնույն է՝ միշտ հայտնվում են վերաքննողները` մաղձի փրփուրը աչքերի անկյուններում թաքցրած:

Եվ, որպես կանոն, նրանք քեզ նայում-լսում են չափազանց ուշադիր, ինչքան ուշադիր կարող է լինել հավատարմությունն ինքը, բայց իրենց չկայացած ցանկությունների թաքցրած դեղին փրփուրը մի պահ դուրս է լողում նրանց աչքերից, եւ դու միամտաբար մտածում ես, որ նա հիվանդ է, եւ դարձյալ ուզում ես օգտակար լինել, այնինչ` դա չկայացած մարդու շողոմ ժպիտի հետեւում թաքնված ատելությունն է քո հանդեպ, որ դու կարողացար, ինքը` չկարողացավ:

Եվ նրանք` այդ մարդիկ, այդ վերաքննող հոգիները, որոնցով շրջապատված ենք մենք եւ կամա թե ակամա առնչվում ենք ամեն օր, երազում են բնական մահով մեռնել` չփորձելով քսվել որեւէ սխրանքի, քանի որ լինելով անկարող` ատում են սխրանքը:
Չի կարելի ասել, թե ես խորշում եմ նրանցից, նրանք մեր կյանքի մի մասն են` թաքուն դավադրության կնիքը վրան: Եվ հաճախ հայտնվելով բաց, ազատ սեղանների շուրջ կամ դահլիճներում՝ նրանք, միեւնույն է, քեզ հետեւում են անկյունից` սարդի նման թաքուն…
Եվ երբ նրանց՝ քեզ նայող հայացքի խորքից լողալով աննկատ դուրս է գալիս մաղձի փրփուրը եւ հիվանդ դեղնությամբ փառակալում աչքերը, ուզում ես գոռալ` ջո՛ւր, ջո՛ւր տվեք, աստվածների ահեղ զենքը, որ մաքրագործում է խաթար հոգիները:
Եվ ո՞վ, ո՞վ է, որ պիտի հեղի ամեն ինչ մաքրող-սրբագործող այդ կենդանի ջուրը, որ մեր ցեղի հազարամյակների խորքերում կարծրացած թունավոր ժանգը մաքրի մեր միջից, Սեր հաստատի իրար հանդեպ, Սեր` մեր երկրի, մեր հավատի հանդեպ, պարզի, հստակեցնի աչքերը մեր, որ իրար նայելիս շողշողան մոտ եւ հեռու համաստեղությունների նման…
Չէ, ջո՛ւր, ջո՛ւր է պետք մեր ներսի վերաքննող հոգիներին, ովքեր թերեւս սեփական անհաջողություններից մոլորված են, բայց միեւնույն է՝ մերն են, մեր մոլորյալներն են նրանք, սակայն:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031